Սեպտեմբերի 18-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Նոյեմբերյան համայնքի ավագանու 15 տեղին հավակնում էր 33 թեկնածու:Նորընտիր ավագանու մեծամասնությունը երիտասարդներ են, ավագանու կազմում կին չկա: Ավագանու կազմում կին կարող է հայտնվել, եթե վիճակահանությունը բարեհաճ լինի ավագանու անդամի թեկնածու,«Մասիս Տոբակո» ՍՊԸ գործակալ, ՀՀԿ անդամ Էմմա Հակոբյանի նկատմամբ: Նա երկար տարիներ եղել է սահմանամերձ Ոսկեվան համայնքի ղեկավարը:
Է. Հակոբյանը եւ սահմանամերձ Ոսկեպար գյուղի բնակիչ, Նոյեմբերյանի անտառտնտեսության անտառապահ, անկուսակցական Ռոբերտ Մախսուդյանը ստացել են հավասար՝ 242 քվե: Նրանք սեպտեմբերի 23-ին վիճակահանութամբ կորոշեն, թե ով է դառնում Նոյեմբերյանի համայնքի ավագանու վերջին անդամը: Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից տեղեկացանք, որ երկու սպիտակ թղթերից մեկի վրա կգրվի՝ ընտրված է, մյուսի վրա՝ ընտրված չէ, թղթերը քառածալ կծալվեն, կդրվեն մի արկղի մեջ: Թեկնածուներից այբբենական կարգով առաջինը կմոտենա եւ կհանի թղթերից մեկը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ