Լրահոս
Օրվա լրահոսը

Գրքի հերոսուհի կին դատապարտյալը քրեակատարողական հիմնարկում մասնակցեց շնորհանդեսին

Սեպտեմբեր 21,2016 15:14

 

Ազնիվ Բաղդասարյանն արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկից ազատվել է 3 տարի առաջ:
Նա ազատազրկման էր դատապարտվել 10 տարի ժամկետով եւ իր պատիժը կրել արժանապատվորեն՝ չունենալով որեւէ տույժ, նկատողություն: Ազնիվը պատժավայրը թողնելուց հետո մասնակցել է այս տարվա ապրիլյան քառօրյա պատերազմին:
Ո՞վ է Ազնիվ Բաղդասարյանը, ինչո՞ւ են նրան անվանում մերօրյա «Ավրորա»: Ինչո՞ւ «Ազնիվ» անունով պատմվածքը պետք է էկրանավորվի:
«Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ Մանուկ Միքայելյանն ընդառաջ գնաց նախկին դատապարտյալին. Մելանյա Պետրոսյանցի «Ազնիվը» գրքի շնորհանդեսին մասնակցեցին այն դատապարտյալ կանայք, ում ցանկացել էր Ազնիվը, քրեակատարողականի աշխատակիցները, ովքեր ճանաչել եւ շփվել են նրա հետ:
Մելանյա Պետրոսյանցը ներկայացրեց օրերս լույս տեսած իր գիրքը, ապա գրքերից նվիրեց քրեակատարողական հիմնարկի գրադարանին:

5-i-verevԱզնիվի մասին ներկաները լսեցին արցունքոտ աչքերով:
Ազնիվի արցախցի հայրը եղել է հայտնի հետախույզ: Արցախյան պատերազմի ժամանակ նա հանձնարարություն կատարելիս Բաքվում բացահայտվում է: Ազնիվի նպատակն է լինում ամեն գնով հասնել Բաքու՝ տեղեկություն իմանալու համար:
Ազնիվի կերպարը հիրավի բացահայտողը՝ գրքի հեղինակը, նկարագրել էր, թե ինչպես է նա իր պլանն իրագործելու համար կապվում Ղարաչինար մեկնող կամավորական ջոկատի կամավորական Համիկ անունով մի երիտասարդի հետ եւ ջոկատի հետ մեկնում Արցախ:
«Փնտրում էի մի վայր, որտեղից հեշտ կլիներ անցնել որեւէ ադրբեջանական գյուղ ու իմ իմացած ադրբեջաներենի պաշարով հասկացնել, որ տաջիկ եմ, փախել եմ հայ ամուսնուց, ուզում եմ վերադառնալ իմ մուսուլման եղբայրների մոտ: Եվ այդպես կհասնեի Բաքու: Հասա մի դիրքի, որտեղից պարզորոշ երեւում էր ադրբեջանական գյուղը»,- ներկայացնում էր գրքի հեղինակը:
Ազնիվը որոշումն իրագործելու առաջին քայլն անում է՝ հասնելով ադրբեջանական լքյալ մի գյուղ, որտեղ մի պառավի է տեսնում: Մոտենում, պատմում է, թե փախել է հայ ամուսնուց, պառավն էլ ուրախանում է, որ իրեն կենցաղային հարցերում օգնական մի ձեռք է ավելացել:
Մի օր էլ պառավին բարեկամի տուն ուղեկցելիս Ազնիվին ասկյարները բռնում են, տանում թշնամու որջ:
Մ. Պետրոսյանցը այսպես էր պատկերել այդ տեսարանը. «Դուռը բացվեց, մի ասկյար ձեռքով կանչեց ինձ.- Գյալ: Բազմոցին փռված ասկյարներից մեկը մոտեցավ ինձ՝ հարցրեց անունս:
– Գյուլնար,- իբր ամաչելով պատասխանեցի ես:
Տաջիկ եմ, հայ ամուսնուցս եմ փախել:
Ուկրաինացի զինվորականը ձգվեց ինձ, ռուսերենով հարցրեց,
– Տաջիկ… Ինչպե՞ս կլինի՝ ես քեզ սիրում եմ:
Իբր ամաչելով պատասխանեցի՝ Ման տուրո դուստ մեդորամ:
Բայց դա չբավարարեց»:
Հետագայում Զաիր անունով ասկյարի մոտ է մնում:
Գեղարվեստականը իրականի հետ խառնած հեղինակը մեզ հասցրեց արդեն այն տեսարանը, երբ թուրքերը Համիկին գերի են վերցրել, իսկ երբ Համիկին՝ իր առաջին տղամարդուն, խոշտանգված հանդիպում է Ազնիվը, Համիկն ատամների միջից գոռում ու թքում է հայուհու դեմքին՝ «պոռնիկ»:
Զաիրին այցի եկած հարբած գեներալի տեսարանը լարվածության մեջ է պահում ընթերցողին:
Գեներալի թղթերի միջից, երբ նա փռված էր անկողնում, Ազնիվը հանում է ոչ միայն քարտեզներ, փաստաթղթեր, այլեւ տեսնում գլխատված հոր նկարը, նկարում Զաիրի ձեռքին էր հոր գլուխը:
Որոշում է Համիկին ազատել, սպանում է եւ լուծում հոր վրեժը Զաիրից, իսկ գեներալին կապկպելով, Համիկին ազատելով՝ հասնում են մերոնց:
«Համիկը կարծես ուշքի եկավ, հասկացավ, թե ինչ է կատարվում: Պատուհանից դուրս սահեցինք, ես սեղմվեցի, ձեռքով պահեցի Համիկին, որ աջ-ձախ չգնա՝ մինչ Ասյայի ազդանշանը: Հաջորդ պահին Ասյան ձեռքով արեց, ու մենք վազեցինք տուն: Քիչ անց ետնաբակով դուրս եկանք… Համիկը ասկյարների ծեծից հետո դժվարությամբ էր քայլում, կողը բռնած հաճախ տնքում էր»,- ներկայացնում է Մ. Պետրոսյանցը:
Ըստ գրքի հեղինակի՝ Ազնիվն ու Համիկը մնացին ծառայելու, իսկ Ասյան գնաց Մոսկվա:
Հետագայում, երբ Ազնիվը մահացու դանակահարության համար գտնվում էր «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում, նրան առաջին տեսակցողը լինում է Ասյան՝ Մոսկվայից եկած եւ մորաքույր ներկայացած:
1994-ի հրադադարից հետո Ազնիվը վերադառնում է Երեւան: Նրան սպասում էին նոր փորձություններ:
Ազնիվի դատապարտյալ ընկերուհիներից Ելենա Կալյագինան ասում է, թե քրեակատարողական հիմնարկն այն վայրն է, ուր մարդը կամ մնում է մարդ, կամ իջնում հատակը՝ ցած. «Ազնիվը մնացել է որպես մարդ: Նա այս տարիներին ոչ գողության գնաց, ոչ հարբեցողության, ոչ թմրանյութերի: Ապրեց բաց հոգով»:
Նա ցանկացավ, որպեսզի ընտանիք կազմի, լինի երջանիկ:
Ազնիվն, ի դեպ, Աբովյանի ոլորանում տաքսու մեջ արդեն սրտծակոց զգաց: Նա հուզվեց. «Այն, ինչ ուզում էի մոռանալ, չհաջողվեց ինձ: Հիմա դրսում եմ, ճիշտ է, բայց դուրսն ուրիշ է: Այստեղ կամ լռում էի, կամ ասում էի այն, ինչ ուզում էի: Դրսում մտածում՝ նոր եմ խոսում: Ինչքան էլ ոսկե կլետկայի մեջ պահեն, դուրսն ուրիշ է: Ճիշտ է, մենակ եմ մնացել, բայց երջանիկ եմ: Չեմ ասում՝ սուրբ եմ, բայց ոչ էլ այլանդակ եմ»:
Իսկ հիմնարկի պետն ասաց. «Համոզված եմ, որ դուք ավելի կայուն ընտանիք եք ստեղծելու: Ձեր կազմած ընտանիքն ավելի միասնական է»:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Հ.Գ.- Զարմանալի զուգադիպությամբ բրիտանական բանտերում այս օրերին, ըստ BBC-ի, հանրային ընթերցումներ են տեղի ունենում՝ նվիրված նախկին դատապարտյալ, աշխարհահռչակ գրող Օսկար Ուայլդի հիշատակին:
Նրա «Բանտային խոստովանությունները» երկու տարվա բանտային կյանքի ժամանակ էր ծնվել: Գրողը դատապարտվել էր համասեռամոլության մեղադրանքով, իսկ 100 էջանոց այդ խոստովանությունները նվիրված էին զուգընկերոջը՝ լորդ Դուգլասին:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930