Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 21-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին` Անկախության օրվա կապակցությամբ:
Ուղերձում ասված է.
«Մեծարգո՛ Սերժ Ազատի,
Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյա հոբելյանի կապակցությամբ, տոն, որը թանկ ու հիշարժան է բոլորիս համար` Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում:
Կարդացեք նաև
Հայ ժողովուրդը դարեր շարունակ երազել է իր պետականությունը վերականգնելու եւ ազատ ու անկախ ապրելու մասին: Մեր համազգային երազանքն իրականություն դարձավ 1991 թվականի սեպտեմբերին, երբ հայկական հինավուրց հողի վրա հռչակվեցին երկու անկախ հանրապետություններ: Համայն հայությունը ձեռնամուխ եղավ հայոց պետականության կերտման գործին` այդ ճանապարհին հաստատակամորեն հաղթահարելով բազում փորձություններ ու դժվարություններ, արձանագրելով փայլուն հաղթանակներ:
Մենք վստահ ենք, որ Հայաստանի Հանրապետությունում հաջողությամբ կլուծվեն բոլոր խնդիրները, եւ մեր ժողովուրդը կապրի հպարտ ու արժանավայել կյանքով:
Մեծարգո՛ Սերժ Ազատի,
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ մեր բոլոր հայրենակիցներին` փառապանծ հոբելյանի առթիվ: Մաղթում եմ խաղաղություն, բարօրություն եւ մեծագույն ձեռքբերումներ Մայր Հայաստանին ու մեր ժողովրդին»:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն