Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկրագնդի վրա չկա լիակատար անկախ պետություն»

Սեպտեմբեր 22,2016 15:00

Դավիթ Բաբայանը քննադատում է հակառուսական լոզունգներ ասողներին, թե՝ վաղը գնալո՞ւ են հայ-թուրքական սահմանը պահեն
«Վտանգավոր միտում կա՝ փորձ է կատարվում հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները խարխլել: Գիտեք, մենք պետք է ազնիվ լինենք եւ ամեն ինչ դիտարկենք օբյեկտիվորեն: Իհարկե, դա չի նշանակում, որ եթե մենք դաշնակից ենք ՌԴ-ի հետ, ուրեմն պետք է դառնանք գաղութ: Այդպիսի բան չկա: Բայց մի հատ մտածեն, թող նայեն, էլի, քարտեզը: Ո՞վ է մեր հարեւանը»,- ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն «Առավոտի» հետ զրույցում, խոսելով հողերի հնարավոր հանձնման շուրջ բարձրացված աղմուկից եւ պետերբուրգյան հանդիպումից հետո առաջացած այն կասկածներից, որ «Լավրովյան փաստաթուղթն» է բանակցվում, այսպիսի մտահոգություն հայտնեց:
Նրա խոսքով՝ «Այդ մարդիկ, որոնք բղավում են, ամեն օր հակառուսական լոզունգներ են ասում, գնալու են վաղը Թուրքիայի եւ Հայաստանի սահմանը պահե՞ն՝ մի պետության հետ, որը ցեղասպան է եւ ամեն օր կարող է օպերացիա կազմակերպել: Անում են դա՝ իմանալով, որ սխալ է հայության համար: Անում են, որովհետեւ այլասերված ու փչացած են ներսից: Փողի համար են անում, անկապ ինչ-որ գաղափարներով առաջնորդվելով»:
Ըստ Բաբայանի՝ մենք պարտավոր ենք ունենալ լավ հարաբերություններ ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իրանի հետ՝ հաշվի առնելով մեր աշխարհագրական դիրքն ու սփյուռքի առկայությունը. «Վերջապես մենք սփյուռքահայ ժողովուրդ ենք: Ավելի շատ մարդ ապրում է հայրենիքից դուրս, քան ներսում: Դրա համար պարտավոր ենք լավ հարաբերություններ ունենալ այն պետությունների հետ, որտեղ ունենք մեծ հայկական սփյուռք՝ մտածելով մեր հայրենակիցների մասին: Հիմա ինչի՞ պետք է վատ հարաբերություններ ունենանք ՌԴ-ի հետ կամ ԱՄՆ-ի, որտեղ 2 մլն-ից ավելի հայ է ապրում, ինչի՞ համար, բացատրեք ինձ»:
Մեր դիտարկմանը, որ ոչ թե վատ հարաբերություններ են ուզում, այլ կախվածությունը թուլացնել, այլընտրանքներ ստեղծել, Դավիթ Բաբայանն արձագանքեց. «Երկրագնդի վրա չկա լիակատար անկախ պետություն: Անկախությունը ապահովում են հավասարակշռվածությամբ, տարբեր պետությունների հետ հարաբերություններ կառուցելով՝ մենք կարողանում ենք կախվածությունը կամ թուլացնել, կամ մեծացնել այս կամ այն պետությունից: Հիմա սա է խնդիրը: Պետք է մտածել հայրենիքի մասին: Հատկապես այլ երկրներում գտնվող որոշ մարդկանց բղավելը չի նշանակում, որ իրենք ավելի հայրենասեր են: Ի՞նչ է, մեր հերոսները, որոնք կանգնած են ամեն օր սահմանին, իրենք բղավո՞ւմ են ամեն օր: Ո՞վ է ավելի շատ անում, քան այն 18-20 տարեկան երեխաները, որոնք կանգնած են: Ո՞վ է անում ավելի շատ՝ հանրահավաքների ժամանակ աննորմալ իրենց գաղափարներով եւ այլն… ասում են՝ ղարաբաղցիները հայեր չեն, այսպես ապուշ երեւույթներ»:
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

21.09.2016թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Դավիթ Բաբայանը նման վստահությամբ իրավունք կունենա միայն ասել, որ երկրագնդի վրա չկան լիակատար անկախ մամլո խոսնակներ: Ինչ վերաբերվում է լիակատար անկախ պետություններին, ապա այդպիսիները կան (այլ բան է, որ մամլո խոսնակը դրանց մասին տեղյակ չէ): Իսկ լիակատար անկախության ձգտող պետությունների քանակը շատ ավելի շատ է (այլ բան է, որ մամլո խոսնակը դրա ցանկությունն էլ չունի):

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930