«Հերոս Արա, հերոսներ»,- վանկարկումներով ու սուլոցներով «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Հակոբյանի ու Արայիկ Խանդոյանի՝ «Միայնակ գայլ»-ի համակիրներն ու հարազատներն այսօր բողոքի ակցիայի ընթացքում դատարանի շենքի հետնամասի պատերի վրա էին բարձրացել, որ տեսնեին նրանց:
Հիշեցնենք, որ Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր քննում է Արայիկ Խանդոյանի եւ Արամ Հակոբյանի՝ կալանքը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ վարույթ իրականացնող մարմնի ներկայացրած միջնորդությունը; Իսկ դատարանի շենքի դիմաց Խանդոյանի ու Հակոբյանի մտերիմներն ու հարազատները բողոքի ակցիա էին անում՝ դատարանից պահանջելով արդար որոշում ընդունել:
Դատարանի շենքի պատերի վրա բարձրացած աղջիկներին հավաքված ցուցարարները հարց ու փորձ էին անում՝ ինչ են տեսնում պատերից այն կողմ:
Նրանք էլ փոխանցեցին, որ Արայիկ Խանդոյանը նստած է աթոռին ու բոլորին բարեւում է, համբուրում, ձեռքով է անում: Խանդոյանի ողջույնը ոգեւորեց նրան սատարողներին, ու հավաքվածներն ավելի բարձր սկսեցին վանկարկել՝ «հերոս տղաներ», հետո՝ «Մահ՝ ռեժիմին, ազատություն՝ մեր տղաներին»:
Կարդացեք նաև
Ավելի ուշ ոստիկանները մոտեցան պատերի վրա բարձրացածներին ու հորդորեցին ցած իջնել: Ցուցարարներն էլ ընդդիմացան՝ բռնեք տարեք, ինչ եք ուզում, ու անմիջապես դրանից հետո երգ, երաժշտություն միացրին հենց դատարանի շենքի դիմաց:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ