Սեպտեմբերի 20-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Ֆրանսիական Հանրապետության Սենատի անդամ, Ալֆորվիլլի քաղաքապետ Լյուկ Կառվունասի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ Ազգայի նժողովի նախագահը բարձր է գնահատել ֆրանսիական խորհրդարանականների հետ կապերը, մասնավորապես «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի գործունեությունն՝ Արցախին սատարելու հարցում: «Մեզ համար ազատությունը մեր իրավունքներն ու անվտանգությունը պաշտպանելու միակ միջոցն է», – ընդգծել է Աշոտ Ղուլյանը:
Շնորհակալություն հայտնելով պատվիրակության անունից՝ սենատոր Լյուկ Կառվունասը նշել է, որ Ֆրանսիային եւ Լեռնային Ղարաբաղին միավորում է ազատության ու անկախության ձգտումը եւ համոզմունք հայտնել, որ իրենց կհաջողի ընդլայնել համագործակցության շրջանակները: «Մեզ է պատկանում Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, հետեւապես Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց իրավունքների պաշտպանության խնդիրը նաեւ մեր խնդիրն է», – ընդգծել է Լյուկ Կառվունասը:
Քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը, Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դերակատարությանը, խորհրդարանական դիվանագիտությանն առնչվող հարցեր:
Կարդացեք նաև
Հանդիպմանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահի տեղակալՎահրամ Բալայանը, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը, «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը:
Պատվիրակությանն Արցախում ուղեկցում է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը:
ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայություն