Լրահոս
Օրվա լրահոսը

Կախվածության տեսակները

Սեպտեմբեր 22,2016 10:24

Ինչ է նշանակում անկախ լինել: Պատասխանն, ինձ թվում է, շատ պարզ է` կախվածություն չունենալ որեւէ արտաքին հանգամանքից եւ որեւէ կաղապարող մտքից:
Ժամանակակից հայ օլիգարխը, որը 40 ննջարաններով դղյակ է կառուցել, կախվածության մեջ է հայտնվում այդ հանգամանքից: Չնայած նրան 40 ննջարան ակնհայտորեն պետք չէ, նա մեծ ցավ կապրի, եթե դրանց քանակը դառնա 39, եւ հոգեւոր այդ տառապանքի պատճառով ավելորդ ննջարանը դառնում է կենսական անհրաժեշտություն: Մարդը կարող է կախվածություն ունենալ պաշտոնից, եւ մենք ամենուր ականատես ենք, որ մարդիկ այնպես են սոսնձվում իրենց աթոռներին, որ ոչ մի տեխնիկական հեղուկով չես կարողանում նրանց այնտեղից պոկել:
Կախվածությունը, կարճ ասած, մի վիճակ է, երբ մարդն ինչ-որ հենարան է փնտրում իրենից դուրս եւ կարծում է, որ այդ հենարանն է իրեն օգնում ապրել եւ դիմանալ կյանքի դժվարություններին: Բացի փողից ու իշխանությունից (ընդ որում՝ պարտադիր չէ, որ դա լինի պետական իշխանություն` շատերն այդ ծարավը հագեցնում են տանը կամ աշխատավայրում), դա կարող է լինել ալկոհոլը, ծխախոտը, թմրանյութը, ֆեյսբուքը, բայց նաեւ հեղինակությունը, հոգեւոր ուսուցիչը` «գուռուն», եւ անգամ կրոնը, եթե այն հասկանանք սոսկ որպես ծեսերի համակարգ` աղոթքներ, մոմեր, մկրտություն եւ այլն:
20-րդ դարի երկրորդ կեսին մոդայիկ են դարձել ինչ-ինչ «տեխնոլոգիաներ», որոնք իբր մարդու մեջ ինչ-որ գերբնական ուժեր են արթնացնում: (Դա նման է նրան, որ ուսանողները քննությունից առաջ «հիշողության դեղ» են խմում՝ չհասկանալով, որ հիշողությունը պետք է ամեն օր վարժեցնել, ոչ թե ձեռք բերել քիմիական ազդեցությամբ):
Բայց ամենադժվար հաղթահարելի կախվածությունն առաջանում է մտածողության կաղապարներից: Դրանք սովորաբար առաջանում են գնահատականների երկատվածությունից` սա բարի (չար) մարդ է, սա լավ (վատ) իրադարձություն է, սա օգտակար է, սա՝ վնասակար: Այդ մտավոր կախվածությունը ձեւավորում է համապատասխան սպասելիքներ, ծրագրավորում, որը մեր վարքը, մեր քայլերը դարձնում է նույնքան կանխատեսելի, որքան թունդ ծխամոլի կամ թունդ թմրամոլի վարքը: Երբ ասվում է (հիմա արդեն պետական մակարդակով) «ոչ ստանդարտ լուծումների» մասին, ես մտածում եմ նախեւառաջ այդ դուալիզմի հաղթահարման մասին, երկնիշ, «զույգավորած» մտածողությունից դուրս:
Երբ կայքերում տեսագրություններ եմ նայում, թե ինչպիսի հարցերի «երգչախմբով» են մեր երիտասարդ լրագրողները շրջապատում պաշտոնյաներին, ինձ թվում է, որ մեր մասնագիտությունը նույնպես մեծագույն կախվածություն ունի «մտավոր կաղապարներից»:
Նման կարծրատիպերով առաջնորդվողը, ինչպես ասում են, բարութ չի հայտնագործի:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Armine G says:

    Կախվածության ձեւերց են նաեւ Հայաստանի քաղաքացու կախվածությունը ՀՀԿ բանդայից, որ անարդարորեն կոչվում է Հայաստանի կառավարություն, ՀՀԿ բանդայի կախվածությունը ռուսական մաֆիայից, որ խաբուսիկորեն կոչվում է ՀԱՊԿ, ռուսական մաֆիայի կախվածությունը Հայ ժողովրդի ազատատենչ ոգուց, որ սիմվոլիկ կոչվում է Սասնա ծռեր:

  2. Լավատես says:

    Ցանկացած կախվածություն՝ դա անփորձության պատճառով է, փորձառուն անփորձից տարբերվում է նախավարժանքի հանդեպ վերաբերմունքով, անփորձը միանգամից մեծ արդյունք է ուզում ստանալ՝ արհամարհելով ինչ որ մանր մունր նախավարժանքների անհրաժեշտությունը, իսկ փորձառուի համար նախավարժանքը սուրբ գործ է եւ մեծ արդյունքից առաջ լիքը մանր արդյունքներով նախավարժանքներ է կատարում։ Ուզում ես բարդ խնդիրներ լուծես՝ սկզբից լիքը պարզ խնդիրներ լուծի, ուղեղի ՝մկանների՝ նախավարժանք կատարի, ուզում ես մեծ գումար աշխատես՝ մի խորշիր նախապես լիքը մանր գումարներ աշխատելուց, նմանապես քաղաքական մեծ նպատակների իրագործման համար պետք է իրացնել լիքը մանր մունր քաղաքական նպատակներ։ Անփորձն առանց նախավարժանքի շատ մեծ հավանականությամբ անհաջողության է հասնում ու ՝կոտրվում է՝ ու վախենալով էլի կոտրվի՝ անգործության է մատնվում, ինքնագնահատականը իջնում է, բարդույթների մեջ ընկնում ու հայտնվում փնթփնթանների ու բողոքողների ամբոխի մեջ։

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930