«Միշտ մտածել ենք, որ Հայաստանի համար ամենալավը պիտի լինի, մեզանից հետո էլ պիտի մարդիկ գան ու մտածեն, որ ավելի լավը պիտի լինի Հայաստանի համար,- այսօր Եռաբլորում լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ահա այսպես շնորհավորեց Անկախության 25-ամյակի առթիվ:
Դիտարկմանը, որ ընդդիմախոսներն ասում են՝ համաներում չեղավ եւ 25-րդ տարեդարձը անկախության համար պայքարած մարդիկ բանտերում են դիմավորում, Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Դե ընդդիմախոսներ են, մի բան պիտի ասեն: Հենց նրա համար են ընդդիմախոսներ, որ մեզ միշտ քննադատեն: Թե որքան են ճիշտ մեզ քննադատում՝ ժամանակը կպարզի»:
Հարցին՝ անհրաժետություն տեսնո՞ւմ եք, որ Շանթ Հարությունյանին, Վոլոդյա Ավետիսյանին ազատ արձակեն՝ նա պատասխանեց, որ բոլորի համար էլ տեսնում է հնարավորություն, որ պիտի ազատ արձակվեն ինչ-որ ժամանակ:
Անդրադառալով նոր նախարարներին՝ Գալուստ Սահակյանն ասաց, որ որոշներին ճանաչում է, որոշների կենսագրությունը գիտի. «Ինչ-որ չափով փորձառություն ունեն: Նաեւ գտնում եմ, որ առաջիկայում հնարավոր կլինի որոշակիորեն փոփոխության ենթարկել մեր երկրի տնտեսությունը»:
Կարդացեք նաև
Խոսելով Գագիկ Բեգլարյանից, Գագիկ Խաչատրյանից ազատվելու մասին՝ Գալուստ Սահակյանն ասաց. «Նրանք մեր ժամանակի մարդիկ են, նրանք էլ ապրելու իրավունք ունեն: Երբեք չի եղել որեւէ պահ, երբ ցանկանանք որեւէ մեկին հանել, դրա համար արգելքներ լինեն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ