ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նորանշանակ նախարարներից ակնկալում է, ինչպես ինքն ասաց՝ իրական համարձակ քայլեր։ Այս մասին այսօր վարչապետն ասաց կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ։
Վարչապետը ֆինանսների նորանշանակ նախարար Վարդան Արամյանի մասին խոսելիս ասաց, որ նա ֆինանսական աշխարհում հայտնի մարդ է, իր առջեւ դրված խնդիրները շատ լավ գիտի:
Անդրադառնալով գյուղատնտեսության, տրանսպորտի ու կապի, էներգետիկայի եւ բնական պաշարների նորանշանակ նախարարներին, վարչապետն ասաց, որ այս նախարարները ընտրված են հետեւյալ չափանիշներով՝ երեքն էլ հանդիսանում են այդ ոլորտների կառավարիչներ, որոնք բավական լավ են իրենց դրսեւորել, համեստ ու պարկեշտ մարդիկ են, կառավարման նոր մշակույթի կրողներ:
Կարեն Կարապետյանի խոսքերով.«Ես բավական մեծ ակնկալիքներ ունեմ իրենցից, որպեսզի իրենք վերանայեն մեր կառավարման համակարգը: Ակնկալում եմ, որ մոտ ժամանակներս կներկայացնեն ծրագիր, թե ինչպես են պատկերացնում ոլորտի զարգացումը: Մենք ներսում քննարկում ենք, որ հետագայում մեր նախարարներն ու գերատեսչություններն ունենան այն հայտանիշները, որոնցով մենք կգնահատենք աշխատանքը, որտեղ անպայման ներգրավված կլինի մի գործոն, թե այդ ոլորտն ինչքան ներդրում է ներգրավում։ Դուք լինելով այդ ոլորտից՝ ունեք հնարավորություն՝ ձեր երազած ոլորտը սարքել, երկիր փոխել, լավ միջավայր ստեղծել»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ