«Ես դեռ այդքան վստահ չեմ` մինչեւ դատարան ինչ-որ քայլեր կանե՞նք, թե՞ ոչ: Նյութերին կծանոթանամ, հետո կորոշենք»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը:
Հիշեցնենք, նախորդ տարվա նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ի կողմից Նորք Մարաշում վնասազերծված խմբի պարագլուխ ներկայացվող Արթուր Վարդանյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ պետական իշխանությունը յուրացնելուն նախապատրաստվելու հոդվածով:
Այս գործի շրջանակներում թվով 20 հոգու նույն մեղադրանքն է առաջադրվել: Խստացվել է նաեւ Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի մեղադրանքը: Վահան Շիրխանյանը մեղադրանքը համարել է «թատերական բեմադրություն» եւ հայտարարել, որ «իրական հանցագործները նրանք են, ովքեր մեղադրանքները սարքում են»:
Հայկ Ալումյանը նախաքննության ավարտին մեղադրանքի խստացումը «ճիշտ ձեւ» չի համարում, բայց ասում է, որ իր պրակտիկայի ընթացքում հանդիպել է նման դեպքերի: Իր պաշտպանյալի նկատմամբ նման որոշման համար քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ է` հարցին, փաստաբանն ասաց` քաղաքականության մասնագետ չէ, քաղաքականությունից չի ցանկանում խոսել:
Կարդացեք նաև
Դիտարկմանն էլ, որ խոսակցություններ կան, թե նման խստացումները հատուկ են արվում, որպեսզի այդ մարդիկ չհայտնվեց անկախության 25-ամյակի առիթով նախատեսվող համաներման ցանկում, Հայկ Ալումյանը հակադարձեց. «Ես չեմ տեսնում համաներում կա՞: Կարծես թե` չկա: Համաներման մասին խոսակցությունները տասը տարի է լսում եմ»:
Հիշեցնենք, նախօրեին, կալանավայրում գտնվող ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանի շահերի պաշտպանն էլ Aravot.am-ին էր փոխանցել իր պաշտպանյալի բաց նամակը, որում տեղեկացվում էր Խաչիկ Ավետիսյանի մեղադրանքի խստացման մասին: Վերջինս էլ որոշել է Սերժ Սարգսյանին վերադարձնել նրա տված պարգեւները` թվով ութ մեդալ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ