Լրահոս
Օրվա լրահոսը

Արտառոց դեպքն ու ՀՀ ԱԳՆ-ի անճարակությունը

Սեպտեմբեր 22,2016 14:30

Մեզ ասում են` ինչ կուզենք, կանենք, պարտավոր չենք պարզաբանել…

ՌԴ իշխանությունների որոշումը քաղաքակա՞ն դրդապատճառներով է

Օգոստոսի 30-ին, իրավամբ, արտառոց դեպք էր տեղի ունեցել, այժմ բավականաչափ ժամանակ է անցել` այդ դեպքին անդրադառնալու, եզրակացություններ անելու համար: Այդ օրը Ռուսաստանի իշխանությունները երկրից արտաքսել էին ՀՀ քաղաքացի, «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության» վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանին` թույլ չտալով նրան դուրս գալ Մոսկվայի «Շերեմետեւո» օդակայանի տարածքից: Ռուս սահմանապահները տեղեկացրել էին, որ նրա մուտքը ՌԴ արգելված է մինչեւ 2030-ը: Ստեփան Գրիգորյանին ներկայացվել էր ՌԴ «Ելքի եւ մուտքի կարգի վերաբերյալ» օրենքը, որն անդրադառնում է օտարերկրացիների՝ քրեական եւ այլ կարգի խախտումներ պարունակող գործողություններին: Սակայն վերջին 20 տարում նա ՌԴ-ում որեւէ գործունեություն չի ծավալել, նա Մոսկվա էր մեկնել 2014թ. ՌԴ-ում հողին հանձնված հոր գերեզմանին այցելելու նպատակով, որի համար ինքն ունեցել էր ընդամենը 10 ժամ: Ստեփան Գրիգորյանի համոզմամբ՝ իրեն արտաքսել են քաղաքական դրդապատճառներով: Նա դեպքից անմիջապես հետո տեղեկացրեց, որ դիմել է ՀՀ ԱԳՆ-ին՝ իր իրավունքները պաշտպանելու պահանջով. «Մի քանի օր կսպասեմ պատասխանի, որից հետո ինքս գործողություններ կիրականացնեմ՝ իմ ոտնահարված իրավունքները պաշտպանելու համար»:

ՌԴ իշխանությունների որոշումը ունե՞ր քաղաքական դրդապատճառներ: Մոսկվան ցանկանում է Հայաստանում նույնպե՞ս ճնշել քաղաքացիական հասարակության գործունեությունը: Ռուսաստանում գոյություն ունի՞ «սեւ ցուցակ» ՀՀ այլ քաղաքացիների համար, որոնք քննադատում են ՌԴ իշխանություններին: Իսկ գուցե Ստեփան Գրիգորյանի հետ այդկերպ վարվելը ՌԴ-ի կողմից հաշվեհարդարի ծրագի՞ր էր, օրինակ` պատասխան քայլ օգոստոսի 27-ին Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովի ձերբակալությանը: Այս հարցերի պատասխանն էին մարդիկ մի քանի օր փորձում գտնել:

«Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության» կենտրոնն ակտիվորեն համագործակցում է եվրոպական հասարակական կազմակերպությունների, կենտրոնների, ժողովրդավարական ֆոնդերի հետ: Ստեփան Գրիգորյանը ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր է եղել, 1995-2000թթ. աշխատել է ՀՀ ԱԳՆ-ում, 1995-1998-ը` ՌԴ-ում արտակարգ դեսպանորդ, 1996-1999-ը` ՀԱՊԿ-ում ԱՊՀ-ի գծով Հայաստանի լիազոր ներկայացուցիչ: Այսինքն՝ մարդ, որն իր գործունեությամբ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում որոշակի դերակատարություն է ունեցել, ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը դիվանագիտական պաշտոն է զբաղեցրել: Այնուհետեւ հասարակական իր գործունեության ընթացքում հանդես է եկել ՌԴ-ի նկատմամբ չափավոր քննադատությամբ:

Ստեփան Գրիգորյան

Ստեփան Գրիգորյան

ՌԴ իշխանություններն Օլեգ Եսայանին ի՞նչ են «պարզաբանել»

Այս արտառոց դեպքի առիթով փոխանցեցին, թե ՀՀ ԱԳՆ-ն ու ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը զբաղվում են: Սեպտեմբերի 1-ին ՀՀ-ում ՌԴ դեսպանատնից «Արմինֆո»-ին հայտնեցին, թե Ստեփան Գրիգորյանի արտաքսման առնչությամբ տեղեկատվության չեն տիրապետում: Սեպտեմբերի 2-ին հայտնի դարձավ, որ ՌԴ-ում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը ՌԴ իշխանություններից պարզաբանում է պահանջել Ստեփան Գրիգորյանին երկրից արտաքսելու դեպքի կապակցությամբ: Այս մասին «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում տեղեկացրել էր ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: Այդ ժամանակ դեռ հույս կար, որ պաշտոնական հայտարարություն կլինի՝ ի պատասխան ՌԴ-ում ՀՀ դեսպանի կողմից պահանջված պարզաբանման: Նույն օրը կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն անդրադառնալով խնդրին՝ ասաց, որ ԱԳՆ-ն զբաղվում է, «արդյունքների մասին կտեղեկացնենք», եւ չպատասխանեց հարցին, թե արդյոք այդ որոշման մեջ տեսնո՞ւմ է քաղաքական ենթատեքստ:

Ակնհայտ է, որ ՀՀ ԱԳՆ-ն խուսափում է հանդես գալ ՌԴ-ից քաղաքագետի արտաքսման միջադեպի մեկնաբանությամբ: ՌԴ-ից արտաքսված քաղաքագետի կարծիքով՝ Մոսկվայի հետ հարաբերություններն էլ ավելի չբարդացնելու համար Հայաստանը պետք է համարժեք քայլ կատարի՝ անցանկալի հայտարարելով հակահայկական դիրքորոշում ունեցող ռուսաստանցի բազմաթիվ քաղաքական գործիչներից մեկին: Սեպտեմբերի 5-ին Ստեփան Գրիգորյանը «Ազատության» հետ զրույցում մեկնաբանելով ՌԴ-ից իրեն արտաքսելու միջադեպը՝ նշեց. «Ես իրոք մտավախություն ունեմ, որ մենակ չեմ այդ ցուցակում: Ես ուրախ կլինեի, որ մենակ լինեի: Իմ կարծիքով՝ այստեղ է, որ մեր արտգործնախարարությունն անելիք ունի: Մեր ԱԳՆ-ն հիմա նախ պետք է ճշտի՝ կա՞ն նման ցուցակներ: Շատ կարեւոր բան եմ ուզում ասել՝ ՌԴ-ի փորձագետներից մեկն ասել է՝ ամեն երկիր, նույնիսկ քաղաքական դրդապատճառներով, կարող է փակել սահմանը անցանկալի անձանց առջեւ:

Ես ուզում եմ իմ անհամաձայնությունը հայտնել. գիտե՞ք, երբ սանկցիոն ցուցակներ ունեն ուկրաինացիները ռուսների դեմ եւ ռուսները՝ ուկրաինացիների դեմ, դա հասկանալի է, այդ պետություններն անցել են պատերազմական փուլ: Հայ-ռուսական հարաբերությունները ռազմավարական-գործընկերային են, ու եթե դու ունես «սեւ ցուցակներ»՝ կապված Հայաստանի հետ, իմ կարծիքով՝ դա նորմալ չի: Ուրեմն էստեղ էլ մենք պետք է շատ հետեւողական լինենք»:

Սեպտեմբերի 6-ին ՀՀ ԱԳՆ-ն դեռ պատասխան չէր ստացել ՌԴ-ից Ստեփան Գրիգորյանի մուտքը ՌԴ արգելելու մասով: Այդ օրը Շավարշ Քոչարյանը լրագրողներին ասաց, որ ցանկացած երկրի իրավունքն է, առանց նույնիսկ որեւէ բացատրություն տալու, համապատասխան քայլեր կիրառել, բայցեւ հավելեց. «Ուղղակի այս դեպքն արտառոց է այն առումով, որ առաջին անգամ է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններում այդպիսի քայլ է կիրառվել, այդպիսի նախադեպ է եղել: Դրա համար մենք դիմել ենք ՌԴ ԱԳՆ եւ սպասում ենք պատասխանի»:

Դեպքից մեկ շաբաթ անց միայն արձագանքեց ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը: Հայաստանում Ռուսաստանի դեսպանի խորհրդական Օլեգ Շապովալովը «Ազատության» հետ զրույցում անդրադառնալով Ստեփան Գրիգորյանի արտաքսմանը՝ ասաց, թե ՌԴ-ն չունի Հայաստանի քաղաքացիների սեւ ցուցակ, որով կարգելվի նրանց մուտքը ՌԴ: Շապովալովի խոսքով՝ հատուկ ցուցակ թեպետ չկա, այդուհանդերձ, ՌԴ-ն որպես ինքնիշխան երկիր՝ իրավունք ունի մեկին թույլ տալ, իսկ մյուսին արգելել մտնել իր տարածք: Դեսպանի խորհրդականը չխոսեց դրդապատճառների մասին՝ նշելով միայն, որ դրանք իրենց դեռ հայտնի չեն. «Կոնկրետ դեպքում այնպես է ստացվել, որ պարոն Գրիգորյանին արգելել են մտնել Ռուսաստանի տարածք: Սկզբունքորեն մենք պարտավոր չենք մեկնաբանել, բացատրել, այդուհանդերձ, Հայաստանի արտաքին գործերի նախարարության դիմումի համաձայն՝ մենք մեկնաբանություն ենք խնդրել մեր համապատասխան կառույցից եւ զբաղվում ենք այդ հարցով: Արդյունքները կհաղորդենք Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը»: Հայաստանում ՌԴ դեսպանի խորհրդականը վստահ էր՝ միջադեպը բացասական ազդեցություն չի ունենա հայ-ռուսական հարաբերությունների վրա. «Ես կարծում եմ, որ ռուս-հայկական հարաբերությունները ոչինչ չի կարող փչացնել: Իսկ հիմա մնում է հետեւել իրադարձությունների զարգացմանը»:

Պատասխանե՞լ Մոսկվային համարժեք քայլով

Իհարկե, դիվանագիտության մեջ ընդունված է փոխադարձության սկզբունքը, երբ պետությունը փոխադարձ պատասխանում է համարժեք քայլով: ՌԴ-ում շատ կան քաղաքական գործիչներ, փորձագետներ, որոնք բացահայտ հակահայկական դիրքորոշում ունեն, Ադրբեջանի ջրաղացին են ջուր լցնում: Հայաստանի կողմից այդ մարդկանց ոչ ցանկալի անձ հայտարարելն, իհարկե, կարող էր պատասխան քայլ համարվել, թեեւ այդ քայլերն էլ որոշակիորեն ռիսկային են` նոր լարվածության ստեղծման առումով: Բացի այդ, Հայաստանին, թերեւս, հարկավոր չէ այս հարցում նմանվել ոչ ժողովրդավարական երկրներին, որոնք «persona non grata»-ների «սեւ ցուցակներ» ունեն, եւ, անշուշտ, ավելի ձեռնտու կլինի, որպեսզի Հայաստանը ցույց տա, որ ազատությունների առումով ավելի բարձր մակարդակի վրա է գտնվում, քան այլ երկրները, մասնավորապես` ԵԱՏՄ անդամ պետությունները:

Իսկ ՀՀ-ում ՌԴ դեսպանի խորհրդական Օլեգ Շապովալովի հավաստիացումը, թե «սեւ ցուցակներ» չկան` միայն ժամանակը ցույց կտա, թե որքանով է ճիշտ: Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե ՌԴ-ն ինքնիշխան երկիր է եւ իրավունք ունի մեկին թույլ տալ, իսկ մյուսին արգելել մտնել իր տարածք, իսկապես տարօրինակ է, որովհետեւ Հայաստանի եւ ՌԴ-ի միջեւ գործում է առանց վիզային ռեժիմը, ՀՀ-ն ու ՌԴ-ն ռազմավարական դաշնակիցներ են, իսկ ինքնիշխան պետությունների քաղաքացիները պետք է ազատ տեղաշարժվեն, եւ ազատ տեղաշարժի արգելքի դեպքում գոնե տրամաբանական պարզաբանում ներկայացնեն հանրությանը:

Բայց ամենացավալին այն է, որ Ստեփան Գրիգորյանի հետ կատարվածը, ըստ էության, եւս մեկ անգամ փաստեց, թե ինչպես է ՌԴ ԱԳՆ-ն վերաբերվում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությանն ու նրա ղեկավարին: Մի դեպքում ՌԴ նախագահը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին Բարեկամության շքանշանով է պարգեւատրում, իսկ ՀՀ քաղաքացուն, նախկին դիվանագետին ՌԴ-ից արտաքսելու դեպքում մեզ պատասխանում են մոտավորապես այսպես` ինչ կուզենք, կանենք, պարտավոր չենք ձեզ պարզաբանել մեր քայլերը:

Տեղեկացնենք, որ սեպտեմբերի 16-ին ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը հայտարարություն տարածեց Ստեփան Գրիգորյանի նկատմամբ ՌԴ սահմանապահների կողմից իրականացված հակաիրավական գործողությունների վերաբերյալ, որում նշվում էր. «Վերջին ժամանակներում սա առաջին դեպքը չէ, երբ ռուսաստանյան պետական կամ ոչ պետական դերակատարների կողմից թիրախավորվում են հայաստանյան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Վերջերս նման դեպք տեղի ունեցավ, երբ անհայտ, բայց հայտնի շահեր սպասարկող մի կայք տարածեց Հայաստանում գործող իբր ամերիկյան գործակալներ հանդիսացող անձանց մի ցուցակ, որում տեղ էին գտել Հայաստանի քաղաքացիական հասարակության մի շարք ակտիվ ներկայացուցիչների լուսանկարները եւ նրանց տվյալները: ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը դատապարտում է ՌԴ-ի պետական մարմնի կողմից Ստեփան Գրիգորյանի հանդեպ իրականացված հակաիրավական գործողությունը: Իմանալով այն մասին, որ ՀՀ ԱԳՆ-ն Ստեփան Գրիգորյանի գործի վերաբերյալ հարցում է կատարել Հայաստանում ՌԴ դեսպանատուն, կոչ ենք անում Հայաստանի դիվանագիտական ծառայությանը ցուցաբերել սկզբունքայնություն եւ հետեւողականություն ՀՀ քաղաքացու խախտված իրավունքների պաշտպանության հարցում»:

Շարադրելով մի շարք պարզաբանում-հարցադրումներ` հայտարարության հեղինակներն ամփոփել են. «Մենք նաեւ արձանագրում ենք, որ մեր այս հարցադրումների լիարժեք եւ սպառիչ պատասխանը չստանալու, ինչպես նաեւ ՀՀ քաղաքացիական հասարակության որեւէ ներկայացուցչի հանդեպ նման գործողության կրկնվելու դեպքում մենք ստիպված ենք լինելու դիմել ԱլԳ եւ ԵՄ տարածքում գործող մեր բոլոր գործընկեր կազմակերպություններին՝ կոչ անելով ձեռնպահ մնալ ՌԴ այցելելուց կամ այդ երկրի տարածքը որպես տարանցիկ գոտի օգտագործելուց»:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 21.09.2016թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930