Լրահոս
Օրվա լրահոսը

Ստուգումների կրճատում, արդյունավետության բարձրացում

Սեպտեմբեր 20,2016 18:02

Պետական բյուջեի եկամուտների ապահովումը խոշոր բիզնեսի ուսերին է

«Այս տարի Պետական եկամուտների կոմիտեի որդեգրած քաղաքականությունը հարկային հսկողության առումով ցուցանիշների էական բարելավման է տարել»,-այս մասին լրատվամիջոցների հետ հանդիպմանը հայտնել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը:

Նա նշել է, որ կոմիտեն  հսկողությունը կենտրոնացնում է խոշոր բիզնեսի վրա՝ վերլուծական գործիքների կիրառման պարտադիր պայմանով: Դրա շնորհիվ ստուգումները լինում են պատճառաբանված և թիրախավորված: «Ռիսկային համարվող կազմակերպությունների ստուգման ցանկում ընդգրկված 1577 կազմակերպությունների 99%-ը ԱԱՀ վճարող է, և միայն 1%-ը կամ 15-17 կազմակերպություն, շրջանառության հարկ վճարող: Մենք նպատակ չունենք բյուջեի եկամուտները լրացնել շրջանառության հարկ վճարողի հաշվին. եկամուտի աղբյուրը ստվերային դաշտ մտնող խոշորն է»,-ներկայացրել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը:

Վերլուծական մեխանիզմների և թիրախային գործիքակազմի համակարգված կիրառման միջոցով ռիսկային հարկ վճարողներին տարանջատելով կոմիտեն աննկատ է դարձնում վարչարարությունը բիզնեսի համար: «Ստուգումները կրճատելուն զուգահեռ մենք թիրախային ենք դարձնում հսկողությունը՝ արձանագրելով հսկողական միջոցառումների արդյունավետության աճ: Մասնավորապես, այս տարվա 8 ամիսների ընթացքում 2015թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումները 16%-ով պակաս են իրականացվել, իսկ մասնակի ստուգումները՝ 35%-ով պակաս: 60%-ով կրճատվել են նաև ուսումնասիրությունների իրականացման դեպքերը: Փոխարենը աճել է մեկ գործողությամբ հայտնաբերված գումարի մեծությունը»,-նշել է Ա. Ալավերդյանը:

Նա կարևորել է նաև բիզնեսի հետ ծանուցումների եղանակով առնչվելու գործելաոճը, որը տնտեսվարողին թույլ է տալիս ինքնակամ ներկայացնել ճշգրտված հաշվարկներ և հաշվետվություններ. «2016թ. առաջին կիսամյակում կամերալ ուսումնասիրությունների արդյունքում 4300 արձանագրություն է կազմվել և հասցեագրվել տնտեսվարողներին, ովքեր արձագանքել են և կամավոր ներկայացրել ճշգրտված հաշվարկներ: Արդյունքում 2 մլրդ դրամ լրացուցիչ հարկ են վճարել, ինչը 2 անգամ ավելի է 2015թ. նույն ժամանակաշրջանի համեմատ»:

Ընդ որում, տնտեսվարողների զգալի մասը պատրաստակամորեն արձագանքում է ծանուցումներին: «436 ԱԱՀ վճարողներ 2340 ճշգրտված հաշվարկ են ներկայացրել, ինչի արդյունքում կրեդիտային շրջանառությունը, որից հարկ է առաջանում, ավելացել է 3 մլրդ 647 մլն դրամով, շահութահարկի մասով՝ 805 մլն դրամով: Բացի այդ 11 մլրդ 254 մլն դրամի չափով հարկային վնասն է պակասեցվել, և այս ամենը խոշոր բիզնեսի հետ աշխատանքի արդյունք է»,-նկատել է կոմիտեի նախագահի առաջին տեղակալը: Ա. Ալավերդյանը ուշադրությունը հրավիրել է նաև օպերատիվ հետախուզության վարչության կողմից իրականացվող ստուգումների քանակի նվազմանը. «Եթե 2015թ. տարվա 8 ամիսներին անցկացվել է 219 ստուգում, ապա այս տարվա 8 ամիսներին 2 անգամ պակաս: Փոխարենը վարչության ուժերը կենտրոնացվել են կանխարգելիչ միջոցառումների վրա, ինչպիսին է, օրինակ, փաստաթղթավորումը»:

Անդրադառնալով ՀՀ վարչապետի հանձնարարականին՝ Արմեն Ալավերդյանը վստահեցրել է, որ կոմիտեն առավել խիստ հսկողություն է իրականացնելու խոշոր բիզնեսի նկատմամբ՝ չանհանգստացնելով իրական ՓՄՁ-ներին: Նա ընդգծել է, որ բյուջեի եկամուտների ապահովման գործում ՓՄՁ-ների դերակատարումը փոքր է, հետևաբար նրանք չեն կարող լինել վարչարարության թիրախում և զգալ կոմիտեի կողմից գործունեությանը անհարկի միջամտություն: Միևնույն ժամանակ Ա. Ալավերդյանն ուշադրություն է հրավիրել խոշոր բիզնեսի կոմից ՓՄՁ-ների անվան տակ քողարկվելու երևույթի վրա. «Հարկային օրենսդրության պահանջները անվերապահորեն գործում են բոլորի համար միատեսակ. չկան անձեռնմխելի տնտեսվարողներ: Մենք պարբերաբար հնչեցնելու ենք քիչ հարկ վճարելու միտումով տարբեր հնարքների դիմած ընկերությունների անունները, որոնց մեջ կան նաև հանրությանը լավ հայտնի կազմակերպություններ»:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930