Ըստ վարչապետի՝ շինարարության կարիք չկա
Ինչպես արդեն տեղեկացրել ենք , այսօր կառավարության նիստին որոշում կայացվեց կառավարության կազմում կառուցվածքային փոփոխություններ կատարեու վերաբերյալ. մի շարք նախարարություններ վերանվանվեցին, քաղաքաշինության նախարարությունը կոմիտե դարձավ:
Վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց, որ քանի դեռ չի ներկայացվել կառավարության ծրագիրը, կառուցվածքային այս փոփոխությունը կրիտիկական չէ, որովհետեւ, չունենալով նպատակ, դժվար է որոշել, թե ինչ կառուցվածքով ես հասնում այդ նպատակին:
Էկոնոմիկայի նախարարությունը վերանվանվեց ներդրումների եւ ձեռնարկատիրության աջակցության նախարարություն: Արծվիկ Մինասյանն այս առնչությամբ փոքր ինչ նեղսրտած ասաց, որ ինքն այնքան էլ գոհ չէ, որ էկոնոմիկա բառը հանում են նախարարության անվանումից: Վարչապետն էլ նկատեց՝ «Էկոնոմոկիայի նախարարության անվանափոխության դեպքում էկոնոմիկան չի վերանում, բայց ներդրողին ազդակ ենք տալիս, որ սա այն օղակն է, որ գործարարի ձեռքը բռնած անցնելու է, որ խոչըդնոտ չստեղծեն: Իսկ գործարարին աջակցելու համար ռեալ պետք է ունենալ էկոնոմիկա: Էկոնոմիկա բառը փոխելով չի նշանակում էկոնոմիկան հանել, այլ շեշտադրումն է փոխվում. գործարարը, որ ուզում է մեր երկրում մի բան անի, իմանա, որ հասցե ունի»:
Կարդացեք նաև
Բացի այս, վարչապետը նաեւ դժգհություն հայտնեց զբոսաշրջության ոլորտից, նկատելով, որ մեր հարեւան երկիրը բավականին առաջ է մեզանից, մինչդեռ Հայաստանն էլ բավականին մեծ հնարավորություններ ունի զբոսաշրջային ոլորտը զարգացնելու: Կարեն Կարապետյանի ներկայացմամբ՝ մտադրություն կա նաեւ զբոսաշրջության վարչությունը կոմիտե դարձնել.«Հետագայում էկոնոմիկայի նախարարությունից առանձնացնում ենք նաեւ տուրիզմը, ստեղծում կոմիտե, որտեղ կոնկրետ մարդ է լինելու, որ պատասխան տա, այս տարի այսքան տուրիստ ես բերում, մյուս տարի` այսքան: Հարեւան երկրին զիջել ենք, անհամեմատելի են թվերը, բայց չեմ կարծում, որ զբոսաշրջիկին գրավելու մեր հնարավորություններն ավելի քիչ են: Զբոսաշրջութան կոմիտեն 1,5 տարի էլ աշխատի, կհասկանանք իրադրությունը»:
Վարչապետի խոսքերով` ջրային ռեսուրսների կոմիտեն պետք է տեղափոխել էնեգետիկ համակարգ` որպես ծառայություն մատուցող բիզնես, որը կարիք ունի սինխրոնիզացիայի, որովհետեւ այսօր գազի եւ էլեկտրաէներգիայի վաճառքի բիզնեսի մեջ գործառույթներն ավելի լավն են, քան ջրի: «Վիոլայի» հետ բանակցում են, եւ ըստ վարչապետի, ՋԸՕ-երի հարցում կան բազմաթիվ խնդիրներ: Վարչապետը հանձնարարություն տվեց արդեն վերանվանված էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների գերատեսչության ղեկավարին. «Մենք գյուղացուն չպետք է նեղացնենք ոչ անտրամաբանական բիզնես կազմակերպելով, որովհետեւ դա բերում է անտրամաբանական ծախսերի»:
Եւս մեկ անվանափոխված նախարարության ղեկավարին՝ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին, դիմելով վարչապետն ասաց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը սպեցիֆիկ է, կապի հետ մոտ է, իսկ նոր ղեկավարը բավականին «այդ թեմայի մեջ է», եւ ճիշտ կլինի, որ ինքն էլ կառավարի.«Տրամաբանական է, որ ավիացիան էլ տեղափոխենք այդ նախարարության տակ, որ մի նորմալ կորիզ ստեղծենք»:
Մշակույթի եւ ճարտարապետության պահպանման կոմիտեի ստեղծման առնչությամբ էլ վարչապետն ասաց.«Մենք չենք համարել կիրիտիկական, անհրաժեշտ, ինքնապատակ այսօրվա կառուցվածքը փոփոխելու, մենք այդ հարցին կանդրադառնանք, եթե անհրաժեշտություն լինի ծրագիր ներկայացնելուց հետո, եթե դրա կարիքը լինի»:
Քաղաքաշինության նախարարությունը կվերածվի ճարտարապետության կոմիտեի, եւ ինչպես նշեց վարչապետը, շինարարության կարիք չկա, շինարարությունն այսօր անում է մասնավորը, կառավարությունը պատվիրատու է:
ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանն էլ հիշեցրեց, որ Սահմանադրության լիարժեք գործարկումից` 2018թ-ից հետո, կոմիտեներ եւ կառավարությանն առընթեր մարմիններ չենք ունենալու:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ