Օրերս «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կայացավ «Օրրան» ցերեկային խնամքի կենտրոնի ամենամյա բարեգործական ընթրիքը, որին մասնակցում էին տնտեսական, մշակութային, հասարակական գործիչներ, դիվանագետներ ու նվիրատուներ: Միջոցառման սկիզբը ազդարարվեց Նաթան Սրբազանի օրհնությամբ: Երեկոն վարում էին դերասան Արսեն Գրիգորյանը եւ «ԱրմԱս» ընկերության գործադիր տնօրեն Վիկտորյա Ասլանյանը;
2000թ. Րաֆֆի եւ Արմինե Հովհաննիսյանների հիմնադրած «Օրրանը» սկզբում աշխատել է 16 երեխաների հետ: Այսօր արդեն աշխատում են 80 տարեցների եւ 275 երեխաների հետ՝ Վանաձորում եւ Երեւանում: Մինչ օրս հազարավոր մարդիկ են օգտվել «Օրրանի» ծառայություններից, ինչը հնարավոր է դարձել բարերարների աջակցության շնորհիվ:
Ինչ վերաբերում է «Օրրանի» բարեգործական ընթրիքներին, նպատակը միջոցների հայթայթումն է՝ երեխաների շրջանում մուրացկանությունը կանխելու եւ հասարակության ուշադրությունը կարիքավոր ընտանիքների վրա բեւեռելու համար:
Անչափ հուզիչ էր Արմինե Հովհաննիսյանի խոսքը. «Ամեն տարի, երբ մոտենում է հանդիսավոր ճաշկերույթի օրը, ես հարցնում եմ ինքս ինձ՝ ի՞նչ եմ անում ես իմ կյանքում, եւ արդյոք իմ բոլոր ջանքերն ապարդյուն չե՞ն: Կասկածներս փարատելու համար ես այցելում եմ «Օրրանի» մի քանի ընտանիք: Երեք օր առաջ էլ իրականացրի նման ճանապարհորդություն»: Տիկին Հովհաննիսյանը պատմեց Առաքելյանների ընտանիքի մասին. մայրը գամված է սայլակին, հայրը բանտում է, «Օրրանի» 8-ամյա սան Մարիշկայի ուսերին է ողջ հոգսը: Ընտանիքն ապրում է Սարի թաղի շենքերից մեկի նկուղում՝ վարձակալությամբ: Օրվա ճաշն էլ տապակած հին հացն է: Մյուս ընտանիքը, որտեղ «Օրրանի» սաներ Էդգարի եւ Քրիստինայի ուղեկցությամբ այցելել է տիկին Արմինեն, դարձյալ ուրախ օրեր չունի: Մտավոր խնդիրներով վեց տարեկան երեխան ապրում է մոր հետ խոնավ մութ սենյակում: Ուտելիք չկար, եղած-չեղածը մի քանի վարունգ էր: Երրորդ ընտանիքն էլ ապրում էր Չարբախում՝ երեք տղա եւ միայնակ մայր: Տղաները սնունդ են հայթայթում Չարբախի աղբավայրից… Այս մարդիկ բոլորիս կարիքն ունեն:
Միջոցառման ժամանակ ելույթ ունեցան «Օրրանի» երեխաները եւ տարեցների երգչախումբը, Թոփչյան քույրերը, պոլսահայ երգչուհի Սիբիլը, օպերային երգչուհի Մագդա Մկրտչյանը։ Ընթրիքի ժամանակ իրականացվեց շամպայնի գավաթի վիճակախաղ, ապա աճուրդ: Այս տարի աճուրդն իրականացրին Կարին Հովհաննիսյանի կինը՝ Լարիսա Ռայան Հովհաննիսյանը, Դիանա Մալենկոն եւ Արտակ Վարդանյանը: Երեկոյի ժամանակ բարեգործական նկատառումներով խաղարկվեցին «Օրրանի» երեխաների պատրաստած փայտե կլոր սեղանն իր չորս աթոռներով, պտղատու ծառը՝ Վանաձորի «Օրրանի» այգում, Արեգ Պետրոսյանի աշխատանքը, վիսկի, շալ եւ այլն:
Հոկտեմբերի 2-ին ԱՄՆ-ում եւս կկայանա բարեգործական ընթրիք, որի հատուկ հյուրը կլինի Սերժ Թանկյանը։
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
20.09.2016թ.