Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Արծրունի.«Անկախության նկատմամբ վերաբերմուքը փոխվում է ցինիկ մեկնաբանության»

Սեպտեմբեր 21,2016 17:37

«Ես անկախությունն առաջին հերթին ընկալում եմ որպես բացարձակ արժեք եւ իմացաբանական կատեգորիա: Այն, որ այդ հասկացությունը խիստ հակասության մեջ է այն հարաբերությունների հետ, որը տիրում է մեր երկրում, սա մի այլ խնդիր է: Այսինքն՝ մի իրականություն, որը բացի դժգոհությունից, տառապանքից, եւ բացի օտարումից այդ հիմանարար հասկացություններն ուրիշ բան չեն ծնում»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպես բնութագրեց երգահան Վահան Արծրունին Հայաստանի հանրապետության 25- ամյա անկախությունը:

Երգահանի կարծիքով՝ մեր հանրութան շրջանում անկախության նկատմամբ վերաբերմուքն է փոխվել, այն կամաց-կամաց վերափոխվում է ցինիկական մեկնաբանության, ընկալման, եւ շատ դեպքերում, նույնիսկ, մերժողականության. «Սա հետեւանքն է ոչ այն բանի, որ անկախություն ունեցանք եւ չպահեցինք, այլ հետեանք է այն բանի, որ անկախության հասնելով՝ մենք այնպիսիս մուտացիայի ենթարկեցինք ե՛ւ մեր պետականությունը, ե՛ւ մեր հանրությունը, ե՛ւ բարոյականութունն ու ամեն ինչ, որ այսօր իմ նկարագրած իրականությունը խիստ հակասական հարաբերությունների մեջ է հայտնվում բուն իմացությունների հետ: Ես ոչ միայն անկախությունը նկատի ունեմ, անկախությունից սկսվում է այն, ինչ վերջի վերջո ձեւավորում է պետություն եւ պետականություն կոմպլեկսը, այսինքն՝ սրա հետեւանքն է այդ պետության քաղաքացու նկարագիրը՝ ե՛ւ իրավաբանական, ե՛ւ սոցիալական, ե՛ւ բարոյական, մեր ազգային կեցվածքը»:

Անկախ Հայաստանի 25 տարիների ընթացքում, ըստ Վահան Արծրունու, ձեւավորվել է որոշակի կառավարման տիպ, որը որդեգրել է որոշակի կառավարման մեթոդներ եւ ձեւավորել է այն պատկերը, որն այսօր նկարագիրն է տալիս մեր երկրի վարչական սիստեմի.«Հանրությունը, որը դեռեւս ձեւավորման ընթացքում է, եւ իրենք չկարողացան 25 տարում համակարգել որոշակի ոլորտներն այնչափ, որ գոնե հասկանան՝ ստեղծեցին մեխանիզմներ օրենքի շրջանցման եւ օրենքը ենթակայացնելու, որոշակի ոլորտներում կապեր հաստատելու, եւ այդ կապերով ստեղծելու իրենց համար հարստացման մեխանիզմներ»:

Երգահանի խոսքերով՝ քաղաքացիական հասարակությունը դեռեւս ձեւավորման ընթացքում է, եւ կան անհատականություններ, որոնք ի զորու են օբյեկտիվ եւ ողջամիտ վերաբերմունք ունենալ այս ամենին եւ ճշգրիտ գնահատել: Բայց այսօր, ինչպես նշեց երգահանը, երբ ազգովին պետք է տոնենք անկախության տոնը, մենք տեսնում ենք, որ սա դարձել է  բնակչության որոշ մասի տոնը:

Անկախության առաջին տարիները, Վահան Արծրունու կարծիքով, բացի նվաճումներից ոչինչ չեն տվել, առաջին հերթին այդ տարիների ընթացքում վերահաստատվել են սահմանները, կերտվել են նոր սահմաններ, ստեղծվել է բանակ, ստեղծվել են բոլոր նախադրյալները, որպեսզի վերջապես ձեւավորվի ազատ եւ անկախ պետության, քաղաքացի հայի մի տեսակ.«Իսկ մնացած տարիների ընթացքում որոշակի մեթոդաբանություն է ձեւավորվել, որի հիմքում բռնությունն է՝ տարբեր դրսեւորումներով, վերջին  դրսեւորումներից մեկն էլ օրերս Գյումրու քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնծուի որդու մահն է: Սա մեծ շղթա է, որը սկիզբ է առել անկախության հաստատումից հետո, որը կապ չունի անկախության հետ, կապ չունի այդ գաղափարի հետ, եւ, միանշանակ, այդ արժեքի հետ: Այն պարզապես օգտագործվել է, որ ստեղծվեն այն էֆեկտները, որին մենք ականատեսն ենք, որոնց հետ մենք չենք կարող մերվել: Սրա հետեւանքը քաղաքացիական շարժումներն են, սկսած քաղաքակիրթ տեսակներից՝  քաղաքակիրթ աշխարհին հատուկ ձեւերը՝ միտինգները, պիկետները, եւ ծայրահեղ դրսեւորումները, որը «Սասնա ծռերն է»:

Վահան Արծրունու կարծիքով՝ 25- ամյա անկախ Հայաստանում խիստ բեւեռացում կա, եւ այդ բեւեռացումը ոչ միայն սոցիալական է, այլեւ՝ գաղափարային.«Այդ երկու հսկայական բեւեռներից մեկն է՝ այս երկիրը մի հսկայական միջոց է հարստaնալու, ինքնահաստատվելու, վերաբաշխելու սեփականությունը, բնությունն ապականելու, հանրությունից իր պատառը փախցնելու: Իսկ մյուս բեւեռում՝ կուտակված անկարողության, ապատիայի, եւ անելիության զգացողության վերապրումը, եւ այդ արանքում գտնվում է այն, ինչ կոչում ենք պետություն: Ես խորը ճգնաժամի բնութագիրն եմ տալիս, այդ ճգնաժամը, որը արտահայտվում է ե՛ւ բարոյական, ե՛ւ տնտեսaկան ու բոլոր ոլորտներում, ծնվել է այդ երկու բեւեռների մեջ ընկած հսկայական դատարկության պատճառով»:

Երգահանը վստահ է` այս խորը ճգնաժամը, այս իրավիճակը փոխելու համար շատ քիչ բան է պետք.«Ընդամենը ազնվություն, ազգային շահերի գերակայության զգացողություն, եւ սրանով կարելի է նկարագել հայրենասիրությունը»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարը՝ Վ.Արծրունու ՖԲ էջից:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930