Լրահոս
Օրվա լրահոսը

«Բելառուսից վերադարձանք հայրենիք ու խաբեբաների զոհ դարձանք»

Սեպտեմբեր 21,2016 14:00

«Ես՝ Սամվել Սամվելյանս, «Շեռլի Ռութ» ՍՊԸ-ի աշխատող Ղուկասի միջոցով Կարեն Տոնոյանից վերցրել եմ 14.000 ԱՄՆ դոլար, որի փոխարեն գրավ է դրվել Ռազմիկ Դավթյանի բնակարանը: Իրականում փողը ես եմ վերցրել, Ռազմիկը որեւէ գումար չի վերցրել, տեղյակ չի եղել, որ իր տունը գրավ է դրվել, քանի որ Ղուկասը եւ ես նրան հավաստիացրել ենք, որ նոտարում ձեւականորեն ինչ-որ թուղթ պետք է ստորագրի, ինչը եւ նա արել է: Նշեմ նաեւ, որ իրականում տրվել է 14.000 ԱՄՆ դոլար, բայց նոտարում գրվել է 8 միլիոն 200 հազար դրամ, մոտ 20 հազար դոլար: Գումարը վերցրել եմ ես եւ պարտավորվում եմ այն ինքս փակել եւ Ռազմիկի տունը վերադարձնել իրեն, պայմանագիրը կնքվել է 13.07.2011 թ.-ին». սա պարտավորագիր է, որը գրվել է Սամվել Սամվելյանի ձեռքով: Թվում է՝ սա կարեւոր փաստաթուղթ եւ ապացույց է երկու քաղաքացու միջեւ առաջացած վեճը իրավական ճանապարհով լուծելու համար, սակայն որեւէ իրավապահ մարմին՝ սկսած նախաքննական, հետաքննականից ու վերջացրած դատարաններով, ուշադրության չեն արժանացրել այս պարտավորագիրը:
10-12 տարի ապրելով Բելառուսում եւ ոչ մի անգամ չբախվելով որեւէ անօրինական գործարքի՝ քույր եւ եղբայր Դավթյանները հայրենիք վերադառնալուն պես հայտնվել են, նրանց խոսքերով ասած` «խաբեբաների ծուղակում»` կորցնելով բնակարանը:

2009-ին Ջուլիետա եւ Ռազմիկ Դավթյանները թողնում են Բելառուսում քիչ թե շատ իրենց բարեկեցիկ ապրուստը եւ որոշում հաստատվել հայրենիքում` Հայաստանում: Օրերից մի օր հանդիպելով վաղեմի ընկերոջը` Սամվել Սամվելյանին, Ռազմիկ Դավթյանը, հավատալով ընկերոջ խոստմանը, նրա խնդրանքով պարտքով տալիս է 3500 դոլար: Ընկեր Սամվելը վստահեցնում է, որ գումարը կվերադարձնի վեց ամսից: Մի պարտավորագիր էլ Սամվել Սամվելյանն այս գումարը վերցնելու դիմաց է գրում: Ժամանակը լրանում է, եւ Սամվել Սամվելյանը խոստացված ժամկետում գումարը չի վերադարձնում: Կրկին դիմում է ընկերոջը` Ռազմիկին, խնդրելով եւս 14 հազար դոլար, որպեսզի տունը սեփականաշնորհի ու վաճառի եւ ամբողջ պարտք գումարը վերադարձնի: Այս անգամ էլ Սամվել Սամվելյանը 20 օր ժամանակ է խնդրել: Ռազմիկ Դավթյանն ընկերոջն օգնելու համար 14 հազար դոլարի դիմաց գրավադրում է իր բնակարանը: Գործարքը տեղի է ունեցել 2011 թվականին, եւ մինչ օրս Սամվել Սամվելյանը ո՛չ 3500 դոլարն է վերադարձրել, ո՛չ 14 հազար դոլարն է իր տոկոսներով վճարել գրավատուին: Դավթյանների տունն էլ այս պահին արգելանքի տակ է եւ հանված է աճուրդի: Շիրազի փողոցի թիվ 20 շենքում գտնվող 94.3 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով Դավթյանների բնակարանը աճուրդի է հանվել 12 միլիոն 950.000 դրամ մեկնարկային գնով` մոտ 27 հազար դոլար: Եվ քանի որ գործը դատական գործընթացներում էր, աճուրդը ժամանակավորապես սառեցվել էր:

Դավթյանների գործը եռաստիճան դատարանով արդեն անցել է, օրերս էլ Վճռաբեկ դատարանի վճիռն է հրապարակվել, որը մերժել է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունել: Վճռաբեկը գտել է, որ բողոքում ներկայացված հիմնավորումները բավարար չեն:
Ի դեպ, այս գործում խառնված է նաեւ ոմն Կարեն Տոնոյան, որին Ռազմիկ Դավթյանն ընդհանրապես չի ճանաչում: Նրա անձնագիրն է միայն Շենգավիթ նոտարական գրասենյակում տեսել, որտեղ հենց նրա եւ Ռազմիկ Դավթյանի միջեւ կնքվել է անշարժ գույքի գրավի եւ փոխառության պայմանագիրը: Չնայած Շենգավիթի քննչական բաժնում Կարեն Տոնոյանը ցուցմունք է տվել, որ անձամբ է գնացել Շենգավիթ տարածքի նոտարական գրասենյակ, որտեղ իր անունով Ռազմիկ Դավթյանի միջեւ կնքվել է անշարժ գույքի գրավի եւ փոխառության պայմանագիր: Սամվել Սամվելյանն ի սկզբանե 14 հազար դոլար վերցնելու համար դիմել էր «Հայրենիք» առեւտրի կենտրոնում գործող կազմակերպության աշխատակից Ղուկաս Մուրադյանին, որն էլ պատրաստակամություն է հայտնել Ռազմիկ Դավթյանի բնակարանի գրավադրման դիմաց տալ այդ գումարը, սակայն արդեն նոտարում պայմանագիրը կնքվել է Կարեն Տոնոյանի եւ Ռազմիկ Դավթյանի միջեւ: Ղուկաս Մուրադյանն իր ցուցմունքում նշել է, որ երբ գնացել են գործարքը կատարելու, անձնագիրը մոտը չի եղել, եւ ստիպված գործարքը կատարել է իր բարեկամ Կարեն Տոնոյանի անունով:
Ռազմիկ Դավթյանի ներկայացուցիչը, դիմելով Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան, դատարանից պահանջել է հենց այդ պայմանագիրը ճանաչել անվավեր: Ռազմիկ Դավթյանը պնդում է, որ այդ պայմանագիրը նույնպես կազմվել է խարդախությամբ, եւ որ պայմանագրով Կարեն Տոնոյանը Սամվել Սամվելյանին տվել է 14 հազար դոլար, սակայն նոտարական գրասենյակում կնքված պայմանագրում գրվել է 8 միլիոն 288 հազար դրամ՝ մոտ 20 հազար դոլար, որի մեջ ներառվել են նաեւ մի քանի ամսվա տոկոսները: Այսինքն՝ սա պետությունից եկամուտներ թաքցնելու միջոց է, որպեսզի ջրի երես դուրս չգա այն փաստը, որ գումար տվող Կարեն Տոնոյանը վաշխառությամբ է զբաղվել եւ պետությանը հարկեր չի վճարել: Նա իր ցուցմունքում նշել է, որ ամսական 2 տոկոսով է գումարը տվել, որը չի համարվում վաշխառություն:
Ուշագրավ է, որ Ռազմիկ Դավթյանի կողմից վերոնշյալ հանցագործությունների մասին հայտարարությունները որեւէ իրավապահ մարմնի ուշադրությանը չեն արժանացել: Թե՛ դատարանները, թե՛ այլ իրավապահ կառույցներ կարծում են, որ փաստաթղթերով ամեն բան օրենքի շրջանակներում է, եւ որ գործարքն անվավեր ճանաչելու իրավական հիմքերը բացակայում են: Ռազմիկ Դավթյանը պնդում է, որ իրեն նաեւ դատարկ թուղթ են ստորագրել տվել՝ վստահեցնելով, որ գրավի ժամկետը երկարացնելու փաստաթուղթ է, եւ որ վտանգավոր ոչինչ չկա, մինչդեռ պարզվել է՝ համաձայնություն է գրավ դրված գույքը վաճառելու, քանի որ Ռազմիկ Դավթյանը սահմանված ժամկետով ու ստանձնած պարտավորություններով պայմանագրի կետերը չի կատարել:
Այս պահին Դավթյանների ճակատագիրը օդից է կախված:
Ջուլիետա Դավթյանը 63 տարեկան է, Ռազմիկ Դավթյանը` 59: Այս մարդիկ ապահով կյանք, ծերություն ապրելու փոխարեն 5 տարի է՝ այս պատմության մեջ են` այս տարիքում հայտնվելով անտուն մնալու վտանգի առջեւ: Տիկին Ջուլիետայի խոսքով՝ հենց իրավապահ մարմինների անգործության պատճառով է, որ մարդիկ մեր երկրում գնում են ծայրահեղ քայլերի` ինքնասպան են լինում, փորձում մարդասպանի ու խարդախի հետ անձամբ հաշվեհարդար տեսնել:
«Բնակարանս ոչ ոքի չեմ տալու: Պայթեցնելու եմ, ես էլ մեջը մնամ, ու թող հետո չասեն՝ ինչի սենց եղավ»,- մեզ հետ զրույցում անճարությունից ասում է տիկին Ջուլիետան: Նրա եւ եղբոր համոզմամբ՝ այս գործում կազմակերպված խումբ է գործում, որոնք գտնում են հենց իրենց պես «միամիտ մարդկանց ու թակարդը գցում»:

«Առավոտ» օրաթերթ

20.09.2016 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930