Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց «Երրորդմասցի Լյովիկի» եւ նրա երկու ընկերների սպանության գործով դատաքննությունը:
Այս գործով երկու կարեւոր վկա՝ Սեյրան Կարապետյանն ու Էդգար Պետրոսյանն այդպես էլ դատարան չներկայացան, դրա համար այսօր դատարանում ընթերցվեցին նրանց ցուցմունքները:
Սեյրան Կարապետյանն իր նախաքննական ցուցմունքում պատմել էր, որ մարտի չորսին գնացել է իրենց հավաքատեղի, այնուհետեւ Դրաստամատ Թադեւոսյանի հետ գնացել Լեւոն Ղազարյանի հետեւից: Ճանապարհին իրենց ինչ-որ մեքենա է հետեւել.
«Ես իջել եմ, նստել տաքսի ու հետեւել էդ մեքենային, ընթացքում սակայն կորցրել եմ էդ մեքենային, հետո գնացել եմ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, Դրոն էր նախապես ասել, որ գնամ: Հենց հասա, տեսա, որ Դրոյի մեքենայի մոտ մարդիկ են հավաքվել, իսկ Դրոն էլ վիրավոր ընկած էր: Տեսնելով, որ շնչում է՝ անմիջապես նրան նստեցրել եմ մեքենան ու տարել հիվանդանոց»:
Կարդացեք նաև
Էդգար Պետրոսյանն էլ, ըստ իր նախաքննական ցուցմունքի, Դրաստամատ Թադեւոսյանի ու Լեւոն Ղազարյանի հետ գնացել է մինչեւ քրեակատարողական հիմնարկ, որտեղ իրենց դիմավորել է Մեսրոպ Նազարյանցը. «Ավելի ուշ կրակոցներ լսվեցին, երեք դիմակավորված անձանց տեսա… Դրանից մի քանի ժամ անց մեզ կապկպեցին ու տարան ինչ որ տեղ, սակայն առանձին մեքենաներով: Այնուհետեւ մեզ տարան Մուրացանի հիվանդանոցի մոտ եւ հեռացան: Հետո նստել ենք տաքսի ու հեռացել այդ տարածքից»:
Հիշեցնենք, որ 2015թ. մարտի 4-ին ժամը 13:50-ի սահմաններում Վահան Հակոբյանը, Սարգիս Հախանումյանը եւ Սարգիս Գրիգորյանը («Ծգլ») նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու եւ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինի պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող թվով 3 ինքնաձիգերից կրակահերթ են արձակել Լեւոն Ղազարյանի, Դրաստամատ Թադեւոսյանի եւ Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ: Կրակոցների հետեւանքով ստացված հրազենային վնասվածքներից Մ.Նազարյանցը տեղում, իսկ Լ.Ղազարյանն ու Դ.Թադեւոսյանը «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել են:
Վկաների նախաքննական ցուցմունքների ընթերցումից հետո դատական նիստը հետաձգվեց, հաջորդը նշանակվեց սեպտեմբերի 23-ին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ