Սեպտեմբերի 21-ին ՀՀ Անկախության 25-ամյակի առիթով մշակութային միջոցառումների առանցքը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք «Անկախության սերունդ» խորագրով հոբելյանական համերգն է, որ համախմբել է հայաստանյան մարզերի եւ Արցախի ավելի քան 1000 պատանի ու երիտասարդ երաժիշտ-կատարողների: Նախագծի հեղինակն ու դիրիժորը 16-ամյա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանն է: Ծրագիրը, որ կազմված է բացառապես հայ կոմպոզիտորների ինչպես նախկինում, այնպես էլ վերջին 25 տարիներին գրված դասական ստեղծագործություններից, կմեկնաբանեն համահայաստանյան նվագախումբն ու երգչախումբը եւ մեներգիչներ: Համերգը, որ ենթադրում է մեծ պատրաստվածություն եւ պատասխանատվություն, աշխարհին այս անգամ հայ մշակույթը ներկայացնելու հայտ է:
Հոբելյանի նախօրեին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ դարձյալ անկախության հոբելյանին նվիրված երեկո՝ մասնակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան): Որպես մենակատարներ իսկապես փայլուն կատարումներով հանդես եկան աշխարհում այսօր արդեն հայտնի նվագախմբերի եւ համերգասրահների ցանկալի հյուրեր՝ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը եւ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը: Խաչատրյանի մեկնաբանմամբ Շոստակովիչի թիվ 1 կոնցերտը պարզապես անթերի էր: Հախնազարյանի մատուցմամբ էլ Դվորժակի կոնցերտը «նույն հարթության վրա» էր: Այս գնահատականները համերգի ավարտին հնչեցնում էին մեր ճանաչված արվեստագետները: Իսկ Ֆրանսիայի Լիլ քաղաքի կոնսերվատորիայում սովորող 13-ամյա դիսկանտ Հակոբ Ղասաբյանի կատարումներից (Կաչչինի՝ «Ավե Մարիա», Վեբեր՝ Pie Jesu, Կոելի՝ Halleluyah) հետո դահլիճը իրավամբ «պայթում» էր:
Հիշեցնենք, որ Սիբելիուսի անվան մրցույթում (Հելսինկի, 2000թ.) եւ թագուհի Էլիզաբեթի անվան մրցույթում (Բրյուսել, 2005թ.) հաղթելուց հետո սկսվեց Սերգեյ Խաչատրյանի միջազգային ճանաչումը:
Նարեկ Հախնազարյանի գործունեությունն աշխարհում խթանեցին 2 մրցույթներ՝ Արամ Խաչատրյանի (Երեւան, 2006թ.) եւ Չայկովսկու անվան (Մոսկվա, 2011թ.):
Ինչ վերաբերում է Հակոբ Ղասաբյանին, պատանի երգչին Եվրոպան ճանաչեց France 2 հեռուստաալիքի «Շնորհալիներ 2015» նախագծից, որտեղ նա հաղթող ճանաչվեց, իսկ հայրենիքում՝ 2016թ. կայացած «Նոր անուններ» միջազգային փառատոնից:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
21.09.2016 թ.