Նովոսիբիրսկում քաղաքացիներից մեկը տեսնելով, որ Ռիոյի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, բռնցքամարտիկ Միշա Ալոյանը մեքենան կայանել է կիսով չափ՝ մայթին, կիսով չափ՝ գազոնին, խիստ վրդովվել է եւ լուսանկարելով նկարը գցել սոցցանց: «Ես գնում էի իմ գործերով, երբ նկատեցի օլիմպիական խորհրդանշանով եւ պետհամարանիշերի տեղը Միշա Ալոյան մակագրությունով BMWX4 ավտոմեքենան: Դա ինձ խիստ զայրացրեց: Եթե դու չեմպիոն ես, ազգի դեմքը, առավել եւս չպետք է գազոնին կայանես», – գրել է ականատեսը:
Ինքը՝ Միշա Ալոյանը, մեկնաբանել է, որ իրեն այդտեղ կայանել թույլատրել է ավտոկայանատեղիի աշխատակիցը եւ որ բոլորն էլ այդպես են կայանում: «Մեքենան ստանալուց հետո ես որոշ ժամանակ այն առանց պետհամարանիշի վարելու իրավունք ունեմ, մինչեւ հաշվառման կանգնեցնելը», ասել է օլիմպիական փոխչեմպիոնը: Քաղաքային ՃՏ երթեւեկության կանոններով մայթին կայանելը պատժվում է 3000 ռուբլի, առանց պետհամարանիշի վարելը՝ 5000 ռուբլի կամ վարորդական իրավունքից զրկում մինչեւ երեք ամիս ժամկետով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ սոցցանցի