Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը հայց է ներկայացրել Մաշտոցի պողոտայի խաղաղ ցույցի ևս մեկ մասնակցի դեմ

Սեպտեմբեր 22,2016 12:24

2016 թ. սեպտեմբերի 20-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ Ա.Թովմասյանի, կայացավ Գևորգ Սարֆարյանի կալանքի ժակետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդության քննարկմանն ընդառաջ՝ 2016 թ. մարտի 23-ի հավաքի մասնակիցներից Հասմիկ Էվոյանի դեմ ՀՀ Ոստիկանության հայցի քննությունը: Ոստիկանությունը պահանջել է Հ. Էվոյանին վարչական պատասխանատվության ենթարկել ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 11-րդ և 15-րդ կետերի պահանջներով:

Նախնական դատական նիստին մասնակցում էին հայցվոր ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչ, ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի ավագ իրավախորհրդատու Սոնա Մելիքյանը և պատասխանող Հասմիկ Էվոյանն ու վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը:

Դատական նիստի ընթացքում պատասխանող Հասմիկ Էվոյանը նախ բանավոր կարգով հաստատեց իր ներկայացուցչի լիազորությունների ծավալը, ապա սահանված կարգով ձևակերպված լիազորագրի միջոցով, և հայտնելով, որ ցանկություն չունի ներկա գտնվելու գործի քննությանը՝ լքեց դատական նիստերի դահլիճը:

Հայցվորի ներկայացուցիչ Ս. Մելիքյանը ներկայացրեց հայցադիմումի առարկան և հիմքերը, վկայակոչեց գործի շրջանակներում կիրառման ենթակա իրավական ակտերը, ինչպես նաև նշեց, որ պատասխանողը մասնակցել է 2016 թ. մարտի 23-ին կազմակերպված հավաքին, որի ընթացքում հավաքի մասնակիցները փակել են Մաշտոցի պողոտայի երթևեկելի հատվածը, իսկ այնուհետև՝ չեն կատարել փողոցը բացելու և հավաքի բնականոն ընթացը չխոչընդոտելու՝ ՀՀ Ոստիկանության աշխատակիցների պահանջները, ինչի պատճառով էլ բերվել են ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին: Պատասխանողի ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանը Ս. Մելիքյանին որոշ հարցեր ուղղելուց հետո նշեց, որ առարկում է ներկայացված հայցադիմումի դեմ, քանզի Հ. Էվոյանի վարքագծում բացակայում են իրեն վերագրվող արարքների հատկանիշները, և դատարան ներկայացրեց հայցադիմումի պատասխան:

Կողմերը ապացույցներ ներկայացնելու միջնորդություններ չունեին: Դատարանը գործը նշանակեց դատաքննության: Նշենք, որ հավաքի մասնակիցները, պառկելով Մաշտոցի պողոտայի երթևեկելի հատվածում և շղթայի միջոցով իրենց ամրացնելով ասֆալտին, փակել էին փողոցը: Որից հետո հավաքի մասնակիցները ֆիզիկական ուժի գործադրմամբ բերման էին ենթարկվել և տեղափոխվել ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին:Նրանց նկատմամբ իրականացվել էր վարչական վարույթ՝ հավաքի մասնակցի կողմից իր պարտականությունները չկատարելու ու հավաքի խաղաղ և բնականոն ընթացքի ապահովման վերաբերյալ ոստիկանության` օրենքով սահմանված պահանջները չկատարելու հիմքով:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930