Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանն այսօր Հանրապետության հրապարակում մեր երկրի անկախության 25-ամյակի առիթով կազմակերպված զորահանդեսից հետո իր շքախմբով այցելեց «Made in Armenia- արտադրված է Հայաստանում» ցուցահանդեսին: Նա մոտեցավ մուքտի մոտ ցուցադրվող հակակարկտային կայաններին, հարցուփորձ արեց, ապա Հայ ոսկերիչների միության նախագահ Գագիկ Գեւորգյանի ուղեկցությամբ շրջեց հայ արտադրողների տաղավարներով:
Պարոն Օհանյանը շրջեց ավտոմեքենայով, որը նախատեսված էր այդպիսի տարածքներում շրջելու համար:
Պարոն Օհանյանի ավտոմեքենան արագ անցավ հայ արտադրողների կողքով:
Այս ցուցահանդեսում ցուցադրվում են նաեւ մեր երկրի պաշտպանությանն առնչվող սարքեր` այդ թվում եւ սահմանային համակարգեր: Այդ ընկերություններից է PSI ընկերությունը, որի տնօրեն Սամվել Գեւորգյանն նախօրեին Arvot.am-ի հետ զրույցում, ներկայացնելով իրենց ընկերության արտադրանքը, ասել էր , որ միջազգային հարթակներում բազմաթիվ մրցանակներ են շահել իրենց համակարգերը, սակայն պաշտպանության ոլորտի մեր պաշտոնյաները դրանցով հետաքրքրված չեն:
Այսօր սակայն գործարար Սամվել Գեւորգյանը հնարավորություն չունեցավ եւս մեկ անգամ իր սարքերը նախարարին ցուցադրելու, քանի որ մայրաքաղաքի որոշ ճանապարհներ զորահանդեսով պայմանավորված փակ լինելու պատճառով ընկերությունն այսօր չէր մասնակցում ցուցահանդեսին: Նրանք մյուս արտադրողների պես իրենց արտադրանքը չեն թողնում Էքսպոյում, տանում-բերում են, քանի որ տեխնոլոգիական գաղտնիություն են պարունակում:
Ցուցահանդեսը կազմակերպվել է սեպտեմբերի 19-22-ը «Մերիդիան» էքսպո կենտրոնում` Զարգացման հայկական հիմնադրամի նախաձեռնությամբ:
https://www.youtube.com/watch?v=nE5cUdWmJr4&feature=youtu.be
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ