Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմա էլ արդարանալու հերթը ՎԱԴԱ-ի՞նն է

Սեպտեմբեր 22,2016 21:08

 

Համաշխարհային հակադոպինգային կազմակերպության, հատկապես արեւմտյան մի շարք երկրների ազգային օլիմպիական կոմիտեների՝ հակադոպինգային կանոնները պարբերաբար խախտելու համար Ռուսաստանի դեմ սկսած ու արդեն երկար ամիսներ շարունակվող պայքարը, որի արդյունքում Ռուսաստանի մի շարք մարզիկներ եւ ամբողջական թիմեր զրկվեցին 31-րդ ամառային օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից, ինչպես երեւում է, հիմա հակառակ ընթացք է ստանում:

Օրերս Fancy Bears հաքերային կազմակերպությունը կոտրեց ՎԱԴԱ-ի ներքին օգտագործման համար նախատեսված գաղտնի փաստաթղթերը եւ հրապարակեց չորս ցուցակներ: Դրանցում առկա են համաշխարհային առաջին մեծության աստղերի անուններ, ինչը սկանդալային նոր պատմությունների պատճառ է դարձել: Պարզվում է՝ նրանք ինչ-ինչ հիվանդություններ բուժելու համար Համաշխարհային հակադոպինգային կազմակերպությունից արգելված նյութեր օգտագործելու թույլտվություն են ունեցել:

Դոպինգի դեմ պայքարը պետք է լինի կտրուկ ու կոշտ: Եվ եթե այս կամ այն մարզիկը բուժվելու նպատակով այնպիսի դեղ օգտագործելու թույլտվություն է ունեցել ՎԱԴԱ-ից, որը ինչ-որ քանակությամբ արգելված նյութ է պարունակել, կարելի է հասկանալ: Միայն թե, եթե նրանք օգտվելով առիթից՝ սահմանը չեն անցել: Բայց այս ֆոնի վրա միանգամայն անհասկանալի է հակառուսական տրամադրված այն անձանց ու կազմակերպությունների մարտական տրամադրությունը, որոնց թեթեւ ձեռքով պարալիմպիկ խաղերին Ռուսաստանի ամբողջ պատվիրակությանն արգելվեց մեկնել Ռիո դե Ժանեյրո: Չէ՞ որ նրանք առողջական խնդիրներ ունեն ամբողջ կյանքում, այլ ոչ թե Պարալիմպիկ խաղերի մեկնարկից մի քանի ամիս առաջ են հիվանդացել: Նրանք, ենթադրելի է, մշտապես դեղ են օգտագործում, որը նրանց համար անհրաժեշտություն է:

Ներկայումս հաքերների «ձեռք բերած» գաղտնի ցուցակների հրապարակումից հետո դերերը, կարծես, փոխվում են: Հիմա էլ Ռուսաստանն ու տուժած մյուս մարզիկները կոնկրետ հարցեր ունեն եւ սպասում են դրանց բացատրություններին: Մասնավորապես, «արտոնյալ» մարզիկների մեջ են ամերիկացի թենիսիստուհիներ Սերենա եւ Վենուս Ուիլյամս քույրերը,  մարմնամարզուհի Սիմոնա Բելզը, իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը, բասկետբոլիստուհի Ելենա Դելլե Դոննը եւ մի քանի տասնյակ մարզիկ-մարզուհիներ:

AP  գործակալությունը տեղեկացնում է, որ ԱՄՆ-ը երկրի հակադոպինգային գործակալության (USADA) ղեկավար Թրեիս Թայգարդի շուրթերով արդեն խոստովանել է, որ Ռիոյի օիմպիական խաղերին մասնակցած հավաքականի 588 մարզիկներից 15-ը ՎԱԴԱ-ի թույլտվությամբ արգելված նյութեր է օգտագործած եղել: Ճիշտ է, այդ մարզիկների անունները եւ օգտագործած նյութերի անունները չի հրապարակել:

Կանխելով հետագա մերկացումները՝ Մեծ Բրիտանիայի հակադոպինգային գործակալությունն (UKAD) էլ իր հերթին է հայտարարել, թե օլիմպիական խաղերի մասնակից իրենց 366 մասնակիցներից 53-ը թերապեւտիկ նպատակներով արգելված նյութեր օգտագործելու թույլտվություն է ունեցել:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

21.09.2016թ.

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930