Aravot.am-ին, թե վարույթն իրականացնող մարմինը ինչ գործողություններ է ձեռնարկել, կապված Գյումրիում այսօր տեղի ունեցածի կապակցությամբ, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն ասաց. «Ձեռնարկվում են ակտիվ քննչական գործողություններ Արշակ Գրիգորյանի՝ ինքնասպանության պատճառները պարզելու ուղղությամբ։ Մշակվել են մի շարք աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ հանձնարարականներ են տրվել նաեւ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին»։
Ըստ նրա. «Պարզվել է դեպքին հաջորդած գործողությունները։ Նախնական քննությամբ բավարար տվյալներ են ձեռք բերվել, որ ինքնասպանությունը կատարվել է իրենց առանձնատան նկուղում, որի ժամանակ տան բակում են գտնվել ընտանիքի անդամները (մայրը, եղբոր կինը, մեկ այլ ազգական), ովքեր էլ հայտնաբերել են նրան՝ հրազենային վնասվածքով եւ անմիջապես տեղափոխել բժշկական կենտրոն, սակայն գլխի շրջանում ստացած միջանցիկ հրազենային վնասվածքը եղել է մահացու։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված փամփուշտներով, 1 պարկուճ եւ գնդակ։
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում դատաձգաբանական, դատամատնադրոշմային, դատագենետիկական, դատակենսաբանական»։