Լրահոս
Օրվա լրահոսը

Առանց տեսլականի ի՞նչ զարգացում

Սեպտեմբեր 22,2016 19:00

«Հայը պատմական հայրենիքը գերադասում է իրական հայրենիքից: Գերադասում է, քանզի պատմական հայրենիքը խնամք չի պահանջում: Այդ հայրենիքը տուրք չի պահանջում, քրտինք չի պահանջում, պաշտպանության կարիք չունի: Եվ այդ հայրենիքի հմայքն այն է, որ այնտեղ ապրելը պարտադիր չէ: Եվ հարյուրամյակներ շարունակ մենք մեր հայրենիքը մաս-մաս դարձնում ենք պատմական հայրենիք ու կապվում հավաքական, չպարտավորեցնող, սրտագին սիրով: Հայը հավաքական գոյությունից վեր է դասում հավաքական սերը առ ոչինչ»: Վանո Սիրադեղյան

Տոնեցինք Հայաստանի անկախության 25-ամյակը: Շքեղ զորահանդեսը Հանրապետության հրապարակում, անշուշտ, տպավորիչ էր, իսկ դրա նախապատրաստական աշխատանքների, փորձերի առիթով մայրաքաղաքում որոշ անհարմարություններից քաղաքացիների նվնվոցները միանգամայն անտեղի էին:

Աշխարհի ցանկացած քաղաքակիրթ երկրում թեկուզ մեկ-երկու ամիս էլ ընթանային տոնական միջոցառումների փորձերը, մայրաքաղաքներում սահմանափակումներ մտցվեին` այդ երկրի քաղաքացիները դրա մեջ դրական բան, վստահաբար, կգտնեին, կհպարտանային իրենց պետության համար կարեւոր միջոցառումը շուքով տոնելու հանգամանքով: Իսկ մեզ մոտ չպատճառաբանված պաթոս ու անիմաստ ճառեր են այն դեպքերում, երբ դրա կարիքը բացարձակապես չկա, մինչդեռ, երբ կա իրական առիթ, որով իսկապես պետք է հպարտանալ, մենք մշտապես «ձվի մեջ մազ ենք փնտրում»:

ՀՀԿ-ական պատգամավորներից Մկրտիչ Մինասյանն էր, որ Կարեն Կարապետյանի տեղափոխությունը «Գազպրոմից» Հայաստան արդարացված համարելով` հույս հայտնեց, որ «Հայաստանը կդառնա Սինգապուրի նման մի բան»: Սա առիթ հանդիսացավ, որ մի քանի օր շարունակ սոցիալական ցանցերում, ԶԼՄ-ներում քննարկվի Հայաստանը Սինգապուր դարձնելու թեման: Մեկը ծաղրում էր այդ միտքը, մյուսն ուղղում, թե՝ Հայաստանը պետք է պարզապես Հայաստան դարձնել…

Սինգապուրի թեման ՀՀԿ-ում, ամենայն հավանականությամբ, հայտնվել է ոչ պատահաբար: Տարիներ առաջ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին էր բավական հաճախ կրկնում միտքը, որ Վրաստանը կդարձնի Սինգապուր:

2010-2011 թվականներին Սաակաշվիլին խոստանում էր, որ 3-5 տարի հետո Վրաստանը կդառնա նոր Սինգապուր, նոր Հոնկոնգ, զբոսաշրջային ու տնտեսական տարածաշրջանային նոր կենտրոն: Նա մշտապես շեշտում էր, որ դա Ռուսաստանի համար վատագույն սցենարն է: Նա վստահ պնդում էր, որ Վրաստանը պետք է գրավի Ռուսաստանից «փախչող» ֆինանսական կապիտալը, Թբիլիսին պետք է իր կողմը գրավի այդ կապիտալը, քանի որ Վրաստանում կոռուպցիան արմատախիլ է արել: Նա նշում էր, որ Վրաստանի տնտեսական մոդելը պետք է նմանվի Սինգապուրի մոդելին, հիմնավորում էր, որ Թբիլիսին պետք է առավելագույնս շահավետ օգտագործի իր աշխարհագրական դիրքը, ինչպես դա անում է Սինգապուրը։ Սաակաշվիլին հաջողեց, որովհետեւ նա ուներ տեսլական, եւ որ առավել կարեւոր է` նա հավատաց, որ իր տեսլականն իրագործելի է, ու իրագործեց:

Այսօր Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Օդեսայի նահանգապետն է, նա երկու-երեք շաբաթ առաջ հանդես էր գալիս Ուկրաինայի Գերագույն ռադայում: Իրեն հատուկ խառնվածքով` նա ոգեւորված ու բուռն ելույթ էր ունենում` ֆանատիզմով հիմա էլ հավատում է Ուկրաինայի, Օդեսայի զարգացման հնարավորությանը, նա բերում էր Վրաստանի փոքր, «մահացած», ցեխոտ, ասֆալտ չունեցող քաղաքները ոտքի կանգնեցնելու, զբոսաշրջային գրավիչ քաղաքներ դարձնելու իր ծրագրերը, թե ինչպես է ներդրողներին գրավել, ինչի արդյունքում Վրաստանում հարյուրավոր նոր հյուրանոցներ, բնակելի շենքեր ու ճանապարհներ են կառուցվել:

Հարեւան Վրաստանի զարգացման Սաակաշվիլիի օրինակն առավել քան ցայտուն է: Պետք չէ հեռու գնալ ու հասնել Սինգապուր, Շվեյցարիա կամ Կանադա: Հարեւան Վրաստանը մեր հարյուր հազարավոր քաղաքացիների աչքի առաջ է. վրաստանյան քաղաքներում այսօր էլ մեծ թափով շարունակվում են շինարարական աշխատանքները, բազմահարկ բնակելի շենքեր ու հյուրանոցներ են կառուցվում, ներդրումներ են իրականացվում, չնայած որ իշխանափոխություն է տեղի ունեցել, Սաակաշվիլին էլ հեռացել է երկրից: Այդ երկրում էլ կան դժվարություններ, բայց օդում զարգացման շունչ կա, պետականության, ինքնիշխանության գիտակցումը նստած է ամեն հասարակ քաղաքացու ուղեղում:

25 տարին պարտադրված պատերազմի ու շրջափակման մեջ հայտնված պետության համար շատ ժամանակ չէր, որպեսզի մեր պետությունը դրախտ դարձնեինք, բայց քիչ էլ չէր, որպեսզի պետության քաղաքացին զգար մեր երկրի կենսունակությունը: Բայց մենք սա դեռեւս չունենք, որովհետեւ տեսլական չունենք:

Անկախ դատական համակարգ, պաշտպանված իրավունքներով քաղաքացի, չկեղծվող ընտրություններ, մրցակցային տնտեսություն, ներքին ու արտաքին ներդրումներ, այսինքն` Հայաստանին հուսալի երկրի համբավ շնորհելու առաջին քայլեր: Այս ամենի մասին ամիսներ ու տարիներ շարունակ խոսելու փոխարեն ընդամենը վճռական որոշում է պետք, ու այդ ժամանակ կծնվի Հայաստանի զարգացման տեսլականը:

Ճիշտ է ասվել` «Հայաստանը մանրամասն սիրելու հայրենիք է»: Հայրենիքից չպետք է խռովել ու հեռանալ, Հայրենիք պետք է վերադառնալ ոչ թե հանգչելու, այլ ապրելու: Հայրենիքը պահպանելու, նրա ինքնիշխանությունից պոկվող ամեն բեկորի համար պետք է անհաշտ պայքար ցույց տալ: Ընդամենը Հայրենիքի զարգացման տեսլական է պետք ունենալ ու ֆանատիկորեն հավատալ, որ այն հնարավոր է կյանքի կոչել:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 22.09.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ռուբեն says:

    Շատ արդիական հոդված է: Իսկապես, տեսլական չունեցող ազգը լուրջ զարգացում չի կարող ունենալ, որովհետև կբացակայեն դրա համար անհրաժեշտ ձգտումները:
    Հոդվածի վերջին պարբերությունը գրված է գեղեցիկ պաթոսով և ուղենշում է քաղաքաքացիական հասարակություն ունեցող զարգացած երկիր դառնալու ռեալ ճանապարհը:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930