Արցախյան այցելությունները միշտ մարդուն ավելի ուժեղ են դարձնում, ու վերստին գիտակցում ես, թե ինչ թանկ է անկախությունը
Արցախում զրուցեցինք տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ, յուրաքանչյուրն իր տեսանկյունից մեկնաբանեց, թե ինչ կլինի, եթե Արցախի անկախությունը միջազգայնորեն ճանաչվի:
Օրինակ՝ գյուղատնտես Արարատ Մորիկյանի համոզմամբ՝ այդ պարագայում Արցախի գյուղատնտեսական ոլորտը, որ այսօր ամենազարգացած ոլորտներից մեկն է, ավելի կամրապնդվի: Վկայակոչելով ԼՂՀ վիճակագրական ծառայության տվյալները` գյուղատնտեսը փաստեց, որ այս տարի աճ է գրանցվել այս ոլորտի տարբեր ենթաճյուղերում՝ հացահատիկային մշակաբույսերի աճեցում, պտղաբուծություն, անասնապահություն:
Կարդացեք նաև
Այսօր Արցախն արտահանում է իր գյուղատնտեսական արտադրանքը Հայաստանի Հանրապետության միջոցով, իսկ երբ ճանաչվի անկախությունը, արդեն Արցախը ինքնուրույն կկարողանա արտահանել գյուղմթերք: Գյուղատնտեսը հավելեց, որ միջազգային ճանաչման շնորհիվ դոնոր երկրների կողմից կկարողանան դրամաշնորհներ ստանալ: Արցախն իրավունք կունենա մաքսատան թղթերում իր անվան տակ արտահանելու եւ ներկրելու տարբեր տեսակի ապրանքներ:
ԼՂՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Տիգրան Առուստամյանը նշեց, որ անկախության ճանաչման դեպքում մեծ փոփոխություններ կսպասվեն գյուղատնտեսական ոլորտում: «Մենք արտադրելով էկոլոգիապես մաքուր արտադրանք` կկարողանանք այն արտահանել եւ ներկրել անմիջապես Արցախի սահմաններից»,- նշեց փոխնախարարը: Նա փաստեց, որ Արցախի հողը շատ բերրի է, առկա ականապատ տարածքների ականազերծման դեպքում ավելի շատ բերք կունենանք: Այս պահին ականազերծման աշխատանքները ակտիվորեն շարունակվում են:
Տնտեսագետ Աննա Հովհաննիսյանը նշեց, որ Արցախի տնտեսությունը եւս կզարգանա:
Նա առանձնացրեց հանքարդյունաբերությունը, թեթեւ եւ սննդարդյունաբերությունը, շեշտեց, որ զարգացման միտում ունի զբոսաշրջությունը, թեեւ ըստ ԼՂՀ վիճակագրական ծառայության տվյալների՝ այս տարի քառօրյա պատերազմի հետեւանքով զբոսաշրջությունը անկում է ապրել: Տնտեսագետի խոսքով՝ այժմ ԼՂՀ-ն տնտեսական կապեր ունի մոտ 20 երկրների հետ, անկախության ճանաչման դեպքում Արցախը կկարողանա առեւտրատնտեսական կապեր հաստատել այլ երկրների հետ: Տնտեսական ոլորտի զարգացումը ենթադրում է կապիտալ ներդրումներ միջազգային կազմակերպությունների կողմից, իսկ վերջիններս ենթադրում են երկրում ռիսկայնության ցածր մակարդակ, որը կլինի անկախության ճանաչման դեպքում:
Իրավաբան Սոնա Եսայանը փաստում է, որ Արցախի միջազգային ճանաչման դեպքում իրավական տեսանկյունից Արցախը հնարավորություն կունենա ներկայանալու միջազգային հարթակներում որպես ինքնիշխան պետություն, ինչը երկրին կայանալու ավելի լայն հնարավորություններ կտա: Իրավաբանի համոզմամբ՝ այդպիսով Արցախը, մասնավորապես, կկարողանա կնքել պայմանագրեր միջազգային կազմակերպությունների հետ, որոնք լայն գործունեություն են ծավալում ամենատարբեր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսական, ռազմական եւ որ ամենակարեւորն է՝ խթանում են պետությունների համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում:
ՆԵԼԼԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի
Ստեփանակերտ-Երեւան
«Առավոտ» օրաթերթ
21.09.2016թ.