Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը քայլ է անում իրացնելու դեպի խոշոր շուկաներ կամուրջ դառնալու իր ներուժը

Սեպտեմբեր 20,2016 18:15

Սեպտեմբերի 20-ին ՛՛Made in Armenia՛՛ ցուցահանդեսի շրջանակում այսօր կայացել է «Հայաստանը, որպես կամուրջ դեպի մեծ շուկաներ» միջազգային համաժողովը, որի կազմակերպիչը Հայաստանի զարգացման հիմնադրամն է։ Համաժողովին մասնակցել են պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ Հայաստանից, ԵԱՏՄ անդամ մյուս երկրներից և Իրանից։

ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը ողջույնի խոսքում շեշտել է նմանատիպ համաժողովների կարևորությունը՝ նշելով, որ դրանք թույլ են տալիս երկխոսություն հաստատել տարբեր կողմերի միջև։ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովը երկար և մանրամասն աշխատանքով վերլուծել է Իրանի և միության անդամ երկրների միջև հարաբերությունները, այդ թվում՝ Հայաստանի հետ, ու դրա հիման վրա վարում է բանակցային գործընթաց տարբեր փուլերով։ Հեռանկարը ազատ առևտրի գոտի ստեղծելն է, որից կշահի թե՛ Իրանը, թե՛ ԵԱՏՄ-ն, թե՛ մենք, ինչով կխորացնենք նաև տարածաշրջանային ինտեգրումը»,-ասել է Վաչե Գաբրիելյանը։ Նրա խոսքով՝ այս գործընթացում Հայաստանի հիմնական առավելությունը Իրանի հետ սահման ունենալը և հաճախ ու երկարատև գործարար շփումներն են։

«Հայաստանը որպես հիմնական շուկաներ մուտք գործելու հարթակ»  խորագրով լիագումար նիստին մեր երկրի ներդրումային միջավայրի ու հնարավորությունների մասին զեկույց է ներկայացրել Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարէն Մկրտիչեանը։ «Թեև մեր երկիրը տարածքով փոքր է, բայց այն պատմականորեն կամուրջ է հանդիսացել այլ մշակույթների ու տարածքների միջև»,-նշել է նա՝ խոսելով նաև Հայաստանի ոչ այնքան թանկ աշխատուժի, դրա կրթական կարողությունների ու մրցունակության մասին։ Կարէն Մկրտիչեանն անդրադարձել է Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշերին, ազգային արժույթի և գնաճի կայունությանը։ Հիմնադրամի գործադիր տնօրենի խոսքով՝ Հայաստանում օտարերկրյա ներդրումները պաշտպանվում են օրենքով, երբեմն էլ օգնության կարող են հասնել մեր երկրի 41 միջազգային պայմանագրերը տարբեր պետությունների ու կազմակերպությունների հետ։

«Հայաստանը՝ որպես Եվրասիական տնտեսական միության անդամ երկիր, կարող է բարձրացնել Իրանի դերակատարությունն այդ միության անդամ երկրների շուկաներում»,- հայտարարել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին։ Նա նշել է, որ ներկայում իրանցի ներդրողներն ու գործարարներն ակտիվ այցեր են կազմակերպում Հայաստան, և ցանկալի է, որ հայ գործարարներն ու ներդրողները ևս նույն ակտիվությամբ այցելեն Իրան, որովհետև տնտեսական փոխգործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա: Դեսպանը նաև կարևորել է «Հյուսիս-հարավ» միջանցքի կառուցումը՝ նշելով, որ այն արժեքավոր է Իրան-Հայաստան տնտեսական համագործակցությունը զարգացնելու համար:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ, նախարար Վերոնիկա Նիկիշինան, խոսելով միության առևտրային քաղաքականության մասին, նկատել է, որ ներկայում Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ վարվող բանակցություններն ու խորհրդակցություններն ամենաինտենսիվն են ԵԱՏՄ պատմության մեջ։ «Առավել ազատական և արտոնյալ առևտրի ռեժիմի անցնելու շարժման մեջ կարևոր տեղ են զբաղեցնում մեր բանակցությունները Իրանի հետ։ Մենք երախտապարտ ենք մեր հայ գործընկերներին, ովքեր Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագիր ստեղծելու  ուղղությամբ առաջինը նախաձեռնությամբ հանդես եկան, ինչը շատ արագ սատարեցին մյուս անդամ պետությունները։ Խորհրդակցություններն ընթանում են ինտենսիվորեն, ինչն օբյեկտիվ տնտեսական իրականության արդյունք է, մենք փոխշահավետ հեռանկարներ ենք տեսնում»,-հայտարարել է ԵՏՀ նախարարը։

Համաժողովի թեմատիկ քննարկումների հատվածում ելույթով հանդես է եկել նաև Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, այլ պաշտոնյաներ, ներկայացվել են ներդրումային ծրագրեր տրանսպորտի, դեղագործության, գյուղատնտեսության ոլորտներից։

Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930