Խորհրդային այլախոհ, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը` անկախության, Հայաստանում հակառուսական տրամադրությունների եւ ՀՀ ԶՈՒ-ի՝ նոր զինատեսակներով համալրման մասին:
– Հայաստանի Հանրապետությունը 25 տարեկան է: 25-ամյա մեր պետությանն այս օրերին շատ ճռճռան խոսքեր ու մաղթանքներ կհղվեն: Այս 25 տարիների ընթացքում իրականում որքա՞ն է Հայաստանն անկախ եղել, ի՞նչ կորուստներ ենք ունեցել, ի՞նչ ենք շահել:
– Ընդունված է՝ տոնական օրերին շատ են ճռճռան խոսքեր ասում, բայց դրանց վրա բոլորովին էլ պետք չէ կենտրոնանալ։ Շատ դեպքերում ե՛ւ ճռճռան խոսքեր ասողները, ե՛ւ այդ խոսքերին ծափահարողները Հայաստանի անկախության ե՛ւ արժեքը չգիտեն, ե՛ւ դրան որեւէ կերպ չեն առնչվել ու առնչվում։ Սա մեր իրականության ամենացավալի դրվագն է։ Անկախության հանրաքվեից առաջ եւ հետո՝ 1988-1991թվականներին, ստեղծվել էր մի այնպիսի փայլուն, այնպիսի հեղափոխական իրավիճակ, որ սովետահայ մարդը, սովետահայ քաղքենին քաղաքացու վերածվեց։ 25 տարի առաջ սեպտեմբերի 21-ի հանրաքվեի ժամանակ ասված «այո»-ն խորապես մտածված, իմաստավորված ու ապրված «այո» էր։ 1988-1991 թվականները՝ այս երեք տարիները կարելի է որպես մի ամբողջ էպոխա դիտարկել։ Այդ տարիները եւ դրանց հաջորդած եւս 3-4 տարիները՝ մինչեւ 1994 թվականը, Հայաստանի ժողովուրդը, հայաստանցին ապացուցեց, որ ինքը անկախության երազանքի ու անկախության համար մղված պայքարի կրողն ու տերն է։ Բայց մի պահից սկսվեց մեր հետընթացը, որն էլ մեզ հասցրեց մեր այսօրվան։ Ես վստահ եմ, որ անկախության հռչակման հենց առաջին շրջանում պետք է Հայաստանի Հանրապետությունը ընդուներ լյուստրացիայի մասին օրենք, որը պետք է գործեր ամենայն խստությամբ եւ դառնար մի յուրօրինակ սահման մեր արատավոր խորհրդային անցյալի ու մեր ներկայի միջեւ։ Այն չպետք է թույլ տար, որ մեր անցյալն իր վարք ու բարքով մեր ներկա տեղափոխվի։ Բայց, չնայած այդ ուղղությամբ գործադրված ջանքերին, դա տեղի չունեցավ։ Չընդունվեց նման օրենք։ Արդյունքում անկախ Հայաստանի իշխանավարման լծակներին կամաց-կամաց սկսեցին մոտենալ անկախության մտքին ու ոգուն խորթ, իրենց ողջ գիտակից կյանքում անկախության դեմ պայքարած, անկախությունը արժեք չհամարող ու իրենց էությամբ սովետական մնացած գործիչներ, մարդիկ, որոնց համար սեփական շահից ու սեփական բարեկեցությունից դուրս ոչինչ լինել չի կարող։ Նրանց մուտքն իշխանություն սկզբում վախվորած էր, բայց 1998-ից հետո նրանց համար ստեղծվեցին բարենպաստ բոլոր պայմանները։ Այսօր արդեն իշխանությունն ամբողջությամբ նրանց ձեռքերում է։ Նրանք օր առ օր, ժամ առ ժամ մսխում են մեր անկախությունը, օգտագործում են այն սեփական բարեկեցության համար ու թքած ունեն Հայաստանի ե՛ւ անցյալի, ե՛ւ ներկայի, ե՛ւ, առավել եւս, ապագայի վրա։ Նրանք լինելով մեր երկրում իշխանավորներ՝ իրենց հոգու խորքում մեր երկիրն իրենցը չեն համարում։ Նրանք շարունակում են իրենց Խորհրդային Միությունում զգալ։ Սա է պատճառը նաեւ, որ ԵՏՄ են մտնում, որ իրենց որպես Ռուսաստանի վասալ են դիտարկում, որ Կրեմլն իրենց համար աշխարհի կենտրոնն է, եւ, իրենց պատկերացմամբ, բոլոր հարցերն այնտեղ պետք է լուծվեն։ Սա է պատճառը, որ Հայաստանը տնտեսություն չունի, որ ողջ գույքը պարտքի դիմաց Ռուսաստանին է տրվել։ Սա է պատճառը, որ մենք այսօր այս վիճակում ենք։ Բայց այս ամենով հանդերձ՝ այսօր ունենք մի մեծ ձեռքբերում՝ Անկախ հռչակված հանրապետություն։ Դաշտը մաքրելը ժամանակի խնդիր է, ու թեւաթափ լինելու պատճառներ չկան։
– Մեր 25-ամյակի շեմին հերթական համակարգային փոփոխությունն է խոստանում իշխանությունը` ի դեմս նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի: Նկատի ունենալով նրա անցյալը՝ շատերը կարծիք հայտնեցին, որ Կարեն Կարապետյանի՝ Հայաստան գալով իրականում ՌԴ-ն փորձում է իր դիրքերն ամրացնել, փորձել չեզոքացնել այն հակառուսական տրամադրությունները, որոնք օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով Հայաստանում դրսեւորվեցին առավելապես ապրիլյան քառօրյա պատերազմից հետո: Ի՞նչ կասեք նոր վարչապետի, նրա մեկնարկային քայլերի եւ խոստացվող հերթական համակարգային փոփոխությունների մասին:
– Ինձ համար երեւի ամենաանհետաքրքիր թեման նոր վարչապետի նշանակումն է՝ անկախ անձից: Հայաստանն այնքան խորն է տեղավորվել ռուսական գրպանում, որ Ռուսաստանին, կարծում եմ, պետք չի նոր վարչապետով այն ամրապնդել։ Այլ խնդիր է, որ իրենց մտերիմ մեկին ուղղակի ցանկանային գործի տեղավորել։ Բոլոր այն հույսերը, որ մարդիկ միամտորեն փայփայում են, թե նոր վարչապետով ինչ-որ բան է փոխվելու մեզանում, անիմաստ են։ Այս վարչապետն էլ, ինչպես ցանկացած մեկը նրա տեղում, անկախ ունեցած սեփական ծրագրերից՝ բախվելու է մեր իրականությանը, մեր օլիգարխիկ համակարգին, մեր անձեռնմխելի համարվող մի քանիսի հուժկու բռունցքին ու ընկրկելու է։ Հայաստանում պետք է ոչ թե վարչապետ փոխվի, այլ պետք է փոխվի իշխանավարման ու իշխանություն ունենալու մասին պատկերացումները։ Կալվածատիրոջ պատկերացումներով ղեկավարելու պարագայում որեւէ մեկը որեւէ բան փոխել չի կարող։ Մեր երկրի ավազակապետական այս համակարգը վարչապետներով չի պայմանավորված։ Ցանկացած վարչապետի պարագայում էլ շարունակվելու է այս վիճակը։ Չեն կարող սովետական նիստուկացով, որեւէ գաղափարական հենք չունեցող, անկախ հռչակված պետությանը օտար, դրա արժեքը չգիտակցող ու չգնահատող, հետն էլ քրեական մտածողությամբ օժտված մարդիկ այլ կերպ կառավարել կամ իշխանավարելու մասին այլ պատկերացումներ ունենալ։
Իսկ հակառուսական տրամադրությունների հետ կապված ասեմ, որ Հայաստանի՝ Ռուսաստանի նկատմամբ կամավոր կերպով ընդունած վասալային կարգավիճակը եւ Ռուսաստանի՝ Հայաստանի նկատմամբ վարվող մեծամիտ ու արհամարհական քաղաքականությունը չեն կարող հակառուսական տրամադրություններ չառաջացնել։ Ապրիլյան պատերազմը ուղղակի առիթ հանդիսացավ, որ այդ տրամադրությունները դրսեւորվեն։ Նոր սերունդը, երիտասարդ հայաստանցին՝ իր կրթությամբ, աշխարհի մասին ունեցած իր պատկերացումներով, իր տեղեկացվածությամբ, արժանապատվության մասին ունեցած իր պատկերացումներով չի կարող հանդուրժել նման վասալային ու արհամարհված կարգավիճակ։ Սա չափազանց կարեւոր հանգամանք է, որը հայաստանյան եւ ռուսական այսօրվա իշխանավորները հաշվի չեն առնում։ Մեր վաղվա օրը այսօր դեռ 20-30 տարեկան, մեր անկախության տարիքի երիտասարդներն են տնօրինելու։ Հակառուսական տրամադրություններ միայն Հայաստանում չէ, որ առկա են։ Տեսեք, թե ինչ է կատարվում Ուկրաինայում, Լեհաստանում, Վրաստանում, Մոլդովայում։ Էլ չեմ խոսում Մերձբալթյան հանրապետությունների մասին։ Սլավոնական երկրներում հակառուսական տրամադրություններն էլ ավելի վառ են արտահայտվում։ Նման դրսեւորումների համար միակ պատասխանատուն Ռուսաստանն է՝ իր մեծամիտ, շովինիստական, սադրիչ ու անպատասխանատու քաղաքականությամբ։
– Սոցիալական ցանցերում շատ քննարկվեց այն, որ Հայաստանի 25-ամյակի շքերթին ՌԴ զինված ուժերն էլ են մասնակցում: Ի դեպ, սա երկրորդ նման դեպքն է: Տողատակ կամ արտառոց ենթատեքստ կա՞ սրանում:
– Նրանց ներկայությունը այս շքերթին անհասկանալի է։ Սա մեր անկախության շքերթն է։ Թե ո՞վ եւ ինչո՞ւ է նման բան մտածել՝ ասել չեմ կարող։
– Ադրբեջանական եւ ռուսական մամուլում բավական քննարկվեց նաեւ այն փաստը, որ անկախության 25-ամյակի ռազմական շքերթի փորձերի ժամանակ ակնհայտ դարձավ` Հայաստանի զինված ուժերը համալրվել էր «Իսկանդեր» տեսակի օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրով, նաեւ այլ հարձակողական զինատեսակներով: Հայաստանը, ՌԴ-ից հետո, միակն է, որ ունի «Իսկանդեր» համակարգ: ՌԴ-ն այն չի արտահանում: Սա ՌԴ-ի կողմից ժե՞ստ է Հայաստանին` ապրիլյան իրադարձությունների ընթացքում դրսեւորած կրավորական կեցվածքի համար: ԼՂ հարցի հետագա ռազմական հանգուցալուծումը կանխարգելելու հարցում այն որեւէ նշանակություն կունենա՞:
– Ռուսաստանը մեր տարածաշրջանում մեկ խնդիր ունի՝ հնարավորինս թեժ պահել հայ-ադրբեջանական հակամարտությունը։ Ղարաբաղյան խնդիրը Հայաստանի եւ Ադրբեջանի վրա ազդելու լուրջ լծակ է Ռուսաստանի ձեռքում։ Հայերը միշտ շեշտել են, թե հակամարտության ընթացքում Ռուսաստանը աջակցում է Ադրբեջանին, իսկ Ադրբեջանն էլ հակառակն է պնդել։ Նաեւ ռուսական աջակցությունն ստանալու համար այս երկու երկրները մրցել ու մրցում են՝ չհասկանալով, որ Ռուսաստանը առաջնորդվում է սեփական շահով։ Նաեւ պատմական փորձը ոչ մի կերպ չի կարողանում ուսուցանել, որ Ռուսաստանը հուսալի գործընկեր լինել չի կարող։ Ռուսաստանը երկիր է, որ երկու պատերազմող կողմերին միաժամանակ զենք է վաճառում։ Կործանարար է լինելու ռուսական աջակցության հետ լուրջ հույսեր կապելը։
Զրույցը` Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
21.09.2016թ.