Ինչպես հայտնի է, Գյումրու մանկավարժական ինստիտուտի նախկին ռեկտոր, ԲՀԿ ցուցակը գլխավորող Վարդևան Գրիգորյանի որդու՝ 25-ամյա Արշակի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110 և 235 հոդվածների առաջին մասի հատկանիշներով: Այն է՝ ինքնասպանության հասցնելը և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:
Շիրակի մարզի դատախազությունից հենց դեպքի օրը մեզ տեղեկացրել էին, որ դեպքի վայրը Գրիգորյանների նկուղն է, որտեղ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ և որ զենքի պատկանելությունը ճշտվում է։ Արշակը մահացել է մեկ հրազենային վնասվածքից։
Գրիգորյանների մերձավորները, նրանց շրջապատի մարդիկ չգիտեն, թե դա ի՞նչ զենք է, որտեղի՞ց հայտնվեց նկուղում, իսկ Aravot.am-ի աղբյուրների փոխանցմամբ, «Մակարով» տեսակի ատրճանակը գտնվում է հետախուզման մեջ, ընդ որում հետախուզվում է մեկ այլ պետության իրավապահ համակարգի կողմից։ Նշենք, որ այս տեղեկատվությունը մեզ է հասել առնվազն երկու աղբյուրից։ Մեր հարցին՝ մի՞թե այդ զենքով այլ հանցագործություն է կատարվել, որ հետախուզման մեջ է գտնվում, մեզ պատասխանեցին՝ դա կորած զենք է համարվել, որը հետախուզման մեջ էր։
Մենք այս տեղեկության հավաստիությունը փորձեցինք ճշտել Շիրակի մարզի դատախազի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Գաբրիելյանից։ Դատախազն ասաց․«Նման տեղեկություններ այս պահին չկա քրեական գործում, ես այս մասին առաջին անգամ լսում եմ ձեզանից»։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշվում է․ «Նախնական քննության տվյալներով՝ 1990թ. ծնված Արշակ Գրիգորյանը 2016թ. սեպտեմբերի 20-ին՝ ժամը 12:30-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, իրենց տան նկուղում ինքնասպանություն է գործել ապօրինի կերպով ձեռք բերված «Մակարով» տեսակի «ԼԱ 1948 Ր» գործարանային համարի ատրճանակից: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակը՝ լիցքավորված փամփուշտներով, 1 պարկուճ և 1 գնդակ»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ