Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ ու Վարդեւան Գրիգորյանի որդու միջև ցուցապաստառի պատճառով վիճաբանություն չի եղել»․ «Գյումրեցու ոգի» կուսակցության հիմնադիր (Տեսանյութ)

Սեպտեմբեր 21,2016 17:07

Aravot.am-ը  տեղեկացրել էր  , որ Գյումրու Շառլ Ազնավուր հապարակից 100 մետր հեռավորության վրա հայտնվել է զառերով մի ցուցապաստառ, որն իրականում քաղաքական խայթոց էր ՝ ուղղված ԲՀԿ-ական թեկնածու Վարդեւան Գրիգորյանին։ Այդ ժամանակ ԲՀԿ գրասենյակից մեզ փոխանցեցին, որ  չեն ուզում անդրադառնալ այս թեմային։

Սակայն քաղաքական այդ խայթոցին հաջորդեց թեկնածուի 25-ամյա որդու՝ Արշակ Գրիգորյանի առեղծվածային մահը՝ ցնցելով ողջ Գյումրին։ Մամուլն առաջ քաշեց ցուցապաստառի ու երիտասարդի մահվան կապը՝ ենթադրելով, որ ցուցապաստառը կարող էր շարժառիթ դառնալ ողբերգության․ Արշակ Գրիգորյանը կարող էր գնալ ու հաշիվ պահանջել այդ ցուցապաստառը փակցնողներից։

gyumrecu-vogi gyumriԵրեկ արդեն հայտնի դարձավ, որ Գյումրու այդ հատվածը ցուցապաստառներ փակցնելու  նպատակով վարձակալել էր  Սամվել Բալասանյանի նախկին խորհրդականը, Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող  «Գյումրեցու ոգի» կուսակցության հիմնադիր Սահակ Սահրադյանը։ Նա, ի դեպ, Բալասանյանի ավագ որդու՝ Միքայել Բալասանյանի ընկերն է։ Այսօր այցելեցինք  «Գյումրեցու ոգի» կուսակցության գրասենյակ՝ պարզաբանումներ ստանալու Սահակ Սահրադյանից շրջանառվող վարկածի շուրջ։

Վերջինս ասաց․ «Բոլորս Գրիգորյանների հետ սգում ենք, ցավակցում ենք։ Բնականաբար քարոզարշավի ռեժիմից դուրս ենք եկել, մենք Վարդևան Գրիգորյանի հետ քաղաքական մրցակիցներ չենք այլևս անկախ ամեն ինչից, որովհետև վշտի մեջ մարդը չի կարող այլևս լինել քաղաքական մրցակից, մեր համար վիշտը սրբություն է, դրա համար չենք ուզում անդրադառնալ քաղաքական բովանդակության որևէ  պաստառի, բուկլետի․․․ Ընդամենը ուզում եմ ասել, որ պաստառի վարկածն անհեթեթություն է, չէր կարող պաստառի պատճառով նման բան տեղի ունենալ, որովհետև քաղաքական մրցապայքարը ենթադրում է հենց քաղաքական գործիքների կիրառում։ Ասեմ նաև, հիմա չեմ ուզում անուններ տալ, որովհետև դադարեցրել ենք քարոզարաշավը, բայց անպայման այն մարդկանց անուններն եմ տալու, ովքեր անբարոյության իրենց էյֆորիայի մեջ, դեռ երիտասարդի մարմինը չսառած, փորձում էին քաղաքական դիվիդենտեներ հավաքել, քաղաքական միավորներ շահել այս ամեն ինչից։ Սա Գյումրուն հարիր չէ, սա ընդհանրապես մարդկային որևէ տրամաբանության մեջ չէ։ Նման մարդիկ ոչ միայն իրավունք չունեն Գյումրի գնալ- գալու, այլ Գյումրիում ապրելու, Գյումրու բարբառով խոսելու, սա անբարոյության վերջն է»։

Մենք Սահակ Սահրադյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ էր որոշել զառերով պաստառ փակցնել ու սև PR անել ԲՀԿ թեկնածուին, ո՞րն էր դրա իմաստը։ Սահակ Սահրադյանն ասաց․ «Ես ցուցապաստառի բովանդակության հետ այս պահին որևէ մեկնաբանություն չեմ անելու, մենք քարոզարաշավը դադարեցրել ենք»։
Նա ասաց, որ ցուցապաստառի բովանդակությանը կանդրադառնա սգո օրերից հետո,  սակայն նշում է, որ զառերով ցուցապաստառ քաղաքում երկու տեղ է փակցրել, երկուսն էլ հեռու չեն միմյանցից։ Սահակ Սահրադյանը կարծում է, որ միջադեպը ողբերգություն է, այն չի ստվերում քաղաքական գործընթացը Գյումրիում։ «Դուք քաղաքականացնում եք մարդու  ընտանիքի դժբախտությունը, դա առնվազն ճիշտ չէ», -ասում է Սահակ Սահակյանը։

Նա պնդում է, որ Արշակ Գրիգորյանը այդ ցուցապաստառի հետ կապված իրեն չի հանդիպել։ «Ես հայտարարում եմ, որ այդ ցուցապաստառի հետ կապված ինձ որեւէ մարդ ո՛չ զանգել է, ո՛չ հանդիպել է, ո՛չ որևէ հարց քննարկվել է, ո՛չ ձեր ասած ռազբոռկան է եղել, ո՛չ էլ կարող էր լինել, որովհետև ես ռազբոռկա անող չեմ ընդհանրապես, ես քաղաքական-հասարակական տիրույթի մարդ եմ, ու այդ ռազբոռկան իմ բանավեճն է, հրապարակային բանավեճն է։ 10 օր առաջ Վարդևան Գրիգորյանի հետ եղել եմ հրապարակային բանավեճի մեջ եթերում։ Աստված տար չլիներ այս ողբերգական իրադարձությունը, նորից պատրաստ կլինեի այդ թեկնածու հետ բանավիճել, քննադատել, խփել քաղաքական իմաստով, հարվածներ ընդունել, սա քաղաքական գործընթաց է իմ պատկերացրած տրամաբանությամբ։ Քաղաքական գործընթացի իմ չընդունած տրամաբանությունն այն անբարո վարքն էր, որ դրսևորեցին որոշ մարդիկ, սկզբում  ուղղորդում էին իբր թե սկզբում սպանություն, հետո ինքնասպանություն՝ կապված պաստառի հետ, դրանով էդ մարդկանց եք վիրավորում»։

Սահակ Սահրադյանին քննչական կոմիտե չեն հրավիրել՝ ցուցապաստառի ու Արշակ Գիրգորյանի մահվան միջև շրջանառավող վարկածը քննարկելու։

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930