Կառավարությունում կառուցվածքային փոփոխություններ սկսած նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը նախարարություններից հետո անցնելու է կառավարության առընթեր մարմիններին, որոնցից Քաղաքացիական ավիացիայի վարչության հարցն այսօր քննարկվեց կառավարության նիստում եւ նախատեսվեց այս վարչությունը տեղակայել տրանսպորտի եւ կապի նախարարության ենթակայությամբ:
Ըստ որոշ տեղեկությունների, ազգային անվտանգության ծառայությունն ու ոստիկանությունը միավորվելու են` ինչպես որ նախկինում էր:
Իսկ թե ով կղեկավարի այս կառույցը, դեռ լուրջ քննարկումներ են տեղի ունենում:
Հաստատվում են այն լուրերը, որոնց համաձայն Վիգեն Սարգսյանը, որը ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարն է, զբաղեցնելու է ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնը` փոխարինելով արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանին:
Նախկին նախագահի թիմից համարվող Արմեն Գեւորգյանն էլ կզբաղեցնի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: Ռոբերտ Քոչարյանի օրոք պարոն Գեւորգյանն այդ նույն պաշտոնին էր:
Կարդացեք նաև
Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանն էլ, չնայած հերքել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար գնալու լուրերը, եւ ասել, որ եթե առաջարկ լինի` կմերժի, սակայն, այնուամենայնիվ, այդ լուրերը հաստատվում են: Նա կփոխարինի Նիկոլայ Բորդյուժային:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ