Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ի բացասական խորհրդանիշներն ու Լարիսա Ալավերդյանի հորդորը՝ լուտանք չթափել նոր նախարարների գլխին

Սեպտեմբեր 20,2016 20:55

«Հին խնդիրները հնարավոր է լուծել նոր մարդկանցով: Կցանկանամ ուղղակի, որ ստացվի: Չսահմանափակվեն զուտ դեմքերի փոփոխությամբ, այլ իրապես քաղաքականությունը փոխեն»,- մեզ հետ զրույցում կառավարության նոր անդամների մասին այսպիսի տեսակետ հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը:

Այն, որ այս նշանակումներով Սերժ Սարգսյանն ազատվեց Գագիկ Խաչատրյանից, Գագիկ Բեգլարյանից՝ Լարիսա Ալավերդյանը ողջունեց. «Դա կապ չունի անձերի կամ անգամ նրանց անցյալի հետ: Ողջունում եմ, որովհետեւ երկու ազգանուններն էլ դարձել են այս իշխանությունների բացասական սիմվոլները: Կապ չունի, թե այն, ինչ խոսում են նրանց մասին, ինչն է ճիշտ, ինչն է սխալ, բայց այդ անուններն արդեն իսկ խոսում են իշխանությունների անհաջողության փուլի մասին: Մանավանդ Գագիկ Բեգլարյանի ազատումը, հետո նորից ընդունումը…մնացինք հարցերի մեջ»:

Լարիսա Ալավերդյանը հույս հայտնեց, որ այս գործընթացը կտարածվի նաեւ որոշ մարզպետների վրա, որոնք նույնպես բացասական խորհրդանիշն են դարձել ՀՀԿ-ի. «Նրանց պետք է հեռու պահել իշխանական լծակներից»:

Ըստ տիկին Ալավերդյանի, օրինակ, Սուրիկ Խաչատրյանի շուրջ կատարված իրադարձությունները խիստ անհասկանալի են. «Իշխանությունները, երբ հայտարարեցին, թե ինչքան զենք է հայտնաբերվել նրանց տանից, պետք է այլ կերպ վարվեին: Այն սիմվոլները, որոնք խոսում են անարդյունավետ, շատ անգամ տապալված քաղաքականության մասին, պետք է նրանցից ազատվել»:

Մեր հարցին՝ մտավախություն չկա՞, որ այս ամենը աչքկապոցի է, կանցնեն ընտրությունները, այդ «խորհրդանիշները» նորից հետ կվերադառնան՝ Լարիսա Ալավերդյանն ի պատասխան հիշեց, թե ինչ էին խոսում, երբ ինքը նշանակվեց Մարդու իրավունքների առաջին պաշտպան. «Ես ինքս եղել եմ այդ իրավիճակում, երբ նոր նշանակված՝ լուտանքը թափում են քո գլխին: Ես դա չեմ մոռանա՝ սկզբից ընդդիմությունը, հետո դա շատ լավ շարունակեց իշխանությունը: Ես եղել եմ այդ վիճակում: Պետք է տալ ժամանակ, որ աշխատեն, բայց ոչ այնքան ժամանակ, որ չստացվի, թե նրանք արտերկրից են եկել եւ պետք է ծանոթանան: Վիճակին, կարծում եմ, բոլորն են ծանոթ եւ նրանց ադապտացվելու մեծ ժամկետ, չպետք է պահանջվի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. henri says:

    Մխիթարական է որ Հայաստանը ունի Տիկ. Լարիսա Ալավերտեանի նման ողջամիտ և խիզախ կիներ որ գիտեն յարգանքով բայց ուղղամտութեամբ ճնշուած ժողովուրդին ձայնը բարձրացնել հանրային բեմերէն;

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930