1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի քաղաքացիներս կատարեցինք պատմական ընտրություն՝ կողմ քվեարկելով Անկախության հանրաքվեին։
1991 թվականի սեպտեմբերի 21-ի ընտրությամբ հայ մարդն իրավունք ստացավ կոչվելու նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի։
1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեով Հայաստանի Հանրապետությունը լեգիտիմ իրավունք ստացավ՝ դառնալու աշխարհի պետությունների ընտանիքի լիիրավ անդամը։
1991 թվականիսեպտեմբերի 21-ի միասնականությամբ Հայաստանի Հանրապետությունը ստացավ սեփական ճակատագրի վերաբերյալ ինքնիշխան որոշումներ կայացնելու՝ միջազգայնորեն ճանաչված իրավունք, և այդ որոշումների համար պատասխանատվություն կրելու ներքին պարտավորություն։
1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեով Հայաստանի Հանրապետությունն իրականություն դարձրեց դարեր շարունակ համազգային իղձ համավող պետություն ունենալու ցանկությունը։
1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեով Հայաստանի քաղաքացիները կատարեցին այլընտրանք չունեցող ընտրությունը՝ ազատ ու անկախ երկիր ունենալու ընտրությունը։
Այսօր՝ 1991 թվականի սեպտեմբերի 21-ից 25 տարի անց, մենք կանգնած ենք մարտահրավերների առաջ, որոնք վտանգում են 25-ամյա վաղեմության մեր հավաքական որոշումը։ Բայց այսօր նաև վճռական ենք՝ առավել քան երբևէ, կատարելու այդ ընտրությունը, որը 1991 թվականի հանրաքվեի արդյունքները ևս մեկ անգամ արձանագրելու ու այդ արձանագրումն անսասան ու անբեկանելի դարձնելու ընտրություն է։
Հայոց Համազգային Շարժում կուսակցությունը շնորհավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, աշխարհասփյուռ հայ ժողովրդին՝ Անկախության 25-ամյա տարեդարձի առթիվ՝ վստահություն հայտնելով, որ համատեղ ուժերով կկարողանանք ապացուցել 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեի արդյունքների իրավացիությունն ու անայլընտրանքայնությունը։
Շնորհավոր Անկախության տոնը
Հայոց Համազգային Շարժում կուսակցություն