Այսօր առավոտյան իշխանության բարձրաստիճան պաշտոնյաները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այցելեցին Եռաբլուր եւ ծաղիկներ դրեցին սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Զորավարի շիրիմներին:
Սերժ Սարգսյանին լրագրողները մի քանի անգամ խնդրեցին գոնե այս տոնական օրը պատասխանել մի քանի հարցի, գոնե ասել, թե այս 25 տարիների ընթացքում ինչ ձեռքբերումներ ենք մենք ունեցել: Սերժ Սարգսյանը լրագրողներին նկատողություն արեց, որ կարող էիք նախ ինձ շնորհավորել: Երբ լրագրողներն ասացին՝ շնորհավորում ենք, նախագահը արձագանքեց՝ «Շատ-շատ շնորհակալ եմ» ու մեջքով պտտվեց, այլեւս որեւէ հարցի չպատասխանեց: Նա անպատասխան թողեց նաեւ մեր հարցը՝ բայց մենք լիովին անկա՞խ ենք:
Կարդացեք նաև
Ինչպես միշտ, նախագահի եւ մյուս պաշտոնյաների անվտանգութան աշխատակիցներն անընդհատ լրագրողներին հրում էին այս ու այն կողմ, թույլ չէին տալիս նորմալ նկարահանել, լուսանկարել, փակում էին ճանապարհը:
Մինչ Սերժ Սարգսյանի ժամանումը Եռաբլուր էին եկել վարչապետ Կարեն Կարապետյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը եւ այլք:
Ի դեպ, Բակո Սահակյանը նույնպես չէր ցանկանում պատասխանել լրագրողների հարցերին: ԼՂՀ մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ասաց, որ մենք արդեն ուղերձ ենք տարածել, իսկ Բակո Սահակյանը հավելեց, որ ելույթ է ունեցել եւ շնորհավորել: Հողերը հանձնելու մասին հարցին ի պատասխան՝ Բակո Սահակյանը հերքեց՝ ասելով, որ նման բան չի կարող լինել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ