Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան բերվեց ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր-Սահակյանը:
Նրան տեսնելուն պես նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հարցրեց՝ հացադուլից դո՞ւրս է եկել, թե՞ ոչ, քանի որ ուրբաթ օրը, լինելով դատապարտյալի մոտ, հորդորել էր դուրս գալ հացադուլից: Դատավորը երբ իմացավ, որ Տեր-Սահակյանը միայն այսօր՝ նիստի հետ կապված դադարեցրել է հացադուլը եւ դեռ շարունակելու է, ասաց. «Իմ համար պրոբլեմ չկա, ուզում ես՝ հացադուլը շարունակի, ոտքդ կտրի: Մեղք եք, ձեր առողջության համար եմ մտածում»: Տեր-Սահակյանն ի պատասխան ասաց՝ «Փաստորեն կա մի մարմին, որ մեր մասի՞ն է մտածում: Պետությունը մոռացել է ցմահն ինչ է, վաղաժամկետը որն է»: Դատավորն ասաց՝ «Դատարանը միակ տեղն է, որ ձեր մասին մտածում է»:
Դատարան էր ներկայացել նաեւ դատախազ Հարությունյանը, «Նուբարաշեն» քրեակատարողականի ներկայացուցիչ Ա. Պետրոսյանը: Հանրային պաշտպանի գրասենյակից լիազորել էին Էմիլ Բեգլարյանին, որպեսզի ստանձնի ցմահ ազատազրկվածի շահերի պաշտպանությունը: Սակայն դատավորի հարցին՝ ծանո՞թ եք Տեր-Սահակյանի բողոքին, պաշտպանն ասաց, որ ծանոթ չէ եւ միջնորդեց նիստը հետաձգել:
Դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 29-ին:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Արմեն Տեր-Սահակյանը դատապարտվել է նախկին ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանի գործի շրջանակներում:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ