Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Գրիգորյան. «Ռուս ժողովուրդը վստահության քվե տվեց Պուտինին»

Սեպտեմբեր 20,2016 22:00

Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 19-ին Ռուսաստանում տեղի են ունեցել Պետդումայի ընտրությունները: Նախնական տվյալներով՝ առավելագույն քվեներ է ստացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ղեկավարած «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը՝ հավաքելով 54.28 տոկոսը:

Ընտրվել է եւս 4 կուսակցություն՝ կոմունիստական, լիբերալ-դեմոկրատական եւ Սպրավեդլիվայա Ռոսիա:

Aravot.am-ը այս մասին զրուցեց «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային կենտրոնի» ղեկավար Ստեփան Գրիգորյանի հետ: Նա նշեց, որ այս ընտրությունների արդյունքում Պետդումայում քաղաքական պատկերը չփոխվեց. նույն ուժերը հաղթեցին, պարզապես Պետդուման վերադասավորվեց. ««Եդինայա Ռոսիան» գրեթե բոլոր տեղերը վերցրեց մեծամասնականով՝ 200-ից ավել: Դա նշանակում է, որ ընդհանուր առմամբ իրենք ստացան 340-ից ավել մանդատներ: Ռուսաստանի Սահմանադրության համաձայն, եթե Պետդումայում մի կուսակցություն ունի 2/3-րդից ավել ձայն, իսկ Պետդումայում 450 պատգամավոր է, դու կարող ես Սահմանադրություն փոխել:

Պետդումայի քաղաքական պատկերը չփոխվեց՝ նույն ուժերն անցան: Դա նշանակում է, որ ընդհանուր առմամբ, Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը չի փոխվի: Բայց, քանի որ ուժերի միջեւ վերադասավորում տեղի ունեցավ, «Եդինայա Ռոսիան» հավաքեց 2/3-ից ավել, նշանակում է՝ նրանք ազատ, առանց որեւէ խնդրի կարող են փոխել Սահմանադրությունը: Դա նշանակում է, որ հիմա նրանք այլ ուժերի հետ չեն էլ խորհրդակցի, եւ դա նշանակում է, որ ժողովուրդը վստահության քվե տվեց Պուտինին: Առաջին հերթին դա կապված է Ղրիմի պատմության հետ: Ղրիմի հարցը»:

Ստեփան Գրիգորյանը նշեց, որ Ռուսաստանը գնում է միակուսակցական ճանապարհով, եւ միտումները ցույց են տալիս, որ այնտեղ նախագահի դերն ավելի է ուժեղանում: Հետաքրքրվեցինք՝ արդյոք այն հանգամանքը, որ «Եդինայա Ռոսիան» կարող է Սահմանադրություն փոխել իր մեջ ռիսկե՞ր է պարունակում, Ստեփան Գրիգորյանը պատասխանեց. «Դժվարանում եմ ասել: Ի վերջո` հիմա Պուտինին ոչ մի բան չի խանգարում փոփոխություն կատարելու համար, մինչեւ այդ էլ ինքը կարողանում էր՝ հիշում ենք այն փոփոխությունները կուսակցությունների օրենքում, լուրջ փոփոխությունները հասարակական կազմակերպությունների օրենքում, որը շատ սահմանափակեց հասարակական կազմակերպությունների հնարավորությունները: Այսօր շատ ու շատ լծակներ տրված են, իրեն պետք էլ չի լինի փոփոխություն կատարել՝ նախագահական ինստիտուտը Ռուսաստանում ուժեղ է, Պետդուման իրենց ձեռքում է, էլ ի՞նչ իմաստ կունենա Սահմանադրության մեջ փոխել ինչ-որ բաներ: Բայց չգիտես՝ զարգացումները կարող է տարբեր ուղղությամբ գնալ: Այնուամենայնիվ, ես պնդում եմ՝ դա վստահության քվե էր Պուտինի արտաքին քաղաքականությանը, որ ինքը շարունակի այդ քաղաքականությունը»:

Հետաքրքրվեցինք նաեւ, թե Հայաստանի հետ հարաբերությունները նո՞ւյնն են մնալու, ճնշումները շարունակվելո՞ւ են, Ստեփան Գրիգորյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ կշարունակվեն: Շատ ու շատ ճնշումներ գալիս են նրանից, որ մենք չենք դիմադրում, միտումնավոր չեն: Բայց այնուամենայնիվ, Ռուսաստանի նկրտումները՝ էլ ավելի ուժեղացնել հետխորհրդային տարածքում իր ազդեցությունը շարունակվելու են: Դա ոչ միայն Հայաստանին կվերաբերվի: Ուղղակի Հայաստանի դեպքում, ես կարծում եմ, իշխանությունները պետք է փորձեն ինչ-որ դիալոգ լինի Ռուսաստանի հետ: Պարզ է՝ պարտավոր ենք աշխատել, բայց այնպես չլինի, թե ինչ ասում են, մենք կատարում ենք:

Քանի որ Ռուսաստանի իշխանությունները այդ լեգիտիմության քվեն ստացան, մենք պետք է հասկանանք, որ Ռուսաստանը կշարունակի իր ազդեցությունը ուժեղացնել հետխորհրդային տարածքում: Մենք պետք է փորձենք այնպիսի հարաբերություններ հաստատենք, որ այսօր հարգանք ունենանք, որ այնպես չլինի՝ ինչ ասեն, մենք անենք: Մյուս կողմից՝ չհակադրվելով պետք է դա արվի: Պարզ է, որ քանի որ ուժեղանում է «Եդինայա Ռոսիան» եւ նախագահական ինստիտուտը այդ երկու ուժերի հետ հատուկ հարաբերություններ պետք է հաստատվեն: Միջկուսակցական հարաբերությունները պետք է ուժեղացնեն, շատ եզրակացությունների պետք է գանք, շատ բաներ պետք է անեինք, բայց հիմա պետք է շեշտը դրված անել, որովհետեւ հիմա «Եդինայա Ռոսիայի» եւ Պուտինի լեգիտիմությունը շատ բարձր կլինի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930