Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի «Պանրագործական ընկերություն» ԲԲԸ–ի տնօրեն Թաթուլ Բաղդասարյանը 2007 թվականի ամռանը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանի հետ համաձայնության է գալիս, որպեսզի իրեն պատկանող գործարանի տարածքում համատեղ գազալցակայան կառուցեն։
Թաթուլ Բաղդասարյանը Armtimes.com-ին պատմեց, որ Հայկազ Բաղմանյանը սկզբում իր օգնականի միջոցով է պայմանավորվել, իսկ երբ տարածքն արդեն ուսումնասիրել է, կապ է հաստատել նրա հետ, որից հետո նրանք հանդիպել են։ Պայմանավորվել են, որպեսզի 70/30 հարաբերակցությամբ կիսեն ապագա բիզնեսի շահույթը (70 տոկոսը՝ Հայկազ Բաղմանյանին)։ Դրանից հետո, Թաթուլ Բաղդասարյանը փորձել է իրենց բիզնեսի փաստաթղթավորումն անձամբ իրականացնել, սակայն որեւէ պետական կառույց նրան գազալցակայան կառուցելու եւ շահագործելու թույլտվություն չի տվել։ Եվ օրերից մի օր Բաղդասարյանը տեղեկացել է, որ իրավունք ունեն գազալցակայանը գործարկել առանց որեւէ իրավական փաստաթղթի։
«Դրանից հետո Հայկազը սկսեց «սիլավոյ» աշխատել եւ 2007 թվականի դեկտեմբերի 31-ին գազալցակայանը շահագործվեց առանց որեւէ փաստաթղթի, առանց թույլտվության՝ իրեն բնորոշ»,- ասաց Թաթուլ Բաղդասարյանը։
Շահագործումից երեք ամիս անց, սակայն, Բաղդասարյանին չի հաջողվում Հայկազ Բաղմանյանից ստանալ շահույթի իր մասնաբաժինը։ Այս պատճառով նրանց հարաբերությունները լարվում են։
Կարդացեք նաև
2008 թվականի մարտի 1-ի առավոտյան՝ ժամը 7-ին, Հայկազ Բաղմանյանը զանգահարում է Թաթուլ Բաղդասարյանին եւ հանդիպում պահանջում։ Նրանք հանդիպում են Երեւանի Մաշտոց պողոտայում գտնվող նախկին «Բեսթ» սուպերմարկետի դիմաց։ Պայմանավորվում են, որ եւս երկու ամիս կանցնի, եւ շահույթը նախկին պայմանավորվածության համաձայն կբաշխեն, քանի որ Բաղմանյանն իբր վարկով գազալցակայանը շահագործել է եւ ֆինանսական որոշ խնդիրների առաջ կանգնել։ Անցնում է այդ երկու ամիսն էլ, սակայն Հայկազ Բաղմանյանն իր խոստումը չի կատարում, իսկ Թաթուլ Բաղդասարյանը դիմում է «Հայռուսգազարդ» ընկերությանը՝ պահանջելով դադարեցնել իր տարածքի գազամատակարարումը:
Տիրայր ՄՈՒՐԱԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում