Հաճախ ոչ միայն մեծահասակների, այլեւ դպրոցահասակ երեխաների կողմից լինում են մի շարք գանգատներ` սկսած գլխացավից ու ատամնացավից, մինչեւ որովայնային ու սրտի ցավեր եւ սրտխփոց, սրտխառնոց, անքնություն եւ այլն: Թվարկված գանգատների մեջ առավել մեծ տոկոս են կազմում գլխացավը եւ սրտխառնոցը, ինչը հիմնականում վերագրվում է չնախաճաշելուն ու քաղցած մնալուն: Հատկապես չնախաճաշելը, քաղցած մնալը բացասաբար են ազդում սովորողների հոգեբանական կայունության վրա, իսկ որոշ դեպքերում բերում են սնուցման խանգարումների:
Բժշկությանը հայտնի են գլխացավի բազմաթիվ պատճառներ՝ միգրենի ախտանիշ, հարբուխի, զարկերակային հիպերտոնիայի, գլխի վնասվածքների, զգացմունքային գերլարվածության եւ այլն:
Սովորաբար մարդը զգում է, թե ինչ պատճառով է իր մոտ գլխացավ առաջանում, սակայն կա գլխացավի առաջացման եւս մեկ պատճառ, որը երբեմն կարող է ակնհայտ չլինել: Headexpert.ru-ն նշում է, որ մարդկանց մոտ քաղցից առաջացած գլխացավերը նշան են, որ ուղեղի նորմալ աշխատանքի համար չկա գլյուկոզայի եւ այլ սննդարար նյութերի անհրաժեշտ քանակ:
Դիետայի կամ ինչ-ինչ պատճառներով ժամանակին չսնվող մարդիկ հաճախ են գանգատվում գլխացավի խնդրից: Գլխուղեղը քաղցին արձագանքում է ուշադրության անկմամբ, նյարդայնությամբ, հոգնածությամբ եւ գլխացավով:
Քաղցից առաջացած գլխացավի պատճառը ունի հետեւյալ առանձնահատկությունները.
Ցավի ցածր կամ միջին հաճախականություն
Ցավի կենտրոնը գտնվում է ճակատի շրջանում, այնուհետեւ տարածվում է գլխի ամբողջ վերեւի հատվածում
Ցավը համաչափ է, անընդհատ` առանց պուլսացիայի
Մասնագետները նշում են, որ գլխուղեղի բնականոն աշխատանքի համար անհրաժեշտ է գլյուկոզա, իսկ երբ օրգանիզմում առկա է սննդի պակաս, արյան մեջ գլյուկոզայի մակարդակն ընկնում է, եւ ուղեղը չի կարողանում օգտագործել ածխաջրային պաշարները:
Մարդկանց մի մասի մոտ գլխացավ է սկսվում, եթե 16 ժամ եւ ավելի չեն սնվել, ոմանց մոտ 5-6 ժամը կարող է դառնալ տհաճ զգացողությունների պատճառ:
Շատերը քաղցի հետեւանքով առաջացած գլխացավը բուժում են սնունդ ընդունելով: Սակայն ոչ բոլոր մթերքները կարող են ապահովել ցանկալի արդյունք:
Բժիշկները հիշեցնում են, որ այդ ժամանակ չի կարելի քաղցը հագեցնել քաղցր շոկոլադի, պինդ պանրի, մսային կիսաֆաբրիկատների միջոցով: Այս դեպքում արդյունավետ կլինի օգտագործել սպիտակուցային՝ մսային կերակուրներ: Դրանք երկար ժամանակով կհագեցնեն քաղցը: Խորհուրդ է տրվում միսը բանջարեղենի հետ համադրել, ուտել ձկնամթերք, հացահատիկային շիլաներ, ամբողջական ցորենից պատրաստված հաց, կաթնային եւ կաթնաթթվային մթերքներ: Չպետք է մոռանալ նաեւ մագնիումով հարուստ մթերքների՝ լոբազգիների, ընկուզեղենի, կանաչ բանջարեղենի մասին:
Լինում է, երբ մարդ քաղց չի զգում, բայց շարունակվում է գլխացավը, այդ ժամանակ խորհուրդ է տրվում ընդունել ցավազրկող հաբեր՝ պարացետամոլի կամ մետամիզոլի հիմքով: Չի կարելի օգտագործել ոչ ստերոիդային հակաբորբոքային միջոցներ, սպազմոլիտիկ դեղորայք: Դատարկ ստամոքսի դեպքում դրանք կարող են առաջացնել ընդհուպ ստամոքսի եւ 12-մատնյա աղիքի խոց:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
20.09.2016թ.