«Որքան էլ խոսենք միջազգային իրավունքից կամ համամարդկային արժեքներից ու մանավանդ պատմական արդարությունից, աներկբա է, որ քաղաքականությունը նախ ուժի ցուցադրում է: Հայաստանը ցուցադրեց իր ուժը: Զորահանդեսն ամրագրեց ապրիլյան պատերազմի արդյունքը՝ հակառակորդը չի կարողացել, չի կարողանում եւ չի կարողանալու ռազմական ճանապարհով լուծել Արցախի հարցը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանն` անրադառնալով երեկ` անկախության 25-ամյակի առիթով Երեւանում կայացած զորահանդեսին: «Կարծում եմ, այսուհետեւ Ադրբեջանը պետք է մտասեւեռվի մի նպատակի՝ հասնել բանակցությունների միջոցով խնդրի արդարացի կարգավորմանը»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ այդ դեպքում կքննարկվեն նաեւ նրան հուզող հարցերը:
«Զորահանդեսը մի աստիճան բարձրացրեց Հայաստանի միջազգային վարկը: Դա Արցախի խնդրի խաղաղ կարգավորման երաշխիք է նաեւ: Իմ տպավորությամբ, զորահանդեսը փակեց նաեւ «80-ական թվականների սպառազինությունների» թեման, որն այնքան չարչրկվեց որոշ քաղաքական ուժերի եւ հանրային խմբերի կողմից: Ուժի եւ քաղաքական կամքի այդ գեղեցիկ եւ զուսպ ցուցադրումը, կարծում եմ, մեր ժողովրդին ոչ միայն վստահություն, այլեւ պետականության հանդեպ հարգանք ներշնչեց եւ վկայեց, որ Հայրենիքի ամբողջականության, Արցախի անկախության եւ Հայաստանի ինքնիշխանության ու միջազգային իրավասուբյեկտության հարցերը լուծվում են ոչ թե «սասնածռությամբ», այլ հետեւողական քաղաքականությամբ»,- վստահ է մեր զրուցակիցը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ