Բաքվում ԱՄՆ-ին մեղադրում են «համայն հայության նկատմամբ համակրանք ունենալու» մեջ
Ադրբեջանի ընդդիմությունը ո՛չ է ասում կոռուպցիային, թալանին ու միապետությանը
«Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս ԱՊՀ-ին անդամակցելուն, եւ մենք կարծում ենք, որ 25 տարում կազմակերպությունն անցել է շատ մեծ ճանապարհ, անցել է շատ փորձությունների միջով». սա Բիշքեկում ԱՊՀ երկրների պետությունների ղեկավարների խորհրդի նիստում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունն է: Նա հավելել է նաեւ. «Մեր կազմակերպությունը ստեղծվել է որոշակի պատմական իրադարձությունների հետեւանքով, եւ մեր ժողովուրդների ու ղեկավարների իմաստնությունը հանգեցրել է նրան, որ 25 տարի անց մենք ունենք կազմակերպություն, որը շատ կարեւոր նշանակություն ունի թե՛ տարածաշրջանի, թե՛ աշխարհի համար, քանի որ մեր կազմակերպության աշխարհագրությունը բավական ընդարձակ է»։
ԱՊՀ-ն կարեւորելով՝ հերթական անգամ Ռուսաստանի նախագահին քծնելու առիթը Ալիեւը բաց չթողեց: Ալիեւի պահվածքն իրականում ունի խորքային պատճառներ: Այսօր Ադրբեջանում տեղի ունեցող զարգացումներն իսկապես ուշագրավ են եւ արժանի դիտարկման:
Կարդացեք նաև
Սեպտեմբերի 26-ին Ադրբեջանում տեղի է ունենալու սահմանադրական հանրաքվե: Ադրբեջանի ընդդիմությունը Բաքվում սեպտեմբերի 11-ին բազմահազարանոց հանրահավաք անցկացրեց ընդդեմ սահմանադրական փոփոխությունների: Առաջին անգամ ցուցարարները Ալիեւին վանկարկում էին՝ «հեռացի՛ր»: Ժողովրդական ճակատի առաջնորդ Ալի Քերիմլին ասել է. «Մենք ո՛չ ենք ասում կոռուպցիային, ժողովրդի թալանին, անարդար դատարաններին, ապաշնորհ կառավարմանն ու միապետությանը: Ալիեւի ընտանիքն արդեն երրորդ անգամ է փոխում Սահմանադրությունը՝ իր դիրքերն ամրապնդելու համար: Առաջին հանրաքվեով երաշխավորվեց իշխանության անցումը հորից որդուն, երկրորդով հաստատվեց նրա անսահմանափակ իշխանավարման իրավունքը»:
Սահմանադրության փոփոխություններով առաջարկվում է երկարաձգել նախագահի պաշտոնավարման ժամկետը՝ 5 տարուց հասցնելով 7-ի, բացի այդ՝ հնարավորություն է տրվում երկրի ղեկավարին միանձնյա լուծարել խորհրդարանը: Եթե մինչ այժմ երկրի ղեկավար դառնալու համար թեկնածուն պետք է լիներ առնվազն 35 տարեկան, ապա այժմ առաջարկվում է այդ սահմանափակումը հանել, պատգամավոր դառնալու շեմը 25 տարեկանից իջեցնել 18-ի: Ադրբեջանի ընդդիմությունը կարծում է, որ այս ամենն արվում է Ալիեւի որդու՝ կրտսեր Հեյդարի քաղաքական ապագայի համար: Իլհամ Ալիեւի նախագահական երրորդ ժամկետն ավարտվում է 2018-ին: Եթե նա առաջադրվի չորրորդ անգամ, ինչի իրավունքն արդեն ունի, ապա կպաշտոնավարի մինչեւ 2025-ը: Ադրբեջանցի փորձագետները կարծում են, որ այդ ժամանակ նրա որդին արդեն կլինի 28 տարեկան, այսինքն` կունենա նախագահ առաջադրվելու հնարավորություն:
Նավթադոլարները հասնում են ԱՄՆ Կոնգրես, ԵԽ, Եվրախորհրդարան
Սեպտեմբերի 26-ին կայանալիք հանրաքվեից առաջ ԱՄՆ-ը կոշտ քննադատության է ենթարկում Ալիեւի ռեժիմին: Աշխարհում մարդու իրավունքների պաշտպանությանը հետեւող Լանթոսի հանձնաժողովը Կոնգրես է հրավիրել «Ազատություն» ռ/կ-ի հետաքննող լրագրող, վերջերս կալանքից ազատված Խադիջա Իսմայիլովային, Բաքվում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչին եւ «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության ղեկավար Ալի Քերիմլիի որդուն: Ժամանակն է, որ պաշտոնական Վաշինգտոնը պատժամիջոցներ սահմանի Ադրբեջանի նկատմամբ մարդու իրավունքների շարունակական ոտնահարումների համար՝ համակարծիք են եղել Կոնգրեսի քննարկման մասնակիցները: «Կոռումպացված պաշտոնյաների, դատախազների ու դատավորների հանդեպ թիրախային պատժամիջոցները կարող են շատ արդյունավետ գործիք լինել Ադրբեջանի իշխանություններին ագրեսիվ բռնաճնշումներից ետ պահելու համար»,- ասել է լրագրող Խադիջա Իսմայիլովան՝ ընդգծելով. «Ադրբեջանի համատարած կոռուպցիան միայն ներքին խնդիր չէ, նավթադոլարները դուրս են գալիս երկրի սահմաններից՝ հասնելով ԱՄՆ Կոնգրես, Եվրախորհուրդ ու Եվրախորհրդարան: Անհրաժեշտ է կանգնեցնել այդ մեքենան՝ հստակ ուղերձներով ու սահմանափակումներով»:
Մարդու իրավունքների պաշտպանության վիճակն Ադրբեջանում գնալով վատթարանում է՝ փաստել է ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը. «Ես ընդունում եմ, որ Ադրբեջանը կարեւոր գործընկեր է Վաշինգտոնի համար էներգետիկ ոլորտում ու ահաբեկչության դեմ պայքարում, սակայն դա չպետք է ազդի մեր սկզբունքների վրա: Ռազմավարական հարաբերությունները պահանջում են ընդհանուր արժեքներ, այդ թվում՝ հավատարմություն մարդու իրավունքների պաշտպանությանն ու ժողովրդավարությանը: Մինչդեռ Ադրբեջանում առաջարկվող սահմանադրական փոփոխություններն է՛լ ավելի են հեռացնում երկիրն այս սկզբունքներից: Կուլիսային դիվանագիտությունը այս դեպքում արդյունքներ չի տալիս»: Նա կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ը պետք է հրաժարվի «խաղաղ դիվանագիտությունից», քանի որ դա չի աշխատում, եւ ավելի ակտիվ դիմակայի Ալիեւի կառավարությանը. «Խաղաղ դիվանագիտությունը քաղբանտարկյալներին վերածել է սակարկության օբյեկտի»։ Այնուհետեւ Կոզլարիչը հորդորել է պաշտոնական Վաշինգտոնին անցնել բաց ու հրապարակային քայլերի. «Դրանց թվում կարող է լինել ամերիկյան դեսպանի ժամանակավոր հետկանչը Ադրբեջանից՝ մարդու իրավունքների վատթարացող վիճակի շուրջ քննարկումների նպատակով, այդ խախտումների համար պատասխանատու բարձրաստիճան պաշտոնյաների հաշիվների սառեցումը կամ վիզաների արգելափակումը»:
Ալիեւի վարչակազմի դեմ պատժամիջոցների օրինագիծը
ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների համար արդեն տեւական ժամանակ բարվոք շրջան չէ: Դեռ անցյալ տարվա դեկտեմբերից շրջանառվում էր ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների սահմանումը Ալիեւի վարչակազմի նկատմամբ: Նման օրենսդրական նախաձեռնությամբ էին հանդես եկել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, հանրապետական Քրիս Սմիթը, որը, մասնավորապես, առաջարկում էր մերժել վիզայի տրամադրումը Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներին: «Մենք ընդունում ենք, որ ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի կապերը կարեւոր են ազգային անվտանգության եւ մեր երկրների միջեւ տնտեսական համագործակցության համար, բայց ԱՄՆ-ը այլեւս չի կարող աչք փակել Ադրբեջանում մարդու իրավունքների սարսափելի ոտնահարումների վրա»,- անցյալ տարի դեկտեմբերին ասել էր Քրիս Սմիթը Հելսինկյան հանձնաժողովի լսումներում: «2015-ին Ադրբեջանում ժողովրդավարության մասին ակտ» վերտառությամբ 14 էջից բաղկացած օրինագիծը ներկայացվել է Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողով: Փաստաթղթում առաջարկվել էին գրեթե նույն պատժամիջոցները, որոնք ժամանակին սահմանվել են Բելառուսի նկատմամբ: Նախագծի հեղինակը նշել էր, որ Կոնգրեսի կողմից փաստաթուղթը հաստատվելու դեպքում Ադրբեջանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները, ինչպես նաեւ նրանց ընտանիքի անդամները անմիջապես կզրկվեն ԱՄՆ մուտքի թույլտվությունից: Փաստաթուղթը նաեւ առաջարկում էր վերանայել Ադրբեջանին հատկացվող ֆինանսական օգնությունը, կոչ անում արգելափակել ադրբեջանցի պաշտոնյաներին եւ նրանց ընտանիքի անդամներին պատկանող ամերիկյան ակտիվները:
Բաքվում «գտել են» ԱՄՆ-ից Ադրբեջանի իշխանությանը քննադատելու պատճառը
Վերջին տարիներին ամեն առիթով, երբ ԱՄՆ-ից քննադատություն է հնչում Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ, պաշտոնական Բաքուն մատնացույց է անում իր համար «հարմար» արդարացումը: Բաքվում այդպիսի կոնգրեսականներին անմիջապես «հայամետ» դիրքորոշում ունենալու մեջ են մեղադրում, «հայկական լոբբիի» ազդեցության տակ գտնվողներ են անվանում` չմոռանալով սպառնալ, որ «կողմնակալությունը» կարող է բացասաբար ազդել «Ադրբեջանում ԱՄՆ-ի հեղինակության վրա»:
Իսկ ԱՄՆ-ի հեղինակությունը Ադրբեջանում վաղուց է «վտանգված», այստեղ հակաամերիկյան տրամադրությունները գնալով թեժանում են: Մի նոր առիթ օրերս հանդիսացավ Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ջորջ Մեյսոնի համալսարանի պրոֆեսոր Ռիչարդ Կոզլարիչի եւ Մաքքեյնի անվան մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Դեյվիդ Քրամերի` «Ժամանակն է, որ ԱՄՆ-ը քայլեր ձեռնարկի Ադրբեջանի դեմ» հոդվածը, որը հրապարակվեց ամերիկյան հեղինակավոր «The Washington Post» պարբերականում:
Հոդվածի հեղինակները կարծում են, որ Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտում տիրող վտանգավոր վատթարացումները պահանջում են վճռական գործողություններ ԱՄՆ-ի կողմից. «Բաքվում կառավարությունը տասնյակ նոր հետապնդումներ ու ձերբակալություններ է սկսել ընդդիմադիր գործիչների, խաղաղ կրոնական հավատացյալների եւ քաղաքացիական հասարակության ակտիվիստների նկատմամբ: Երկրի բանտերում փտում են շուրջ 100 քաղբանտարկյալներ: Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին ձերբակալվել է երկրի օդանավակայանում, եւ նրան արգելվել է լքել երկրի տարածքը: Անցյալ ամիս ձերբակալվել է «Ազադլիք» թերթի ֆինանսական տնօրեն եւ «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության ղեկավարի օգնական Ֆայիգ Ամիրլին: Օգոստոսին ձերբակալվել են այլ ընդդիմադիր քաղաքական գործիչներ, այդ թվում՝ ՌԵԱԼ շարժման գործադիր քարտուղար Նաթիք Ջաֆարլին եւ ՆԻԴԱ քաղաքացիական շարժման ակտիվիստ Էլգիս Քահրամանը՝ հիշեցնում են հեղինակները: Իրավիճակը տեղում կարող է ավելի վատթարանալ: Սեպտեմբերի 26-ին Ալիեւի վարչակարգը պատրաստվում է պարտադրել մի հանրաքվե, որով նպատակ ունի ամրապնդել իր իշխանությունը: Հանրաքվեի արդյունքներն արդեն հայտնի են. կարող ենք վստահ լինել, որ կառավարությունն այն կանցկացնի հօգուտ իրեն»:
Ըստ հոդվածի հեղինակների` Ադրբեջանը հետեւում է Վլադիմիր Պուտինի մեդիայի մարտավարությանը՝ «ԱՄՆ-ին ներկայացնելով որպես թշնամի»: Քրամերը եւ Կոզլարիչը կարծում են, որ ԱՄՆ-ը պետք է մտածի իր դեսպանին խորհրդակցությունների համար հետ կանչելու շուրջ՝ Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ մտահոգությունների եւ հակաամերիկյան հռետորաբանության ֆոնին. «Ընդ որում, այդ միջոցառումներում պետք է ներգրավել նաեւ եվրոպացիներին: Նման քայլերը պետք է ձեռնարկվեն այնքան ժամանակ, մինչեւ որ բոլոր քաղբանտարկյալներն ազատ արձակվեն, եւ Ալիեւի իշխանությունն ամրապնդող հանրաքվեն չեղյալ հայտարարվի»:
Ադրբեջանում վերոնշյալ հոդվածը իսկական հիստերիա է առաջացրել: Իշխանամետ Haqqin գործակալությունն իր խմբագրականում ԱՄՆ-ին գրեթե «պատերազմ է հայտարարել»՝ նշելով, որ ԱՄՆ-ը Հայաստանի եւ համայն հայության նկատմամբ համակրանք ունի, եւ որպես ապացույց, օրինակ, բերվել էր այն փաստը, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի լուսանկարը, որում նա պատկերված էր ապրիլյան քառoրյա պատերազմում զոհված հերոս Ռոբերտ Աբաջյանի նկարով շապիկով:
Ամենազավեշտալին, սակայն, իշխանամետ Haqqin.az-ի գլխավոր խմբագիր Էյնուլլա Ֆաթուլլաեւի «հակահարված-պահանջներն» են` ի պատասխան Ռիչարդ Կոզլարիչի եւ Դեյվիդ Քրամերի հոդվածի: Նախկին քաղբանտարկյալ ու քաղհալածյալ Ֆաթուլլաեւը, որն այժմ ալիեւյան ռեժիմի սպասարկուն է, պահանջում է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտային բողոքի նոտա հղել Ադրբեջանի ներքին գործերին ուղղակիորեն խառնվելու համար, հետ կանչել ԱՄՆ-ից Ադրբեջանի դեսպանին, դադարեցնել ԱՄՆ-ի հետ համագործակցությունը պաշտպանության եւ անվտանգության հարցում, հետ կանչել Աֆղանստանից Ադրբեջանի խաղաղապահ զորախմբին, արգելել ամերիկյան ռազմաօդային ուժերի թռիչքը Ադրբեջանի օդային տարածքով, հայտարարել արտաքին քաղաքական կուրսի փոփոխության մասին, սկսել Եվրասիական միությանն ու Մաքսային միությանն ինտեգրվելու գործընթաց, ընդլայնել ռազմաքաղաքական գործընկերությունը Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի հետ, արգելել Ադրբեջանում USAID-ի գործունեությունը, լուրջ հսկողություն սահմանել ԱՄՆ-ից դրամաշնորհների վրա եւ այլն:
Մի խոսքով՝ վերջին շաբաթներին կարմիր թելով ադրբեջանական մամուլի, փորձագետների թիվ մեկ պահանջը ԱՄՆ-ին «արժանի» պատասխան տալն է եւ առաջարկվող ելքը` «սերտ հարաբերությունների հաստատումը ՌԴ-ի հետ»:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 20.09.2016