Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ոչ հեղափոխական եմ, ոչ էլ ապստամբություն առաջնորդող»

Սեպտեմբեր 22,2016 21:00

 

Ասում է Հայ-ուկրաինական բարեկամության խորհրդի անդամ, «Հայաստանի եվրոպական ընտրություն» հասարակական-քաղաքական միավորման համահիմնադիր անդամ Թորոս Ալեքսանյանը:

– Այսօր Հայաստանի Անկախության հռչակման 25-րդ տարին է: Գիտեմ, որ երկար ժամանակ Հայաստանում չեք եղել, իսկ անկախության տարիներին Հայաստանում էիք:

– Անկախության տարիներին ուսանող էի, հետո 2 տարի ծառայել եմ ազգային բանակում, որից հետո գնացել եմ Ուկրաինա: Տասը տարի ապրել եմ Ուկրաինայում: Ուկրաինայից հետո գնացել եմ Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա, երեք տարի արտագնա աշխատանքի:

Մեկ տարի է՝ Հայաստանում եմ:

– Հիշո՞ւմ եք անկախության այս օրը, 25 տարի առաջ որտե՞ղ էիք:

– Ես մեր գյուղում էի՝ Մարտունու Գեղահովիտ գյուղում: Լավ հիշում եմ՝ երբ Արամ Մանուկյանը Գերագույն խորհրդում կարդաց Անկախության հռչակագիրը, բոլորս էլ ոգեւորված էինք: Գյուղերում երաժշտությունն էր թեւածում, ժողովուրդը՝ փողոցներում:

Հիշողություններս ոգեւորիչ էին. հոգեւոր վերելք ապրեցինք այդ տարիներին:

Բոլորս համոզված էինք, որ լավ պետություն ենք դառնալու, ազգային երազանքներն իրականություն են դառնալու, ցավոք, այսօր խորը հիասթափություն ենք ապրում: Ճիշտ է, մենք դե յուրե անկախ պետություն ենք, միջազգային իրավունքի սուբյեկտ ենք համարվում, բայց փաստացի մենք անկախ պետություն չենք:

– Երբ  Ուկրաինայում էիք, հայտնի է, որ մասնակցել եք նրանց հեղափոխությանն էլ:

– Ուկրաինայի 2004թ.-ի հեղափոխությանը, երբ Յուշչենկոն դարձավ նախագահ, նարնջագույնների հեղափոխությանը բավական ակտիվ էի, մասնակցել եմ, երկրորդ հեղափոխությանը չեմ մասնակցել:

Ընկերներ ունեի, որոնք տարված էին այն գաղափարներով, որ վերջապես պետք է վերջ դրվի սովետական անցյալին,  վերջ տրվի ավտորիտար ռեժիմին, եւ Ուկրաինան եվրոպական պետություն է, պետք է դառնա եվրոպական ժողովուրդների ընտանիքի  մի մասը:

Հիասթափություն ունեցա: Այն պրոպագանդան, որ տարվում է ռուսական հեռուստաալիքներով եւ կրկնվում մեր հեռուստատեսության կողմից, այնքան էլ այդպես չի: Մենք պիտի հասկանանք մի բան, որ մեծ դժվարություններով Ուկրաինան կինտեգրվի Եվրոպային:

– Իսկ Հայաստա՞նը:

– Հայաստանը բոլորովին այլ ճամբարում է, Հայաստանին թույլ չեն տա: Ամբողջ պրոբլեմն այն է, որ Ռուսաստանի շահերին հակասում է, որ Հայաստանը կայանա որպես պետություն, որ Հայաստանի տնտեսությունը զորանա, որ Հայաստանում  ժողովրդավարություն զարգանա, որ ձեւավորվի միջին խավ: Որովհետեւ Հայաստանը դուրս կգա Ռուսաստանի ազդեցությունից, ինչն այսօրվա ռուսական ղեկավարությունը շատ լավ հասկանում է:

Սին են բոլոր խոսակցությունները, թե նոր կառավարություն է ձեւավորվում, տեխնոկրատների կառավարություն կլինի, որն իսկապես կպայքարի կոռուպցիայի դեմ: Նման բան չի կարող լինել: Եթե համակարգային փոփոխություններ չկան, նման բան տեղի չի ունենա: Համակարգն իր դեմ դուրս չի գա: Ամենը դատարկ զավզակություններ են:

– Այսինքն՝ մի քանի օր առաջ ձեւավորված կառավարությունը դատարկ խոսակցությո՞ւն է:

– Եթե ես ասում եմ՝ համակարգային փոփոխություններ, նկատի չունեմ կառավարման ձեւի փոփոխությունը: Ամեն ինչ կախված է ժողովրդավարությունից: Իսկ ժողովրդավարությունը հասարակության կոնսոլիդացիան է հասարակության ամեն մի անհատի իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու շուրջ: Եթե հասարակությունը համախմբվում է այդ գաղափարի շուրջը եւ ընդունում է այդ գաղափարը, ուրեմն այդ հասարակությունը դառնում է ժողովրդավարական: Կան մի քանի մոդելներ. ես կողմնակից եմ եվրոպական մոդելին՝ ազատ եւ արդար ընտրությունների միջոցով իշխանություն ձեւավորելու մոդելին: Մենք, այնուամենայնիվ, եվրոպական ժողովուրդ ենք: Մենք եվրոպացիներ ենք: Պետք չէ ամաչել այդ բանից: Եվրոպական քաղաքակրթության հիմքում ընկած են նաեւ այն արժեքները, որոնք ստեղծել են մեր հեռավոր նախնիները:

Մենք ինտեգրված ենք եղել Եվրոպային նույնիսկ այն ժամանակ, երբ հայերս երկաթե վարագույրից այս կողմ էինք:

– Պարոն Ալեքսանյան, նորից վերադառնանք ուկրաինական հեղափոխական շրջան:

Մայդանից հետո է՞լ չեք հիասթափվել:

– Ես Մայդանի դեպքերի ժամանակ այնտեղ չէի, բայց հոգով ու սրտով այնտեղ էի: Ցավոք սրտի, Ուկրաինան այսօր նույնպես դոփում է տեղում, որովհետեւ Ուկրաինայի պրոբլեմը տեղի քրեաօլիգարխիկ խավն է, որն արդեն ձեւավորված եւ կայացած խավ է: Դրա համար Վրաստանի կամ Մոլդովայի նման պետությունները ավելի հեշտ են ինտեգրվելու համաեվրոպական կառույցներին,  քան Ուկրաինան: Բայց երբ պետությունը ընտրել է այդ ուղղությունը, եվրոպական ժողովրդավարության մամլիչի միջով այդ խավը վաղ թե ուշ ի չիք կդառնա: Ուկրաինան ոտքի կկանգնի: Դա կլինի վարակիչ Ռուսաստանի հասարակության համար էլ, որովհետեւ ռուսական եւ ուկրաինական հասարակությունները շատ ընդհանրություններ ունեն՝ մշակութային, լեզվական, Ուկրաինայի բնակչության կեսից ավելին էլ ռուսալեզու է:

Այսօր էլ շփվում եմ Ուկրաինայի իմ ընկերների հետ, կարող եմ ասել, որ այնտեղ ամենահակառուսական մասսան հենց ռուսալեզու մասսան է:

– Ինչպիսի՞ն էր հայկական համայնքը:

– Այնտեղ 300 հազարից ավելի հայություն կա: Հայկական համայնք: Միջին խավն է: Մեծ մասն անհատ ձեռներեցներ են, նոր սերունդը, կարող եմ ասել, լեզվական պրոբլեմներ չունի: Բայց այն պրոբլեմները, որոնք կան Ռուսաստանում, կան նաեւ այստեղ: Մեր հայրենակիցները՝ նոր սերունդը ուծացվում է, մոռացվում է լեզուն, կտրվում է արմատներից:

Ապրելով եւ Մոսկվայում, եւ Ուկրաինայում՝ կարող եմ ասել, որ սարերի տարբերություն կա: Հասարակության վերաբերմունքը հայերի նկատմամբ Ուկրաինայում շատ ավելի բարեհաճ է, իսկ Մոսկվայում խտրականություն կա:

– Զուգահեռ տանելով ուկրաինացիների հետ՝ Դուք հանդուրժողականությամբ եք ասում՝ նույն պրոբլեմները, որոնք մերն են՝ հիասթափությամբ: Ինչո՞ւ:

– Ընդհանրապես հայապահպանության խնդիրը լուծում է միայն Հայաստանի Հանրապետությունը: Մենք վաղ թե ուշ կորցնելու ենք Սփյուռքը: Հիմա արդեն արեւմտահայերենը մեռնող լեզուների ցանկում է: Մեծ եղեռնից հետո ձեւավորված Սփյուռքը այդ լեզվով չի խոսում, մարդիկ կմոռանան մի օր էլ, որ իրենց նախնիները հայեր են: Երկրորդ ալիքը, երբ Հայաստանի անկախության տարիներին դուրս եկան հազարավոր մարդիկ, նրանց սերունդներին էլ է սպառնում նույն ուծացումն ու մոռացումը: Ուկրաինայի հայ համայնքի օրինակով ասեմ՝ ես շատ դժգոհ եմ, որովհետեւ կազմակերպված չի: Պրոբլեմն այն է, որ մեր էլիտան, համայնքի ղեկավարներն այն մարդիկ են, ովքեր զարտուղի ճանապարհով դարձել են փողատեր, քրեական անցյալ ունեն: Պատկերացնո՞ւմ եք՝ եթե հայկական համայնքի մեջ հարց է առաջանում, հայ «օրենքով գողին» պետք է դիմես՝ հանցաշխարհին: Համայնքը դառնում է քրեական աշխարհի ստրուկտուրա:

– Պարոն Ալեքսանյան, Դուք ակտիվ գործունեություն եք ծավալում, հանդիպում քաղաքական որոշակի շրջանակների հետ: Ինչպիսի՞ն են հնարավորությունները, արդյոք տեսնո՞ւմ եք փոփոխությունների ունակ քաղաքական դեմքերի, ոչ թե հիասթափությունների բերողների:

– Մենք հետդարձի ճանապարհն անցել ենք: Ինքնուրույնաբար ազատագրել մեր երկիրը, իմ կարծիքով, ի վիճակի չենք: Մենք ինքնուրույն կանգնել, ապստամբել, հեղափոխություն անել՝ դատապարտված ենք, շանս չկա: Միակ փրկությունը կլինի աշխարհաքաղաքական որոշ խմորումների՝ Ռուսաստանում պուտինյան ռեժիմի տապալման արդյունքում: Իրականում ձեր իմացած կուսակցությունները՝ ՀԱԿ, «Ալյանս», «Քաղաքացիական պայմանագիր»,  դասական իմաստով կուսակցություններ չեն, ԿԳԲ-ի պրոյեկտներն են, որոնք աթոռակռիվ են տալիս, ժողովրդի շահերը ներկայացնողներ չեն: Իհարկե, քաղաքական դեմքերը վաղուց հնացել են, պետք է հեռանան, կամ լյուստրացիա պետք է տեղի ունենա:

– Կարո՞ղ եմ արձանագրել, որ այսօրվա քաղաքական էլիտան, Ձեր պատկերացմամբ, գործում է «իրադրության փոփոխությամբ»:

– Ես ոչ հեղափոխական եմ, ոչ էլ ապստամբություն առաջնորդող: Իմ առաքելությունը ժողովրդին նախապատրաստելն է կարծրատիպերի դեմ պայքարելուն, հավատում եմ, որ մոսկովյան ռեժիմը փլվելու է: Պատրաստ կլինե՞նք ունենալ անկախ պետություն, թե՞ ոչ: Չունեմ այլ հնարավորություններ, առայժմ սոցիալական ցանցերում եմ նման հարցերի մասին բարձրաձայնում: Քաղաքական էլիտան, եթե ոչ՝ բոլորը, ապա մեծամասնությունը ռուսական հատուկ ծառայությունների հետ համագործակցող մարդիկ են: Որքան էլ տարօրինակ է՝ քաղաքական վերնախավի շահերը հակասում են հայկական պետականության շահերին:

Մենք կմասնակցենք 2017թ. ընտրություններին: Մենք պետք է ստեղծենք այն մարդկանց խումբը, որոնք ապականված չեն եղել ռեժիմի հետ համագործակցելու տարիներին, ունեն առողջ գաղափարներ եւ աշխարհաքաղաքական պահը գալուն պես՝ կկարողանան իշխանությունը վերցնել իրենց ձեռքը:

Հարցազրույցը՝ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ

21.09.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930