Այս պահին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արայիկ Խանդոյանի եւ Արամ Հակոբյանի՝ կալանքը երկարացնելու վերաբերյալ վարույթ իրականացնող մարմնի ներկայացրած միջնորդությունն է քննարկվում:
Ինչպես մեզ հետ զրույցում ասաց Արայիկ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը, նաեւ Արայիկ Խանդոյանն է մասնակցելու միջնորդության քննությանը:
Քիչ առաջ նրան դատարան բերեցին. հավաքված քաղաքացիները Արայիկ Խանդոյանին դիմավորեցին բացականչություններով եւ «Սասնա ծռեր» վանկարկումներով:
Մինչ դատարանի շենքում կալանքի վերաբերյալ միջնորդությունն է քննվում, դատարանի շենքի դիմաց «Հիմնադիր խորհրդարանի» մի խումբ համակիրներ ու «Սասնա ծռերի» հարազատներ պահանջում են դատարանից արդար որոշում ընդունել, ամոթանք են տալիս, ասում, որ հայրենասեր տղաներին դատելու փոխարեն դատեն բաշիբոզուկներին:
Կարդացեք նաև
«Մենք Սասնա ծուռ ենք»,- վանկարկում են հավաքվածները: Հետո կրկնում, որ իրենք հաղթելու են.«Օրը գալու է, բոլորիդ ծռելու ենք»:
Հիշեցնենք, որ Արայիկ Խանդոյանին մեղադրանք է Քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) եւ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ