Լրահոս
Օրվա լրահոսը

«Անկախությունը հռչակագիրը չէ, ՄԱԿ-ում դրոշակ բարձրացնելը չէ». Ռուբեն Բաբայան

Սեպտեմբեր 21,2016 23:04

«Մենք այդքան էլ լավ չգիտակցեցինք՝ ինչ բան է անկախությունը: Մեզ թվաց, որ դա Անկախության հռչակագիրն է, ՄԱԿ-ում Հայաստանի դրոշակ բարձրացնելը, տարբեր երկրների դեսպանատներն այստեղ ունենալը: Բայց անկախությունը մեծագույն պատասխանատվություն է՝ ինքնուրույն իշխել սեփական ճակատագրին, եւ ա՛յ, այստեղ կար մեծ թերություն»,- Հայաստանի 25 տարվա անկախության մասին «Առավոտի» հետ զրույցում ասում է մտավորական Ռուբեն Բաբայանը:
Այս օրը Հայաստանի Հանրապետությունը 25 տարի առաջ հռչակվեց անկախ պետություն: ՀՀ գլխավոր օրենքում՝ Սահմանադրությունում, գրված է՝ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:
Ինչպե՞ս վերաբերվեցինք մեր անկախությանը այս 25 տարիների ընթացքում, ինչպիսի՞ պետություն կառուցեցինք, իշխանությունը ժողովրդի՞նն է՝ այս հարցերին ի պատասխան Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարն ասում է. «25 տարին այնքան էլ փոքր տարիք չէ, 25 տարում որոշվում է մեկ սերնդի տարին, հասունացման տարիք է: Ձեռքբերումները կարող էին շատ ու շատ ավելին լինել»:
Ինքնուրույն իշխել սեփական ճակատագրին. այ, այստեղ, ինչպես նշում է մտավորականը, մեծ բացթողում ունեցանք, եւ այս բացթողումներն ու թերությունները Բաբայանը չի ցանկանում վերագրել կոնկրետ անձերի կամ կուսակցությունների, մարդկանց ինչ-որ խավի, ասում է. «Խոստովանենք՝ սխալը համընդհանուր է, եւ մինչեւ հիմա մենք այդ սխալի, մտածողության սխալի պտուղները դեռ կրում ենք: Մենք սպասում ենք փրկիչների, մենք սպասում ենք հովանավորների, մեր հայացքը շատ հարցերում ուղղված է դեպի անցյալ: Մենք փորձում ենք ուղղել անցյալը, փորձում ենք անցյալում գտնել այն երաշխիքները, որոնք կարծես թե կապահովեն մեր վաղվա օրը: Կարծում եմ՝ մտածողության փոփոխությունն էլ երկրին տեր կանգնելն է: Սա մի քիչ դեմագոգիկ է հնչում, բայց երբ խոսում ես քո անձնական ճակատագրին տեր կանգնելու մասին, այստեղ շատ ավելի պարզ է եւ շատ ավելի բարդ է: Որովհետեւ, տեսեք, նույնիսկ այն մարդիկ, որոնք հասել են հաջողության, ասենք՝ բիզնես-ոլորտում, թե այլ տեղ, նրանք, իրականում, այնքան էլ անկախ չեն: Նրանց այդ անձնական հաջողությունները պատված են էլի հին մտածողությամբ՝ հովանավոր ման գալով ստեղծել հատուկ պայմաններ»:
Մտավորականն ասում է՝ մենք այնքան էլ պատրաստ չենք օվկիանոսում ազատ լողալուն, եւ դրա համար պետք էր լողալ սովորել. «25 տարին բավական էր, որ հասկանային՝ միակ ճիշտ ճանապարհը դա է: Վերջին 2-3 տարվա ընթացքում մտածողության տեսակետից շատ ավելի մեծ առաջընթաց եղավ, քան 20 տարվա ընթացքում: Մենք սկսեցինք ստանալ շատ դառը դասեր, բոլորն են ստանում դասեր, բայց կարեւորը՝ դասերն ինչպե՞ս ես օգտագործում՝ անիծելո՞վ ճակատագիրը, թե՞ օգուտ քաղելով: Սա կարեւոր է, որպեսզի յուրաքանչյուր վրիպումից կարողանանք դասեր քաղել, հասկանալ՝ ինչո՞ւ այս վիճակին հասանք»:
Հայաստանի 3-րդ հանրապետության կերտման ճանապարհին ունեցանք ողբերգական էջեր՝ Հոկտեմբերի 27, Մարտի 1, «Սասնա ծռեր». ի՞նչ փոխեցին մեր կյանքում այս իրադարձությունները, հետեւություններ կարծես թե չեղան՝ մեր այս դիտարկմանը մտավորականն այսպես է արձագանքում. «Ողբերգական իրադարձություններ ամեն պետության պատմության մեջ լինում են՝ նախագահի սպանություն, պառլամենտում՝ կրակոցներ, պետական կառույցի գրավում եւ այլն:
Կարծում եմ՝ կարեւոր է, թե ինչպես ենք արձագանքում՝ արդյոք մենք պատրա՞ստ ենք մեր միջից հանել դա, դիմադրել դրան, հասկանալ՝ եթե դու ցանում ես չարի սերմեր, պիտի հասկանաս, որ դրանք ի վերջո ծիլ են տալու, եթե հանցագործին չես պատժում միայն այն բանի համար, որ նա յուրային է, բազմաթիվ հանցագործներ են ծնվում, որովհետեւ մտածում են՝ հանցագործությունը կոծկելու ճանապարհներ կան, եւ միայն պետք է դրանք գտնել: Օրինականության պակասը մեր ամենախոշոր թերացումներից է. մենք չստեղծեցինք այնպիսի արդարադատության համակարգ, որպեսզի մարդիկ հաճույքով դիմեն դատարան, ցանկանան դիմել ոստիկանություն, որպեսզի այդ Սովետական Միության պատժիչ մեքենան ընկալվի մեր կողմից որպես պաշտպանող մեքենա: Սա մենք շարունակում ենք նույն ձեւով ընկալել, որովհետեւ իրականում գործառույթները չեն փոխվել, կոսմետիկ որոշ փոփոխություններ են եղել, բայց բուն իմաստով պատժիչ գործողությունն է, իսկ պատժիչ գործողությունը արդարացված է այն ժամանակ, երբ վերականգնում ես արդարությունը, այլ ոչ թե կոծկում»:
Ռուբեն Բաբայանն անկախ Հայաստանում ուզում է տեսնել ազատ հասարակություն. ասում է՝ ազատ ու պատասխանատու, 21-րդ դարի հասարակություն. «Որը կհասկանա՝ երկրագունդը փոքր է, եւ մենք բոլորս կապված ենք միմյանց հետ, չկա ուրիշի դժբախտություն, մենք շաղկապված ենք ամբողջ աշխարհի հետ: Այն, ինչ մենք վերագրում ենք միայն մեզ, իրականում այդպես չէ, պետք է անցնել այն ուղին, որ այլ ժողովուրդներն անցել են, միգուցե մենք չենք անցել, գուցե պետք է թռիչք կատարել: Մենք չենք հասկանում՝ ատելությունը, որը տիրում է հասարակությունում, երբեւիցե դրական արդյունք չի տալու»:
Մեր հասարակությունը, ըստ մտավորականի, ազատ չէ: Սա, Ռուբեն Բաբայանի դիտարկմամբ, կրթությունից է կախված. նկատում է՝ դպրոցներում մինչ օրս ուսուցիչներին դիմելաձեւը «ընկեր»-ն է:
«Պետականության կերտման հարցում շատ մեծ դեր ունի մտավորականությունը, նա չպետք է վախենա ո՛չ ընդդիմությունից, ո՛չ հասարակությունից, ո՛չ իշխանությունից: Նա պիտի պատրաստ լինի քարկոծվել բոլորի կողմից: Մեր դերը նույնիսկ չհասկացված լինելու մեջ է»,- ասում է Ռուբեն Բաբայանը:
Սեպտեմբերի 21-ն, ըստ Բաբայանի, ամենակարեւոր տոնն է, այն ավելի կարեւոր է, քան Ամանորն ու այլ համաժողովրդական տոները, սեպտեմբերի 21-ը պետություն կայացնելու տոնն է, եւ այն համախմբում է բոլորիս:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

21.09.2016թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930