Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում սեպտեմբերի 20-ին տեղի է ունեցել պարգեւատրման հանդիսավոր արարողություն՝ ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի կապակցությամբ:
Նախագահ Սահակյանը շնորհավորել է բոլոր պարգեւատրվածներին՝ առանձնահատուկ նշելով մեր այն հայրենակիցների մասին, ովքեր մշտապես անգնահատելի աջակցություն են ցուցաբերում Արցախում սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման մեջ կարեւոր նշանակություն ունեցող խոշոր ծրագրերի իրականացմանը: «Հենց մեր այդ ընկերների գործուն մասնակցությամբ է մեզ հաջողվել վերափոխել տնտեսության մի շարք կարեւորագույն ոլորտներ, մասնավորապես, առողջապահությունը, կրթությունը, մշակույթը, արտադրական ենթակառուցվածքները եւ այլն: Դրանք նախագծեր են, որոնք պահանջում էին հսկայական նյութական եւ ֆինանսական միջոցներ: Եվ այն, ինչ այսօր ունենք այդ ոլորտներում, որոնք իրենց տեխնիկական հագեցվածությամբ եւ շենքային պայմաններով չեն զիջում նույնիսկ առաջատար երկրներին, դա նաեւ ձեր շնորհիվ է»,- ընդգծել է իր ելույթում Բակո Սահակյանը:
Նախագահը հատուկ մեծարել է նաեւ ԼՂՀ պետական պարգեւների արժանացած, Ռիո դե Ժանեյրոյում կայացած 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում գերազանց արդյունքներ ցուցաբերած մարզիկներին` նշելով, որ նրանք բարձր են պահել հայ ժողովրդի պատիվը եւ դրսեւորել զինվորին վայել հայրենասիրություն, անձնվիրություն, համառություն ու տոկունություն: «Բոլորս մեծ հուզմունքով էինք դիտում այն պահը, երբ օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը պարգեւատրման արարողության ժամանակ պատվո հարթակ բարձրացավ Արցախի հերոս, Ապրիլյան պատերազմում նահատակված Ռոբերտ Աբաջյանի լուսանկարը կրծքին: Դա հերոսական ու խորհրդանշական քայլ էր, որն ամբողջ աշխարհին մեկ անգամ եւս ցույց տվեց, որ հայ ժողովուրդը միակամ է ու միասնական, որ մեր պայքարը եւ հաղթանակներն ընդհանուր են: Մենք բոլորս հպարտանում ենք ձեզնով, ձեր հաջողություններով ու հաղթանակներով»,- նշել է իր ելույթում Բակո Սահակյանը:
Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
Կարդացեք նաև
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ