«Հայ-Արտ» մշակութային կենտրոնում սեպտեմբերի 17-ից բացվել է ժամանկակից նկարիչ Սերգեյ Իսավերդյանի անհատական ցուցահանդեսը:
Իսավերդյանը ավարտել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, այնուհետև Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի գեղանկարչության բաժինը: Նկարչի 85-ամյա տատիկը մեզ հետ զրույցում խոստովանեց. «Սերգեյը չէր կարող որպես տնտեսագետ աշխատել, հայրն էլ ղարաբաղյան պատերազմի տարիներին նկարում էր ու վաճառում: Փոքրուց տեսել է, թե հայրը ոնց է նկարում, ինքն էլ շատ է սիրում նկարչություն: Իրականում արվեստագետները միշտ էլ այդքան լավ չեն ապրում, բայց նրանք պիտի հենց իրենց գործով զբաղվեն»:
Սերգեյ Իսավերդյանը գեղանկարչության բաժնի մագիստրատուրան ավարտել է ՀՀ ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանի արվեստանոցում, որը ևս ներկա էր ցուցահանդեսի բացմանը: «Հպարտ եմ, որ Սերգեյի պես ուսանող եմ ունեցել: Ես տեսել եմ, թե նա ինչպես է աշխատել, ինչ մեծ ցանկությամբ, և այսօր արդյունքը երևում է: Սերգեյի կտավներում ես տեսնում եմ նրա ապրած օրերը, այստեղ պետք չէ խոսել տիեզերական թեմաներից, սրանք պարզ մարդկային զգացմունքներ են»,-ասաց պարոն Միրզոյանը:
Ինքը՝ նկարիչը, նկարելուց չի էլ պատկերացնում, թե վերջում ինչ կստացվի, բայց շեշտում է, որ ամեն ինչ ազդում է իր ստեղծագործությունների վրա՝ հասարակական կյանքից մինչև նեղ անձնականը: Օրինակ, «Փախուստ» կտավը արձագանքն է Սարի թաղի հայտնի դեպքերի, մեկ այլ աշխատանքում իր փոքրիկ դուստրն է: «Ամեն անգամ, երբ ինձ զայրացնում է, դուրս եմ գալիս, որ գնամ: Վազում է, կանգնում շքամուտքում և ասում՝ «բայց դյու չես կարա գնյաս»,-ժպիտով պատմում է Սերգեյ Իսավերդյանը:
Կարդացեք նաև
Մարիամ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Լուսանկարները Հասմիկ Սիրունյանի: