«Մենք մեծագույն ձեռքբերումներ եւ կորուստներ ունենք, եւ երկուսն էլ զուգահեռ իրար հետ շարունակվում են»,- սեպտեմբերի 21-ին «Հոդված 3» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։
Նա համարում է, որ նույնիսկ այս իրավիճակում կարելի է ասել, որ ունենք երկիր եւ պատասխանատվություն նրա նկատմամբ, սակայն ունենք նաեւ արժանապատվության եւ պատասխանատվության մեծ պակաս․ «Մենք պատասխանատվություն ունենք թե՛ ֆորմալ, թե՛ ոչ ֆորմալ, մենք պատասխանատվություն ունենք մեր ամբողջ անցյալի պատմության բերումով, մենք պատասխանատվություն ունենք հենց այսօր եւ հենց այստեղ։ Սա ամբողջ Հայաստանը չէ՝ Հայաստանի մի փոքր մասնիկն է, որը Հայաստանի Հանրապետությունն է։
Մենք պատասխանատվություն ունենք, կարծում եմ, ողջ Հայաստանի նկատմամբ։ Պատասխանատվությունը ինքնին կա, բայց ես վստահ չեմ, որ մենք այդ պատասխանատվության իրացման եւ իրականացման պատշաճ եւ օբյեկտիվորեն հնարավոր ճանապարհն է։ Որովհետեւ, եթե մենք քննարկում ենք մեր 25 տարվա անցած ուղղին, ինքը ե՛ւ օբյեկտիվ, ե՛ւ սուբյեկտիվ պատճառներով ունեցել է խնդիրներ եւ ձեռքբերումները։ Միեւնույն ժամանակ սա այն երկիրը չէ, որը մենք մուտք էինք գործում անկախության պահին»։
Հրանուշ Խառատյանի կարծիքով՝ 25 տարի առաջվա հասարակության պատկերացմամբ պետք է Հայաստանը մի երկիր լիներ, որի բոլոր քաղաքացիները հավասարապես պետք է մասնակցեին երկրի կյանքի կառուցմանը, հավասարապես պետք է պատասխանատու լինեին․ «Իմ կարծիքով՝ սա մեր՝ անկախություն մուտք գործելու երկրորդ քայլից խոտորվել է եւ կարծում եմ՝ հենց պահից խոտորվել է թե՛ մեր պատկերացումը, թե՛ամբողջ անցած ուղին։ Նախ` հավասարության հնարավորությունը իսպառ խախտվեց դեռեւս պատերազմական տարիներին, երբ շատ անակնկալ սկսվեց երկրի ազգային հարստության քայքայումը, որի անունը սովորաբար դնում են սեփականաշնորհման գործընթաց: Եվ դրանով հիմնավորվեց այն բացասական բարոյականությունը, որը հետագայում սկսեց ազդել մեր ներքին քաղաքականի վրա։ Չգիտեմ՝ մեր անփորձության, մեր անպատրաստվածության, գուցե խորհրդային տարիների քաղաքական կյանքի մասնակցության անհնարինության եւ այլ բերումներով մենք թույլ տվեցինք, որ այդպես լինի։ Իմ սերունդը թույլ տվեց, որ այդպես լինի։ Սա ես համարում եմ մեր մեծագույն կորուստներից մեկը»։
Կարդացեք նաև
Իսկ ձեռքբերումը, ըստ ազգագրագետի, իրավական ինքնուրույնությունն է, որը կորցնում ենք․ «Մեզ հասանելի չափաբաժինը անկախության եւ ինքնուրույնության մենք կորցնում են մեր չմտածված, գուցե նաեւ մտածված քայլերով, այստեղ, ցավոք սրտի, տեսնում եմ մեր մեծագույն կորուստը՝ մենք համաձայնվում ենք կորցնել անկախության եւ ինքնուրույնության մեզ հնարավոր հասանելիք չափաբաժինը»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ