«Կփորձեմ ամեն ինչ ճշտել, պարզել, ձեր օգնության կարիքն էլ կունենամ, եթե մի բան տեսնեք, խնդրում եմ ասեք»,-այսպես ասաց լրագրողների հետ ճեպազրույցում արդեն անվանափոխված տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության նորանշանակ ղեկավար Վահան Մարտիրոսյանը, երբ նրանից հետաքրքվեցին՝ տեղյա՞կ է ոլորտում առկա ատկատների մասին:
Պարոն Մարտիրոսյանը նշեց, որ շուտով կներկայացնի իր ծրագիրը:
Կադրային փոփոխություններ մասին էլ Վահան Մարտիրոսյանն ասաց, որ դրանք կանի այն դեպքում, եթե աշխատակիցները թերանան.«Եթե մարդիկ նորմալ աշխատում են, նորմալ պահանջներին բավարարում են, կադրային փոփոխություն չի լինի, եթե չեն բավարարում, իհարկե, կլինեն»:
Նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի ղեկավարումից հետո թե ինչ վիճակում է ոլորտը՝ նախարարը դժվարացավ ասել:
Կարդացեք նաև
Վարչապետ Կարեն Կարապետյանի հետ մտերիմ հարաբերությունների ունենալու վերաբերյալ տեղեկությունների մասին էլ Վահան Մարտիրոսյանն ասաց, որ վարչապետի հետ նորմալ հարաբերություններ ունի, շատ մտերիմ չեն:
Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին, թե ի՞նչ կապ ունի «Ռոստելեկոմ» ընկերության հետ, նախարարն ասաց, որ եղել է հիմանդիրներից մեկը, ապա այն վաճառել է «Ռոստելեկոմին».«Այն ժամանակ «GNC-Ալֆա» էր կոչվում ընկերությունը: Ես ուղղակի տնօրենների խորհրդի անդամ էի մնացել՝ ըստ իրենց հետ ունեցած պայմանագրի»:
Վահան Մարտիրոսյանը խոստացավ ոլորտին մանրամասն ծանոթանալուց հետո ներկայացնել խնդիրներն ու պատասխանել լրագրողների հարցերին:
Հյուսիս-հարավ ծրագրի եւ Իրանի հետ երկաթգծի կառուցման ծրագրի մասին նախարարն ասաց, որ կուսումնասիրի եւ դրանց մասին մանրամասն կտեղեկացնի:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ