«Հովիկ Աբրահամյանին միշտ պաշտպանել եմ, այսօր էլ եմ պաշտպանելու: Նա ընդունեց մի տնտեսություն…արտագաղթ, ընտանիքների բաժանում, ինքնասպանություններ…»,-այսօր «Հայելի» մամուլի ակումբում ասաց ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը:
Նա անդրադարձավ վարչապետի նորանշանակ գլխավոր խորհրդականին` Գագիկ Մարտիրոսյանին. «Հիմա էլ ընկել են Կարեն Կարապետյանի հետեւից, թե Գագիկ Մարտիրոսյանին բերեց…Բա որ նրան չբերեր` ո՞ւմ բերեր: Բերեր 25 տարեկան մեկին` կրթությամբ, բայց հնդուհավի ուղեղո՞վ: Նոր կադրի անուն տվեք: Գագիկը վատագույն տարիներին կարողացավ ոտքի կանգնեցնել ծանրագույն ոլորտներից մեկը` էներգոհամակարգը: Թե ինչպե՜ս էր նա Շևարդնաձեի հետ վարել 4 ժամանոց բանակցություններ, երբ «գորշ գայլերն» անընդհատ պայթեցնում էին մեր գազամուղը…»: Լրագրողի նկատառմանը, թե Մարտիրոսյանի անվան հետ կոռուպցիոն սկանդալ են կապում, Գուրգեն Եղիազարյանը հակադարձեց` պահանջելով հստակ խոսել:
Եղիազարյանը հավելեց, որ ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին ճանաչում է ավելի քան 20 տարի. «Նա Աստծո կողմից օժտված մարդ է, լավ կրթություն ստացած, տեսքն էլ` տեղը: Պետք է թողենք, որ աշխատի: Նա վարդագույն Երեւանին բերեց իր գույնը: Դալանները մաքրելը սկսվեց նրա օրոք: Իսկ նոր նախարարների մասով մամուլը չի կարող ասել, թե ով ինչ բիզնես է ղեկավարում եւ ինչպես է երկիրը թալանելու…»:
ԱԱԾ պետի նախկին տեղակալը կարծում է, որ թեեւ անկախ Հայաստանը 25 տարեկան է, սակայն ոչնչի չենք հասել. «Դոփում ենք տեղում: Մեր հայրենակիցները ճողոպրում են` սովից են փախնում` ուտելու հաց չունեն: Ինչքան լափել եք` բերաններդ սրբեք, ժողովուրդը փախնում է, արդեն միլիոնատեր եք` գնացեք, բավական է»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ