Լրահոս
Օրվա լրահոսը

«Այո»-ն անկեղծ էր

Սեպտեմբեր 21,2016 10:01

Չգիտեմ՝ ով ինչպես, բայց ես սիրում եմ սեպտեմբերի 21-ի տոնը: Նույնիսկ ավելի շատ, քան Նոր տարին: Որովհետեւ տարիները փոխվում են մի տեսակ մեխանիկորեն, մեր կամքից անկախ, իսկ սեպտեմբերի 21-ը՝ պայմանավորված մեր այդ ժամանակվա կամքով: Շարունակում եմ դա պնդել` ի հեճուկս այն բավականին տարածված հայտարարությունների, թե իբր Սովետի քանդվելուց, միեւնույն է, անկախություն կստանայինք: Գուցեեւ ստանայինք, բայց տվյալ դեպքում կարեւոր է, թե ինչպես:
1990 թվականին Գերագույն խորհուրդը (ի տարբերություն, ի դեպ, բոլոր հաջորդ խորհրդարանների) արտահայտում էր Հայաստանի հասարակության կամքը, եւ այն կայացրեց, իմ կարծիքով, միակ ճիշտ որոշումը` առաջնորդվել այն ժամանակ դեռեւս գործող խորհրդային օրենքներով` մասնավորապես 6 ամիս շուտ հայտարարել հանրաքվեի որոշման մասին` չմասնակցելով 1991 թվականի մարտի 17-ի` Գորբաչովի նախաձեռնած «Խորհրդային Միության պահպանման մասին» հանրաքվեին: Ուշադրություն դարձրեք, որ Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսը, Ադրբեջանը եւ Կենտրոնական Ասիայի հանրապետությունները մասնակցեցին հիշյալ հանրաքվեին եւ ճնշող մեծամասնությամբ «այո» ասացին: Չգիտեմ, թե որքանով էր անկեղծ իրենց «սովետամետ այո»-ն, բայց մեր «անկախական այո»-ն, անշուշտ, անկեղծ էր:
Այն ճանապարհը, որը մենք ընտրել ենք (տվյալ դեպքում կարող եմ, չէ՞, ասել «մենք») ճիշտ էր իր ընթացակարգով եւ բովանդակությամբ` նաեւ այն պատճառով, որ մենք չգիտենք, թե ում հիվանդ մտքով կանցնի նույնիսկ հետագայում վերականգնել Խորհրդային Միությունը կամ «մտցնել» մեզ Ռուսաստանի կազմի մեջ եւ դրա համար գտնել «իրավական հիմնավորումներ»` իբր մենք «սխալ ենք դուրս եկել» ԽՍՀՄ կազմից:
Մենք «դե յուրե» անկախ երկիր ենք. մնացածը, հավատացնում եմ ձեզ, կկարգավորվի: Կկարգավորվի այնքան շուտ, որքան ամեն մեկս կզգա իր պատասխանատվությունը: Մեր սխալների մեծ մասը պայմանավորված էր մեր անփորձությամբ: Մեզ թվում էր, թե բավարար է հայտարարել անկախության, ժողովրդավարության եւ շուկայական հարաբերությունների մասին, եւ դրանք ինքնաբերաբար «կիջնեն երկնքից»: Բայց դրանք (իսկ մեծ հաշվով` Պետությունը) պատրաստի «մթերք» չեն, որը մնում է միայն ուտել, դրանք անվերջանալի գործընթաց են, որ պահանջում են ամենօրյա աշխատանք, տանջանք, երբեմն ինքնազրկում եւ միշտ` բարոյական անսասան սկզբունքներ:
Այդքանը գլխի ընկնելու համար 25 տարին, կարծում եմ, բավարար է: Ամբողջ խնդիրն այն է, որ այդ գործողություններն ու սկզբունքները պետք չէ ակնկալել «վերեւներից», դրանք պետք է կիրառել սեփական կյանքում: Շատ բարդ է խոստովանել, որ մենք դա չենք անում:
…Վատ անկախությունն ավելի լավ է, քան անկախության բացակայությունը:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. henri says:

    Իսկապէս հիացմունքի արժանի են մեր “անոխակալ” ղեկավարները որ չտեսնուած աճպարարութեամբ կը յաջողին Անկախութեան 25- ամեակ տօնել բացարձակ լռութեամբ անցնելով ԱՌԱՋԻՆ նախագահին վրայէն որ ոչ միայն իր խիզախ ընկերներով ձեռք բերաւ երազուած անկախութիւնը այլ հրաշքի համազօր քաջութեամբ իր օրօք ազատագրուեցաւ մեր Հայրենի ԱՐՑԱԽԸ .
    Կաթիլ մը երախտագիտութիւն վնաս չէր ըներ միասնականութիւն պահանջող այս պատմական օրուան առիթով.

  2. Ruben says:

    Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը որոշում են.
    3. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը հռչակում են Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորումը:
    Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա տարածվում են Հայկական ԽՍՀ-ի քաղաքացիության իրավունքները:
    Ոսկանյան Հրանտ Մուշեղի (ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ):
    Սուրեն Գուրգենի Հարությունյան (ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար):
    Վլադիմիր Սուրենի Մարգարյանց (ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ):
    1 դեկտեմբերի 1989 թվականի,
    քաղ. Երևան

    Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
    Ստեղծել Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման որոշումը կենսագործող հանձնաժողով հետևյալ կազմով.
    Մովսիսյան Վլադիմիր Միհրանի -Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ – Հայկական ԽՍՀ պետագրոարդի նախագահ, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի դեպուտատ:
    Մանուկյան Վազգեն Միքայելի – Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դոցենտ, մաթեմատիկական գիտությունների թեկնածու, «Հայոց համազգային շարժում» հասարակական կազմակերպությունից:
    Տեր-Պետրոսյան Լևոն Հակոբի – Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտի` Մատենադարանի ավագ գիտական աշխատող, բանասիրական գիտությունների դոկտոր, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի դեպուտատ, «Հայոց համազգային շարժում» հասարակական կազմակերպությունից:
    Քոչարյան Ռոբերտ Սեդրակի – Ղարաբաղի մետաքսի կոմբինատի կուսակցական կոմիտեի քարտուղար, Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի նախագահության անդամ, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի դեպուտատ:
    6 դեկտեմբերի 1989 թվականի,
    քաղ. Երևան

    Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը`
    արտահայտելով Հայաստանի ժողովդի միասնական կամքը,…
    …հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա,…
    …ՀՌՉԱԿՈՒՄ Է…
    …անկախ պետականության հաստատման (???) գործընթացի սկիզբը (???): …
    Հայաստանի Հանրապետության
    Գերագույն խորհրդի նախագահ` Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
    Հայաստանի Հանրապետության
    Գերագույն խորհրդի քարտուղար` Ա. ՍԱՀԱԿՅԱՆ
    23 օգոստոսի 1990 թվականի,
    քաղ. Երեւան
    Կրկին շնորհավորում եմ բոլորիս և ողջ հայությանը Հայաստանի պետականության վերականգնման (???) քառորդդարյա հոբելյանի առթիվ:
    Նախագահ Սերժ Սարգսյան

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930