Ազգային օպերային թատրոնում սեպտեմբերի 22-ին կայանալիք «Երեք պրեմիերա» խորագրով համերգը նվիրված է ՀՀ անկախության 25-ամյակին: Կհնչեն կոմպոզիտորներ Էդուարդ Սադոյանի եւ ամերիկաբնակ Հայկ Բոյաջյանի ստեղծագործությունները՝ օպերային թատրոնի նվագախմբի, երգչախմբի, մեներգիչներ Ա. Դեմուրչյանի, Վ. Ավանյանի, Գ. Աբրահամյանի, Հ. Տիգրանյանի, Ս. Աղամալյանի, Պ. Բեազբեկյանի, Ա. Ստեփանյանի, Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի երգչախմբի (ղեկավար՝ Է. Առաքելյան) եւ դաշնակահար Ջուլիետա Վարդանյանի մեկնաբանմամբ: Համերգը կղեկավարի ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ասատրյանը: Կկատարվեն հատվածներ Էդ. Սադոյանի «Մաշտոց» օպերայից, «Արցախ» սիմֆոնիան եւ Հ. Բոյաջյանի դաշնամուրի եւ նվագախմբի համար կոնցերտը:
Կոմպոզիտորները վերջին շրջանում ունկնդրին են ներկայանում մեկ երեկոյի ընթացքում:
«Առավոտի» հետ զրույցում 78-ամյա արվեստագետներն ասացին, որ իրենց բարեկամությունը սկսվել է 1970-ականներից: Բոյաջյանն էլ հավաստիացրեց, որ այս անգամ կայանալիք դաշնամուրի կոնցերտի պրեմիերային երկու տարի անց կհաջորդի Ջութակի եւ նվագախմբի կոնցերտը:
Հայկ Բոյաջյանի երկերը՝ սիմֆոնիաները, նախերգանքը, օրատորիան, վոկալ-գործիքային ստեղծագործությունները, այսօր էլ կատարվում են բազմաթիվ երկրներում եւ ձայնագրվում հայտնի ստուդիաներում:
Մեզ հասած տեղեկություններով՝ կոմպոզիտորի դաշնամուրի 3-րդ կոնցերտը տարիներ առաջ նոմինացված է եղել «Գրեմմիի» մրցանակի: Հայկ Բոյաջյանն այս առիթով պարզաբանեց. «Դա 2007 թվականն էր: Մեքսիկացի դաշնակահար, կոմպոզիտոր, դիրիժոր Մաքս Լիֆշիցը իր CD-ն, որտեղ ընդգրկված էր նաեւ իմ կոնցերտը, իսկապես ներկայացրել էր «Գրեմմիի»: Անկասկած, մեծ պատիվ էր այդ մրցանակաբաշխությանը ներկայացված հազարավոր CD-ներից մեկը լինել եւ երկար ճանապարհ անցնելուց հետո նոմինացվել: Թեեւ մրցանակ չշնորհվեց, բայց դա էլ համարժեք էր հաղթանակի»:
Մի շարք մեծակտավ ստեղծագործությունն երի, այդ թվում՝ օպերաների հեղինակ Էդուարդ Սադոյանը փաստեց, որ օպերային թատրոնում հայ հեղինակի վերջին օպերան բեմադրվել է 1969թ.՝ Ալ. Հարությունյան՝ «Սայաթ-Նովա»: Հետո էլ հայտնեց. «Իմ «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» օպերան, որը հատվածաբար ներկայացվել է թատրոնում, գեղարվեստական խորհրդի որոշմամբ ընթացիկ թատերաշրջանում բեմադրվելու է: Այս օպերան, որի վրա աշխատել եմ 10 տարի, տեղ է գտել Չեխիայում տարեվերջին լույս տեսնող օպերային արվեստի հանրագիտարանում: Իսկ «Մաշտոցիս» աշխատանքները տեւել են շուրջ 7 տարի: Կարծում եմ, որ «Մաշտոց» օպերայից առաջին անգամ հնչող հատվածները պետք է գոհացնեն մեր օպերասեր հանրությանը: Ինչ վերաբերում է «Արցախ» սիմֆոնիային, դա էլ իմ ներդրումն է Արցախյան հաղթանակին»: Սադոյանը հույս հայտնեց, որ թատրոնի ղեկավարությունը՝ ի դեմս նորանշանակ գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի, թատրոնի խաղացանկը կհամալրի հայ ժամանակակից կոմպոզիտորների գործերով:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
20.09.2016թ.