Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարին կից հասարակական խորհրդի նիստը

Սեպտեմբեր 22,2016 20:30

Օրակարգի առաջին հարցը վերաբերում էր «Հայաստանի Հանրապետության  սփյուռքի նախարարության 2016 թվականի ծրագրերին՝ «Սփյուռքի երիտասարդ­ների «Արի տուն» հայրե­նա­ճանաչության ծրագրի, «Սփյուռք» ամառային դպրոցի, «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի կատարման արդյունքներին, որի մասին, զեկուցումով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարարության  աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը:

Անդրադառնալով «Արի տուն» ծրագրին՝ զեկուցողը նշեց, որ այն ապագային միտված ծրագիր է, յուրահատուկ ներդրում է Սփյուռքի երիտասարդության հայրե­նա­ճանաչության, հայադարձության առումով, որի արդյունքները առավել ամբողջական ի հայտ կգան 10-20 տարի անց: Ֆ. Զաքարյանը կարևորեց նաև Սփյուռք ամառային դպրոց ծրագիրը, որը հնարավորություն է տալիս Սփյուռքի մեր հայրենակիցներին ամռան ամիսներին Հայրենիքում հայերեն սովորել, մայրենի լեզվի, հայոց պատմության դասեր առնել, ինչպես նաև՝ երգ ու պարի ուսուցիչներին, լրագրողներին, առաջնորդներին, համայնքային գործի կազմակերպիչներին կատարելագործվել ու վարպետանալ: Զեկուցողը կարևորեց նաև «Իմ Հայաստան» փառատոնը, որին մասնակցում են սփյուռքյան երգչախմբեր, պարախմբեր, անհատ կատարողներ, ասմունքողներ, հայկական նվագարանների ու դուդուկի վարպետներ:

ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց «Հայերի վիճակն աշխարհում» զեկույցը, որտեղ անդրադարձ կատարվեց այնպիսի հրատապ հիմնախնդիրների, ինչպիսիք են՝ Հայկական սփյուռքը և տարածաշրջանային առանձնահատկությունների ազդեցությունը, հայ ինքնության պահպանման հետ կապված մարտահրավերները, Թուրքիայի հայ համայնքի, իսլամացված հայերի, սիրիահայերի խնդիրները, հայկական պատմամշակութային ժառանգության ներկա վիճակը և այլն։ Կարևորվեց Սփյուռքի կա­ռուցվածքային միավորումների, համահայկական, հոգևոր, մասնագիտական և տեղական կառույցների դերակատարությունը, սփյուռքյան լրատվամի­ջոց­նե­րի, լոբբիստական կառույցների, Հայրենիք-Սփյուռք առնչութ­յուն­նե­րի զարգացման, Հայրենիքում Սփյուռքի ներդրման հեռանկարները:

Ներկայացվեցին պետական քաղա­քա­կա­նության հիմնական սկզբունքներն ու ուղղությունները, նախանշվեցին անելիքները:

Իր զեկույցում ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատարը, մասնավորապես, նշեց. «Համաշխարհայնացմանը զուգահեռ՝ աշխարհը ընդունված է ասել, որ սփյուռքանում է: Ըստ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տվյալների` տարբեր երկրներ և հատկապես՝ Արևմուտք ներգաղթյալների և փախստականների թի­վը 2015թ. հասել է 244 մլն-ի, որը 71 միլիոնով ավել է համեմատած 2000թ. տվյալների հետ: Նման տեղաշարժերի պայմաններում կառուցվածքային լուրջ փոփոխություններ է կրում նաև Հայկական սփյուռքը, որն իր հազարավոր կազմակերպություններով և հայ եկեղեցու կառույցներով ջանում է լուծել հայապահպանության խնդիրները, նպաստել Հայաստանի և  ԼՂՀ-ի հետ արդյունավետ հարաբերությունների զարգացմանը:

Ինչպես նշել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը՝ «Մենք երկու գլխավոր արժեք ունենք՝ հայ ժողովուրդը և Հայաստանը: Դրանք պիտի վեր լինեն մեր բոլոր մյուս արժեքներից: Եվ մեր բոլոր քայլերը, որոշումներն ու վարքն ամբողջությամբ պիտի բխեն այս երկու արժեքներից»:

Զեկուցումից հետո հնչեցին հարցեր և առաջարկներ: Ամփոփելով հասարակական խորհրդի նիստը՝ Հրանուշ Հակոբյանը շեշտեց, որ անելիքներ շատ կան, Սփյուռքում հայապահպանությանը նպաստող առաջնահերթ խնդիրներից մեկն էլ հպարտ, հաղթող հայի կերպարի կերտումն է:

ՀՀ սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930